Հայաստանի վիճակագրությունը Ազգերի լիգայի խաղարկության գալիք մրցակիցների դեմ
Հայաստանի հավաքականը փետրվարի 12-ին իմացավ իր մրցակիցներին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության շրջանակներում:
Այսպիսով՝ C լիգայում ընդգրկված մեր թիմը այս տարի կմրցի Մոնտենեգրոյի, Կիպրոսի եւ Լատվիա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: Մոնտենեգրոն C լիգա է տեղափոխվել 2024-2025 թթ. խաղարկությունում ձախողվելուց՝ B լիգայի իր խմբում վերջին տեղը զբաղեցնելուց հետո: Մեր ընտրանին ու Կիպրոսը նախորդ խաղարկությունում եւս հանդես էին գալիս C լիգայում, իսկ չորրորդ թիմը կլինի կա՛մ Լատվիան, կա՛մ Ջիբրալթարը: Լատվիան նախորդ խաղարկությունում ընդգրկված էր Հայաստանի հետ նույն խմբում եւ վերջին՝ 4-րդ տեղը զբաղեցրեց, սակայն ոչ թե անմիջապես նահանջեց D լիգա, այլ իրավունք ստացավ անցումային խաղեր (փլեյ-օֆ) անցկացնել D լիգայի խմբերից մեկում 2-րդ տեղը զբաղեցրած Ջիբրալթարի հետ: Այս թիմերը 2 խաղ են անցկացնելու այս տարվա մարտին: Հաղթողը կընդգրկվի մեր խմբում, իսկ պարտվողը հանդես կգա D լիգայում:
Նկատենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 210 թիմերի մեջ Հայաստանը 105-րդն է, Մոնտենեգրոն՝ 82-րդը, Կիպրոսը՝ 128-րդը, Լատվիան՝ 139-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 202-րդը:
Վերը նշված բոլոր թիմերի հետ նախկինում մեր ազգային ընտրանին խաղացել է:
Մոնտենեգրոյին առաջին անգամ հանդիպել ենք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2016-ի նոյեմբերի 11-ին Երեւանում կայացած դրամատիկ խաղում մեր թիմն առաջին խաղակեսից հետո զիջում էր 0-2 հաշվով, սակայն Արտակ Գրիգորյանի, Վարազդատ Հարոյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերը 3-2 հաշվով հաղթանակ պարգեւեցին հավաքականին: Պատասխան հանդիպումը կայացավ 2017-ի հունիսի 10-ին Պոդգորիցայում: Այն բավական անհաջող էր մերոնց համար, որոնք պարտվեցին 1-4 հաշվով: Խաղավերջում Հայաստանի միակ գոլը խփեց Ռուսլան Կորյանը:
2022-ի մարտի 24-ին Երեւանում կայացած ընկերական խաղում Հայաստանի ընտրանին Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով: Մի ընկերական հանդիպում էլ տեղի ունեցավ 2025-ի հունիսի 9-ին Պոդգորիցայում: Գրանցվեց 2-2: Մերոնցից դուբլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը:
Այսպիսով՝ Հայաստանն ու Մոնտենեգրոն հանդիպել են 4 անգամ, 2 անգամ հաղթել է մեր թիմը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, մեկ անգամ էլ առավելության են հասել բալկանցիները: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 7-8՝ ի վնաս մեզ:
Կիպրոսի հետ դիմակայությունը ավելի հին արմատներ ունի: Այս թիմին առաջին անգամ հանդիպել ենք «Եվրո-1996»-ի ընտրական փուլում: 1994-ի հոկտեմբերի 8-ին Երեւանում գրանցվել է 0-0, իսկ նույն տարվա նոյեմբերի 16-ին Լիմասոլում դաշտի տերերը հաղթել են 2-0 հաշվով: 2000 թ. փետրվարի 4-ին Կիպրոսի ընկերական մրցաշարում Լիմասոլում դաշտի տերերը միայն ավելացված ժամանակում են կարողացել խփել վճռորոշ գոլն ու հաղթել 3-2 հաշվով: Ընդհանրապես, այս մրցաշարը միշտ էլ աչքի է ընկել սեփական հավաքականի օգտին կիպրացի մրցավարների կասկածելի որոշումներով (տարօրինակ է, բայց մրցաշարում Կիպրոսի խաղերը եւս նրանք են սպասարկել): 2006-ի մարտի 1-ին կրկին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Լիմասոլում մերոնք 0-2 հաշվով պարտվել են կղզեբնակներին: 2007-ի սեպտեմբերի 8-ին Կիպրոսում կայացած հերթական ընկերական խաղն ավարտվել է դաշտի տերերի 3-1 հաշվով հաղթանակով (այս խաղի մրցավարը եւս կիպրացի էր): Մերոնցից միակ գոլը խփել է Ռոբերտ Արզումանյանը: Մի ընկերական խաղ էլ կայացել է 2017-ի նոյեմբերի 13-ին Երեւանում եւ ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 3-2: Աչքի են ընկել Հայկ Իշխանյանը, Վարազդատ Հարոյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Մինչ այս վերջին հանդիպումը, որը եւս ընկերական էր, կայացել է 2023 թ. մարտի 28-ին Երեւանում: Գրանցվել է 2-2: Մերոնցից դուբլի հեղինակ է դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը:
Այսպիսով՝ հայ-կիպրական ֆուտբոլային դիմակայությունում մինչ այս կայացել է 7 հանդիպում: Մերոնք հաղթել են 1 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի, 4 անգամ էլ հաղթել են կղզեբնակները: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը՝ 8-14՝ ի վնաս մեզ:
Ինչպես ասվեց, մեր երրորդ մրցակիցը կարող է լինել Լատվիան կամ Ջիբրալթարը:
Լատվիային մինչ այս հանդիպել ենք 6 անգամ: Առաջին երկու խաղերը եղել են ընկերական: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ 2023 թ. հունիսի 19-ին «Եվրո-2024»-ի ընտրական փուլի շրջանակներում մերոնք Երեւանում 2-1 հաշվով հաղթեցին Լատվիային: Գոլերի հեղինակ դարձան Նաիր Թիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը: Պատասխան խաղը կայացավ նույն տարվա հոկտեմբերի 12-ին Ռիգայում, որտեղ դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով: Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության ժամանակ էլ՝ 2024-ի սեպտեմբերի 7-ին, մերոնք Երեւանում հաղթեցին 4-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը, Էդուարդ Սպերցյանը, հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կասպարս Դուբրան: Ընդ որում՝ մերոնցից էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը: Վերջին խաղը կայացել է 2024-ի նոյեմբերի 17-ին Ռիգայում եւ ավարտվել մերոնց հաղթանակով՝ 2-1: Աչքի են ընկել Էդուարդ Սպերցյանն ու Արթուր Միրանյանը:
Այսպիսով՝ 6 խաղերից 3-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 1 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 2 անգամ էլ հաղթել են լատվիացիները: Խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-7՝ հօգուտ մեզ:
Ջիբրալթարին հանդիպել ենք 2 անգամ Ազգերի լիգայի 2018-2019 թթ. խաղարկությունում: 2018-ի հոկտեմբերի 13-ին Երեւանում մերոնք սենսացիոն պարտություն կրեցին գաճաճ երկրի ընտրանուց 0-1 հաշվով: Նույն տարվա նոյեմբերի 16-ին Ջիբրալթարում կայացած պատասխան խաղում Հայաստանի ընտրանին հաղթեց 6-2: Պոկերի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արթուր Քարտաշյանն ու Ալեքսանդր Կարապետյանը:
Հայաստան-Ջիբրալթար դիմակայունությունում հավասար պատկեր է մեկական հաղթանակով, սակայն գոլերի տարբերությունը մերոնց օգտին է՝ 6-3:
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումները կկայանան այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Խաղերի ժամանակացույցը կհստակեցվի ավելի ուշ:
Ակնկալվում է, որ գալիք խաղարկությունը, ինչպես եղել է նախորդների դեպքում, ընտրական փուլի դեր կխաղա «Եվրո-2028»-ի համար, սակայն մանրամասները դեռ պարզ չեն:
Հիշեցնենք, որ մինչեւ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը՝ այս տարվա մարտի 26-ին, մեր ընտրանին Աբու Դաբիում ընկերական խաղում կմրցի ԱՄԷ-ի հետ, իսկ մարտի 29-ին Երեւանում կընդունի Բելառուսին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել