HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար

2024-2025 թվականներին Երևանի վճարովի ավտոկայանատեղիները՝ «կարմիր գծերը», քաղաքային բյուջեն հարստացրել են ավելի քան 3.8 մլրդ դրամով։ 2022-2023 թթ․ համեմատ այս գումարը ավելի քան կրկնակի շատ է։

2024 թվականի հունվարի 1-ից Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում կայանման վճարները թանկացան։ Քաղաքը բաժանվեց «Ա» և «Բ» գոտիների։ Կենտրոնի «Ա» գոտում կարմիր գծերով առանձնացված կայանատեղիների տարեկան վճարը 12 հազարից դարձավ 160 հազար դրամ, իսկ Արաբկիրի «Բ» գոտին կապույտով գծանշվեց՝ 24 հազար տարեկան վճարով։

Քաղաքային իշխանությունը դրույքաչափերի այս փոփոխությունը հիմնավորեց մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրով։ Այս հիմնավորումը, սակայն, համոզիչ չթվաց ո՛չ Երևանի բնակիչներին, ո՛չ էլ Վարչական դատարանին։ Թեև դատարանը երկու գործով նշված դրույթներն անվավեր է ճանաչել, սակայն որոշումներն օրինական ուժի մեջ չեն մտել, քանի որ Երևանի ավագանին բողոքարկել է։ 2026-ի համար ևս դրույքաչափերը չեն փոփոխվել, վարորդները շարունակում են կայանման համար բարձր գին վճարել:

2024 թվականին ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարված ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 18 միլիոն 640 հազար դրամ, որի 37%-ը՝ 752.8 միլիոն դրամը, վճարվել է տարեկան կայանման համար։ Ավելի պարզ ասած՝ 3711 վարորդ 160 հազար դրամ վճարել է «Ա» գոտում 1 տարի կայանելու համար, 6627 վարորդ՝ 24 հազար դրամ Արաբկիրի «Բ» գոտու համար։ 

2025-ին այս գումարը 10.8%-ով պակասեց՝ հանրագումարում կազմելով 1 միլիարդ 801 միլիոն 230 հազար դրամ։ Նախորդ տարի 2699 վարորդ միանվագ 160 հազար դրամ է վճարել, 3022-ը՝ 24 հազար։

Կարմիր գծեր 1.jpg (262 KB)

Թեև վերջին երկու տարիներին կարմիր գծերից հավաքագրված գումարը նկատելիորեն ավել է հին դրույքաչափերով հաշվարկված գումարից, մի բան ևս ակնհայտ է․ ավելի քիչ վարորդներ են տարեկան կայանման համար վճարում։ Եթե 2024-ից առաջ 40-45 հազար վարորդ նախընտրում էր 12 հազար դրամ վճարել ու ամբողջ տարվա ընթացքում կայանել կարմիր գծերում, 2024-ին վճարման այս տարբերակը շուրջ 10 հազար վարորդի համար էր հարմար։ 2025-ին ևս այս թիվը կրճատվեց՝ շուրջ 5700 վճարում տարեկան կայանման համար։ 

Կարմիր գծեր 2.jpg (304 KB)

Երբ Երևանի ավագանին 2023-ի վերջին քննարկում էր կարմիր գծերի դրույքաչափերի փոփոխության հարցը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ ինքն է այս որոշման պատասխանատուն ու թանկացման մեղավորը։

«Սիրելի՛ երևանցիներ, դուք կարող է էս հարցով ինձ հետ համաձայն չլինեք: Էս որոշման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է անձամբ ինձ վրա, էս թանկացման համար մեղավորն էլ ես եմ»,- ասել էր Ավինյանը։

Կարմիր գծերի վճարների թանկացման այս որոշումը դատարան հասցրեց անգամ որոշման պատասխանատու քաղաքապետի հորը՝ Արմեն Ավինյանին՝ «Օպելի» վարորդների մասին իր հայտնի արտահայտության համար։ 

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկում է Երևան համայնքում տեղական վճարների 2024 և 2025  թվականների դրույքաչափերը սահմանելու մասին  ավագանու որոշման՝ վճարովի ավտոկայանատեղիների թանկացմանը վերաբերող դրույթները: 

Վարչական դատարանը 2024 թ. դրույքաչափերին վերաբերող դրույթն անվավեր է ճանաչել, քանի որ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիներում կայանելու համար տեղական վճարի չափն օրենքի ուժով չի կարող գերազանցել մատուցած ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափը: Իսկ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն ընդհանրապես չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով, կամ որ նույնն է՝ դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:

Քաղաքապետարանը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը: Վերաքննիչ վարչական դատարանը դեռևս 2025 թ. սեպտեմբերի 1-ին վարույթ է ընդունել բողոքը ու կարծես «մոռացել» դրա մասին: Մինչ օրս որոշում հրապարակված չէ:

Գրեթե նույն հիմնավորմամբ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել նաև 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին ավագանու որոշման համապատասխան դրույթները: Քաղաքապետարանը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն վերադաս ատյանն անփոփոխ է թողել որոշումը: Երևանի քաղաքապետարանը 2026թ. հունվարի 13-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի վերաբերյալ դեռ որոշում կայացված չէ:

Դատարանի որոշումների օրինական ուժ ստանալուց հետո վարորդները հնարավորություն կունենան հետ ստանալ վճարած գումարները, ինչը ևս ծանր բեռ կարող է լինել քաղաքային բյուջեի վրա: 

Քաղաքապետարանն ինչո՞ւ է խուսափում պարտված գործերի ու դատական ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելուց

Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու կամ առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելու հիմքով կայացվել են վարչական տույժ նշանակվելու մասին որոշումներ: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝  2024թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանի դեմ շուրջ 580 հայց է ներկայացվել Վարչական դատարան:

580 գործերի մի մասն ավարտվել է, որոշ գործեր ընթացքի մեջ են: Սակայն, Երևանի քաղաքապետարանը խուսափում է տեղեկություններ տրամադրելուց, թե Վարչական դատարանում գտնվող գործերից քանիսն են լուծվել ի վնաս քաղաքապետարանի: Սա պատահական չէ․ պարտված գործերով Երևանի քաղաքապետարանի վրա է դրվում դատական ծախսերը վճարելու պարտականություն՝ պետական տուրքի ու փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները: 

Քաղաքապետարանը տեղեկատվություն չի տրամադրում նաև, թե պարտված գործերով դատարանը որքան ծախս է թողել Երևանի քաղաքապետարանին: Նշում են, թե բավարարված հայցերի ու կատարված դատական ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց է և արտացոլվում է դատական էլեկտրոնային համակարգերում:

«Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Երեւան համայնքի կատարում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով իր վրա դրված դատական ծախսը փոխհատուցելու վերաբերյալ դատավարական պարտավորությունները, սակայն դրանց քանակի վերաբերյալ լրացուցիչ հաշվառում առկա չէ»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում: 

Նշենք, որ էլեկտրոնային համակարգերում վերլուծություն չկա, հետևաբար այդ տեղեկությունը գտնելու համար գործնականում պետք է մեկ առ մեկ ուսումնասիրել 580 գործերը:

Լրացուցիչ հաշվառում չիրականացնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ քաղաքապետարանը չի կարող նման հաշվառում չվարել: Դատական ծախսերը վճարվում են համայնքային բյուջեից, հետևաբար առանց հաշվառելու հնարավոր չէ վճարումներ կատարել: Ենթադրվում է՝ տեղեկատվությունը չի հանրայնացվում, որպեսզի խուսափեն քննադատությունից, քանի որ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց օգտին կայացված վճիռները վկայում են քաղաքապետարանի ոչ ճիշտ վարչարարության մասին:

Մինչև դատարան դիմելը շահագրգիռ անձինք նախ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկում են վերադասության կարգով, որից հետո, եթե ցանկալի լուծում չեն ստանում, դիմում են դատարան: Եթե 580 հայց է ներկայացվել դատարան, նշանակում է, որ այդքան վարույթով վերադասության կարգով բողոքարկումից դժգոհ են մնացել:

Հատկանշական է, որ արտադատական բողոքարկման մեխանիզմը գործնականում արդյունավետ չէ, թեև այն կարող էր թոթափել դատարանների բեռը և խնդիրը լուծել տեղում։ Վերադասության կարգով բողոքարկումը հիմնականում ձևական վերահսկողություն է՝ որոշումը վերանայվում է նույն ինստիտուցիոնալ շրջանակում, որտեղ արդեն իսկ առկա է նախնական դիրքորոշում։ Արդյունքում քաղաքացիները ստիպված են դիմել դատարան՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։ 

Եթե դատարանն արձանագրում է, որ վարչական տույժը իրավաչափ չի եղել, դա նշանակում է, որ վարչական ակտի կայացման փուլում թույլ են տրվել իրավական կամ ապացուցողական սխալներ։ Ավելին՝ յուրաքանչյուր պարտված գործ համայնքային բյուջեի վրա դնում է լրացուցիչ ֆինանսական բեռ՝ պետական տուրքի և հայցվորի փաստաբանի խելամիտ վարձատրության վճարման տեսքով։ Այսպիսով, պարտված գործերի իրական թիվը ոչ միայն իրավական, այլ նաև ֆինանսական նշանակություն ունի։

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Բարև ձեզ, ես չեմ կսրողանում տեղեկատվություն ստանալ քաղաքապետարանից։ Նույնիսկ e request ով են փակում։ Ինչպես եք ստանում պատասխաններ ձեր հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter