HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հարսը արդարության հասնելու վերջին փորձն է կատարում

«Հետքը» գրել է Վերոնիկա Ալեքսանյանի եւ նրա սկեսուր Հասմիկ Չուխաջյանի դատական վեճի մասին: Հիշեցնենք, որ երիտասարդ հարսը սկեսրոջից պահանջում է ամուսնու մահից հետո իրենց մանկահասակ տղային հասանելիք ժառանգության մասը: Ալեքսանյանը պահանջում է նաեւ վերադարձնել այն ամբողջ գույքը, որը ժառանգության առարկա չի ճանաչվել, սակայն ամուսնու մահից հետո սկեսրոջ տիրապետության տակ է հայտնվել:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արայիկ Մելքումյան) ամբողջությամբ մերժել էր Վերոնիկայի հայցը, վերաքննիչ դատարանն էլ (նախագահող դատավոր՝ Կարինե Հակոբյան) ուժի մեջ էր թողել վճիռը: Ալեքսանյանի փաստաբան Նազելի Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, սակայն առանձնապես հույսեր չունի ու կարծում է, որ հայցը վարույթ չի ընդունվի: Այդուհանդերձ, Վարդանյանը վճռական է տրամադրված ու ասում է, որ գնալու է մինչեւ վերջ, քանի որ նման աբսուրդ իր երկարատեւ իրավաբանական պրակտիկայի ընթացքում չի տեսել:

Հարցն այն է, որ բացի մեծածավալ զավեշտալի գործողություններից ու որոշումներից, որոնք տեղ են գտել Կենտրոնի դատավոր Արայիկ Մելքումյանի իրականացրած դատավարության մեջ եւ կայացրած վճռում, այժմ չաշխատող Վերոնիկան եւ նրա 5-ամյա տղան՝ Հրաչը, պիտի ավելի քան 6.000 դոլար պետտուրք մուծեն, որովհետեւ Մելքումյանը նրանց չի ազատել դրանից՝ համարելով, որ այդպիսի հիմքեր չկան: Մելքումյանն անհիմն էր համարել հայցվորի փաստարկները առ այն, որ ինքը չի աշխատում, երեխան էլ առողջական խնդիրների պատճառով մշտական խնամքի կարիք ունի: Սակայն վերաքննիչ ատյանն ազատել էր Վերոնիկային պետտուրքից, ինչն, այդուհանդերձ, չի տարածվում առաջին ատյանի վճռի վրա: Փաստաբան Վարդանյանը խնդրի լուծումը տեսնում է ՀՀ սահմաններից դուրս՝ Եվրադատարանում:

Հիշեցնենք նաեւ, որ Վերոնիկային եւ նրա մահացած ամուսնուն՝ Լեւոնին, պատկանող առանձնատան մասով առանձին դատավարություն է ընթանում Աջափնյակ եւ Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սկեսուր Չուխաջյանը պահանջել է դատարանից շինծու ճանաչել իր որդու եւ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ընկերության միջեւ կնքված պայմանագիրը, որով Լեւոնը ձեռք է բերել առանձնատունը: Ըստ հայցվորի՝ ինքն է եղել իրական գնորդը: Վերոնիկան ու նրա փաստաբանը համոզված են՝ այսպես Չուխաջյանն ուղղակի ուզում է տղայի ընտանիքին զրկել տնից:

Դատական նախորդ նիստը հետաձգվել է, քանի որ Չուխաջյանի փաստաբանները չեն ներկայացել դատարան: Ն. Վարդանյանն ասում է, որ այսպես նրանք չարաշահում են իրենց դատավարական իրավունքն ու միտումնավոր հետաձգում նիստի կայացումը: Հայցվոր կողմը թերեւս սպասում է, որ Վճռաբեկը հետ վերադարձնի Ալեքսանյանի բողոքը տղայի ժառանգության վերաբերյալ: Սակայն իրականում Վճռաբեկի որոշումը ոչ մի կապ ունենալ չի կարող տան վերաբերյալ գործընթացի հետ, որովհետեւ սրանք միանգամայն տարբեր դատավարություններ են՝ վիճարկման տարբեր առարկաների շուրջ:    

Լուսանկարում՝ Հասմիկ Չուխաջյանը (սկեսուրը) եւ Վերոնիկա Ալեքսանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter