HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ն՝ ընդդեմ նախկին աշխատողների. պաշտպանական կողմը դատավորին բացարկ է հայտնելու

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2025 թ. մայիսի 5-ին դատական հայց է ներկայացրել իր նախկին 8 աշխատողների դեմ, որոնք մասնակցել են նախորդ տարվա հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը տեղի ունեցած գործադուլին։ ԶՊՄԿ-ն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին խնդրել է պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 4․758․480․000 դրամ՝ իբրեւ նրանց գործողությունների հետեւանքով (ԶՊՄԿ-ն տեղի ունեցածը գործադուլ չի համարում) իրեն պատճառված վնաս։ Բացի այս մեծ գումարից՝ հանքարդյունաբերողը դատարանին խնդրել է պատասխանողներից բռնագանձել 25 մլն դրամ՝ որպես նախապես վճարված պետտուրքի գումար, ինչպես նաեւ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 2,5 մլն դրամ։

Այս հայցը ԶՊՄԿ-ն ներկայացրել է այն ժամանակ, երբ վերը նշված 8 աշխատողները դիմել են դատարան՝ պահանջելով իրենց վերականգնել աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց: Ինչպես արդեն գրել ենք, դատարանը մասնակի է բավարարել նրանց հայցերը՝ աշխատանքում չի վերականգնել, սակայն ԶՊՄԿ-ին պարտավորեցրել է վճարել պարապուրդի փոխհատուցումները:  

Կոմբինատը հայցը մակագրվել էր դատավոր Գուրգեն Քոթանջյանին։

ԶՊՄԿ-ի նախկին աշխատողների շահերը ներկայացնող փաստաբան Հրայր Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ գրեթե հասել էին այն փուլին, որ նախնական դատալսումներն ավարտվել էին, դատավորի կողմից հստակեցվել էին փաստերը, որոնք տվյալ գործի շրջանակում կարող են քննարկման առարկա դառնալ, երկու կողմերի միջեւ բաշխվել էր ապացուցման պարտականությունը, եւ որոշակի ժամկետում նախատեսված էր ներկայացնել կողմերի ապացույցերն ու միջնորդությունները։

«Կարելի է ասել, որ վերջին օրը ներկայացրել ենք մեր ձեռքի տակ եղած ապացույցներն ու բոլոր միջնորդությունները՝ այն տրամաբանությամբ, որ շուտ չներկայացնենք, որպեսզի ԶՊՄԿ-ն չտեսնի, թե ինչ ապացույցների վրա ենք հիմնվում, ինչպես ենք կառուցում մեր պաշտպանական մարտավարությունը,- նշում է Հ. Խաչատրյանն ու ընդգծում,- հիմնական տրամաբանությունն այն էր, որ ասում էինք՝ այդ 8 հոգին որեւէ աշխատող չունեին իրենց ենթակայության տակ։ ԶՊՄԿ-ն 4600 աշխատող ունի, որոնցից գործադուլ են արել եւ գործադուլի պահանջները քվեարկության ընթացքում վերահաստատել են 2448 հոգի։ Մնացած 2200 հոգին, որոնցից մոտ 200-ը ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք են, հնարավորություն են ունեցել ԶՊՄԿ-ի գործունեությունը չդադարեցնել, անգամ դադարեցնելու դեպքում օր կամ ժամ առաջ վերսկսել, բայց չեն սկսել։ Մենք ասում էինք՝ բոլորին վկա բերեք, պաշտոնի վկայագրերը, աշխատանքային պայմանագրերը դատարան բերեք ու համոզվեք, որ 8 հոգին չեն կարող դերակատարում ունենալ, էլ ուր մնաց՝ վնաս պատճառեն»։

Փաստաբանը նկատում է, թե ակնկալում էին, որ դատավոր Քոթանջյանը կարող է գործն ավարտին հասցնել, բայց նա տեղափոխվել է Երեւան, եւ գործը վերամակագրվել է Անահիտ Թումանյանին։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բացարկ հայտնել այս դատավորին։ Պատճառն այն է, որ ԶՊՄԿ-ին դատի տված 8 աշխատողներից Շավարշ Մարգարյանի ու Վահե Մխիթարյանի հայցերով, որոնք նույնպես քննել է Թումանյանը եւ բավարարել մասնակի, իրենք կասկած են հայտնել անաչառության, վճռի ճիշտ հիմնավորվածության եւ պատճառաբանության տեսակետից ու երկու վճիռներն էլ բողոքարկել են վերաքննիչ ատյան: Բացի դրանից՝ դատավոր Թումանյանը, ըստ փաստաբան Խաչատրյանի, ԶՊՄԿ-ի հայցով քննությունն սկսելու է սկզբից, ոչ թե կիսատ թողած կետից, ինչը, «Հետքի» զրուցակցի դիտարկմամբ, սրում է իր եւ վստահորդների կասկածները։ Պարզաբանում է, որ եթե կիսատ թողած կետից վերսկսեր, ապա հայցվորը՝ ԶՊՄԿ-ն, հնարավորություն չէր ունենա նոր ապացույցներ, միջնորդություններ ու մարտավարություն կիրառել։

Մարտի 6-ի նիստում պաշտպանական կողմը դատավոր Անահիտ Թումանյանին բացարկ է հայտնելու։

ՀԳ․ ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլի ընթացքում՝ 2025 թ. փետրվարի 6-ին, Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 460-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնիրավչություն): Այս վարույթին կանդրադառնանք հաջորդիվ։

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter