HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը Բաքվի դատարանը հրապարակել է քիչ առաջ։  Հիշեցնենք՝ մեղադրող դատախազը միջնորդել էր Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։

Նրա և հայ մյուս գերիների դատերը լուսաբանվում էին բացառապես ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատավարության մանրամասները, հայերին վերագրվող հայտարարությունները:

Ռուբեն Վարդանյանը իր գործով վերջին դատական նիստից հետո ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով փոխանցել էր դատարանում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային՝ Ռուբեն Վարդանյանը խոսել էր արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։

Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել էր Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմաքաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում էր առանձին վարույթով։ Նրան առաջադրված էր 42 մեղադրանք: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում էր բաց, հրապարակային դատաքննություն։

Փետրվարի 5-ին էլ Բաքվի դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների դատավճիռները, ըստ այդմ՝ նրանք դատապարտվեցին ցմահ և 20 տարվա ազատազրկման։

Գլխավոր լուսանկարը՝ ադրբեջանական APA լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter