Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում
Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու նրանց տեղակալները: Խորհուրդ են տվել ուսումնասիրել հայտարարագրերը, իսկ 2025թ-ի պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունների համար սպասել մինչև մայիսի 31-ը, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնեն:
Նախարարությունների նույնաբովանդակ պատասխանները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք համաձայնեցվել են կամ համակարգվել մեկ կենտրոնից՝ խուսափելու համար նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելուց: Հակառակ դեպքում, դժվար թե չգտնվեր մեկ նախարար, որը չցանկանար այդ տվյալը հայտնել լրատվամիջոցին: Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2025թ. տարեվերջին մոտ 6-7 միլիոն դրամ (հարկերը հանած) հավելավճար է ստացել, սակայն Արդարադատության նախարարության գրավոր պատասխանում չեն նշել նախարարի պարգևավճարի կոնկրետ չափը: Հղում են կատարել հայտարարագրերին, որտեղ առանձին տող չկա պարգևավճարների մասին, այն ներկայացվում է աշխատավարձի հետ:
Պարգևավճարները և հավելավճարներն էապես ավելացել են 2023թ.-ից, երբ ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը: Այս գերատեսչության պարգևավճարների ֆոնդն ամենամեծն է: Նախարարությունը չի հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել: Օրինակ, 2025թ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 167 աշխատակից ընդհանուր ստացել է 265 մլն 975 հազար դրամ պարգևավճար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 325 աշխատակից՝ մոտ 382 մլն 487 հազ. դրամ պարգևավճար: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ստացել են մոտ 7 մլրդ 61 մլն դրամ պարգևավճար, սակայն աշխատակիցների թիվը հայտնի չէ:
Նախարարությունների և վարչապետի աշխատակազմի պարգևատրման բյուջեի մեծությունը հիմնականում պայմանավորված է աշխատակիցների թվով, սակայն, բացառություններ լինում են: Որքան մեծ է նախարարության աշխատակիցների թիվը, այնքան մեծ է պարգևատրման բյուջեի գումարը: 2025թ. 10 նախարարությունների և վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ընդհանուր բյուջեի կեսից ավելին՝ 67.95%-ը, բաժին է ընկնում ՆԳՆ-ին, այնուհետև Էկոնոմիկայի նախարարությանը՝ 5.91%: 2025թ. Էկոնոմիկայի նախարարության 351 աշխատակիցները միասին ստացել են 614 մլն 430 հազ. դրամ պարգևավճար, միջինը՝ մոտ 1 մլն 750 հազ. դրամ: Սա չի նշանակում, որ նախարարության բոլոր աշխատակիցներն այդ չափով են պարգևատրվել: Բարձր պաշտոն ունեցողների բարձր պարգևավճարների հաշվին է միջին ցուցանիշը մեծացել:
2025թ. պարգևավճարների ամենափոքր բյուջեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է. 206 աշխատողի պարգեւավճարների ֆոնդը կազմել է մոտ 143 մլն 666 հազ. դրամ, միջինը՝ մոտ 697 հազ. 400 դրամ: Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարգևատրված աշխատակիցներն ավելի քիչ են՝ 130 հոգի, սակայն ՏԿԵՆ-ից ավելի շատ պարգևավճար է տրվել՝ մոտ 198 մլն 478 հազ. դրամ: Ֆինանսների նախարարության 384 աշխատակից է պարգևատրվել՝ ընդհանուր 357 մլն 406 հազ. դրամ: ԿԳՄՍ նախարարության պարգևավճարների բյուջեն Ֆինանսների նախարարությունից մեծ է, թեեւ պարգեւատրվողների թիվն ավելի փոքր է՝ 325 հոգի և այլն:
Եթե դիտարկենք 2021-2025թթ. պարգևավճարների բյուջեն, ապա 62%-ը բաժին է ընկնում ՆԳՆ-ին՝ մոտ 25 մլրդ 764 մլն դրամ գումարով, հաջորդում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ 2 մլրդ 430 մլն դրամ կամ ընդհանուրի 6,57%-ը, այնուհետև վարչապետի աշխատակազմը՝ մոտ 2 մլրդ 454 մլն դրամ կամ 5,91% և այլն: 5 տարվա տվյալներով՝ պարգևավճարների ամենափոքր բյուջեն բաժին է ընկել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ 770 մլն 850 հազ դրամ կամ ընդհանուրի 1,86%-ը:
Հիշեցնենք, որ այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների պարգևավճարների բյուջեները, քանի որ տվյալներ չեն տրամադրել:
2024թ. 10 նախարարության եւ վարչապետի աշխատակազմի 2673 աշխատակից է պարգևավճար ստացել, իսկ 2025-ին՝ 2727: Նախորդ տարի ամենաշատը պարգևատրվել են Վարչապետի աշխատակազմում՝ 483 աշխատակից:
2021-2025թթ. որեւէ աշխատակից պարգևավճարից կամ հավելավճարից չի հրաժարվել:
Հիշեցնենք՝ Կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունել է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նպատակը Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելն է: Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում՝ 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:
Ցանկում ներառված է 16 մարմին՝ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Կադաստրի, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեները:
Կատարողականի գնահատման վերջնական արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են վարչապետին։ Օրինակ, եթե «Ամբողջությամբ կատարված է», տրվում է 5 միավոր, «Հիմնականում կատարված է»՝ 4 միավոր, «Մեկնարկած է»՝ 0 միավոր և այլն: Աշխատողները պարգևատրվել են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային, տարեկան արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանն ասում է, որ միայն աշխատավարձի բարձրացմամբ հնարավոր չէ վերացնել կոռուպցիոն ռիսկերը: Անհրաժեշտ է վերահսկողություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։
Անդրադառնալով գործադիր մարմնի պաշտոնյաների կատարողականին ու դրա գնահատման հիման վրա տրված պարգևավճարին, Վարուժան Հոկտանյանն ասում է՝ եթե բացակայում է նման հիմնավորումը, կասկած է առաջանում՝ արդյոք պարգևավճարները տրվել են արդյունավետ աշխատանքի համար, թե պարզապես ձևական գնահատում է իրականացվել:
Երբ խոսքը միլիարդների հասնող հանրային միջոցների տնօրինման մասին է, հանրությունն իրավունք ունի իմանալ ոչ միայն ծախսած գումարի չափը, այլև՝ թե ում ինչի համար է տրվել այդ գումարը: Մինչդեռ այս դեպքում թափանցիկություն չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել