HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Արշակ սրբազանին թիրախավորող տեսանյութերը կեղծ են». փաստաբանը ներկայացրել է միջազգային փորձաքննությունների արդյունքները

Փաստաբան Արսեն Բաբայանն այսօր՝ փետրվարի 20-ին, մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ իր նախաձեռնությամբ պատվիրված միջազգային փորձաքննությունների արդյունքները։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին համացանցում տարածվել էին ինտիմ բնույթի մի քանի տեսանյութներ, որոնց աղբյուրները նշում էին, թե կադրում երևում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա քեռակինը։

Տեսանյութերը, ըստ դրանց տարածող աղբյուրների, նկարված էին տանը տեղադրված գաղտնի տեսախցիկով։ Դրանցից երկուսը, ըստ երևույթին, նկարված էին հյուրասենյակում, իսկ մեկը՝ լոգարանում տեղադրված տեսախցիկներով։

Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում նշանակել էր փորձաքննություն, որով հաստատվել էր, որ տեսանյութում պատկերված անձը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

Փաստաբան Արսեն Բաբայանն ասուլիսի ընթացքում իր բացասական վերաբերմունքը հայտնեց Քննչական կոմիտեի նշանակած փորձաքննության վերաբերյալ։ Արսեն Բաբայանի խոսքով՝ արհեստական բանականությամբ մեր օրերում ցանկացած տեսանյութ կարելի է ստանալ մարդու դեմքով, և գլխավոր հարցը պետք է լիներ ոչ թե տեսագրությունում այդ մարդն է, թե՞ ոչ, այլ այդ տեսանյութը իրակա՞ն է, թե՞ ոչ։ 

Նա փորձաքննությունների պատասխաններ է ստացել Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Սերբիայից։ Փաստաբանի խոսքով՝ բոլոր փորձագետները իրենց երկրներում պետության կողմից լիցենզավորված դատական փորձագետներ են։ Փաստաբանը նախևառաջ տվել է հարց, թե արդյոք տեսաձայնագրությունում առկա պատկերներում տեսաձայնային իրադարձությունները գոյություն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։ 

Չեռնոգորիայից ստացված պատասխանում նշվել է՝ տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ածանցյալներ են և չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ. «Ներկայացված տեսագրությունում ցուցադրված տեսաձայնագրային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն»։ 

Ռուսաստանից ստացված պատասխանում նշվել է, որ գոյություն ունեն ծանրակշիռ գիտական հիմքեր՝ պնդելու, որ տեսաձայնագրությունում ներկայացված պատկերները և տեսաձայնային իրադարձությունները տեղի չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում այն տեսքով, ինչպես ներկայացված են։ 

Սերբիայի փորձաքննության պատասխանում ևս նշվել է, որ տեսագրությունում ներկայացված պատկերները գոյություն չեն ունեցել օբյեկտիվ իրականությունում։ «Քանի որ տեսագրություններն իրական չեն, այսինքն՝ չեն նկարահանվել տեսախցիկով, առկա է հիմնավոր պնդում, որ դրանք փոփոխվել կամ արհեստականորեն ստեղծվել են համակարգչային ծրագրային ապահովմամբ, ներառյալ՝ արհեստական բանականության կիրառմամբ աշխատող ծրագրերով»,- նշվել է եզրակացությունում։

Հաջորդ հարցին, թե արդյոք տեսաձայնագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով, Չեռնոգորիայից պատասխանել են. «Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ մասնագիտացված ծրագրերով»։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ և խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին կամ ԱԲ-ով աջակցված վերակառուցման փոփոխության։

Ռուսաստանի փորձագետը պատասխանել է. «Այո, տեսագրությունը պարունակում է նշանների համակցություն, որը վկայում է արհեստական բանականության տեխնոլոգիաների և հատուկ ծրագրային ապահովման կիրառման ստեղծման մասին»։

Սերբիայից հայտնում են, որ նյութը ստեղծել կամ փոփոխել են մասնագիտացված ծրագրով՝ ներառյալ արհեստական բանականության վրա հիմնված գործիքներով։ 

Հարցին, թե արդյոք ձայնագրությունը և խոսքային բովանդակությունը չեն փոխվել, Չեռնոգորիայի փորձագետը պատասխանել է, որ ձայնային հոսքը սինխրոնացված չէ տեսագրությանը և դրսևորում է հետարտադրական, ժամանակային մանիպուլյացիայի նշաններ։ «Ձայնը վերաժամանակավորվել, վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ»,- նշվել է փորձաքննությունում։

Ռուսաստանի փորձաքննության պատասխանում նշվել է, որ տեսագրությունում ձայնային հոսքը ենթարկվել է էական վերամշակման կամ ամբողջական սինթեզի։

Սերբիայի փորձագետը նշել է, որ տեսանյությում առկա են շուրջ 5 կադր շեղումներ, որտեղ ձայնային ազդանշանը նախորդում է պատկերին։ «Սա թույլ է տալիս հիմնավորված պնդում անել, որ ձայնային բովանդակությունը փոփոխվել է։ Տվյալների համակցված վերլուծությունը բավարար հիմք է տալիս պնդելու, որ ձայնագրութունները նախկինում ենթարկվել են վերամշակման, վերաձայնագրման կամ փոփոխության»,- նշվել է փորձագիտական եզրակացությունում։ 

Հաջորդ հարցին, թե արդյոք ձայնային միջավայրը, պայմանները կամ տեսաձայնագրման միջոցները չեն փոխվել, Չեռնոգորիայից պատասխանել են. «Ձայնային հոսքը և ներկայացված իրական գրանցման շղթան ենթարկվել են փոփոխության»։ Իսկ ռուս փորձագետը նշել է, որ ձայնային միջավայրը և տեխնիկական միջոցները չեն համապատասխանում հայտարարված բնօրինակ հեռախոսային նկարահանմանը։ Սերբիայի փորձագետը վերահաստատել է իր նախորդ հարցին տված պատասխանը։

Փաստաբանի հինգերորդ հարցը այն մասին է եղել, թե արդյոք ձայնագրությունը մոնտաժի հետքեր պարունակում է, Չեռնոգորիայի փորձագետը պատասխանել է. «Ներկայացված նյութը պարունակում է խմբագրման և ծրագրային հետարտադրական մշակման բազմաթիվ հետքեր՝ մոնտաժ, վերարտահանում»։ Ռուս փորձագետը ևս հաստատել է մոնտաժի հետքերի առկայությունը։ Ըստ սերբիացի փորձագետի՝ ամբողջ ֆայլը հանդիսանում է վերակոդավորման արդյունք։

Հաջորդ հարցն այն մասին է եղել, թե արդյոք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց։ Չեռնոգորիայի, Սերբիայի և Ռուսաստանի փորձաքննությունների պատասխաններում նշվել է, որ ներկայացված տեսագրությունից հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ։

Եվ վերջին հարցին, թե արդյոք միջավայրի և տեսանելի օբյեկտների երկրաչափական չափերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նկարահանումը կատարվել է նախապես կառուցված հատուկ ստուդիայում կամ դեկորացիոն տարածքում, պատասխանել են, որ այդ վարկածը չի կարող հաստատվել կամ բացառվել զուտ երկրաչափական հիմքով։

Այս հարցի վերաբերյալ ռուս փորձագետը պատասխանել է. «Այո, վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրի մասին, այսինքն՝ ԱԲ-ով կամ այլ ծրագրերով ստեղծված միջավայրի մասին»։

Ռուսաստանի փորձաքննության վերջնական եզրակացությունում նշվել է, որ տեսաձայնագրությունը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ և հետո ենթարկվել է մշակման՝ ցածրորակ փաստագրական նկարահանման տեսք տալու նպատակով։

Իսկ Սերբիայի փորձագետը հայտնել է, որ տեսագրությունների տեխնիկական բնութագրերը նվազեցնում են ճշգրիտ երկրաչափական վերլուծություն իրականացնելու հնարավորությունը։

Փորձաքննությունների արդյունքները ներկայացնելուց հետո Արսեն Բաբայանը նշեց, որ քննվող քրեական վարույթը նախաձեռնվել է՝ պարզելու, թե ով կամ ովքեր են խախտել Արշակ սրբազանի անձնական և ընտանեկան գաղտնիքի արգելքը՝ տարածելով այդ տեսանյութերը, մինչդեռ իրենք չեն ընդունում, որ խախտվել է Արշակ սրբազանի անձնական, ընտանեկան գաղտնիքը, որովհետև այդ իրադարձությունները չեն եղել, այդ տեսագրությունները կեղծ են։ Բաբայանը պնդում է՝ քննություն պետք է իրականացվի տեսանյութերի իսկությունը պարզելու, Արշակ սրբազանի բարի համբավը արատավորելու ուղղությամբ, ինչը չի անում քննչական մարմինը։

Արսեն Բաբայանը հայտնեց նաև, որ այս փորձաքննությունների եզրակացությունները քրեական գործով որպես ապացույց ներկայացնելու նպատակ չունի և չի ունեցել, քանի որ Արշակ սրբազանը ունի վկայի կարգավիճակ, ոչ թե տուժողի։

Իսկ ինչո՞ւ տուժողի կարգավիճակ չունի։ Փաստաբանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինն առաջարկել էր տուժողի կարգավիճակ տալ Արշակ սրբազանին, ինչից հրաժարվել են՝ հաշվի առնելով, որ գործը քննվում է Արշակ սրբազանի անձնական և ընտանեկան գաղտնիքի խախտման շրջանակներում, ինչը, ինչպես արդեն նշեց փաստաբանը, չեն ընդունում։

Փաստաբանը հայտնեց, որ ևս երկու երկրից սպասում է փորձաքննության արդյունքներին, թե որ երկրներից, Արսեն Բաբայանը չնշեց։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter