HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել: 

Հիշեցնենք, որ ներդրումային պետական ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ էր «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում էին տարբեր ընկերություններում:

Սահմանվել էր, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու էր 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր էին դառնալու: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

2022 թ. պետական ներդրումային ֆոնդը դուրս էր եկել «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա», իսկ 2023-ին՝ «Սիդ թու Ֆարմ» ՓԲԸ-ներից՝ իր բաժնետոմսերը վաճառելով դրանց մյուս բաժնետերերին: Առաջինի դեպքում վաճառքի գումարը կազմել է 63,9 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 346 մլն դրամ:

2025-ի օգոստոսին Կառավարությունը որոշեց ֆոնդի կատարած ներդրումները հետ ստանալու գործընթաց սկսել մյուս 8 ընկերություններում՝ կրկին նրան պատկանող բաժնետոմսերը վաճառելով: Ֆոնդի կառավարիչը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն գործադիրի որոշման հիման վրա դիմեց ֆոնդից ներդրումներ ստացած այս 8 ընկերությունների մյուս բաժնետերերին՝ առաջարկելով նրանց ձեռք բերել ֆոնդին պատկանող բաժնետոմսերը:

Հիշեցնենք, որ կառավարիչ ընկերության սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ), իսկ 2024-ից մինչ օրս՝ Պետգույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ):

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, կառավարչի առաջարկին համաձայնություն են տվել եւ ֆոնդի բաժնետոմսերն արդեն իսկ ամբողջությամբ գնել են «Յունիվերսալ Քլոզրս», «Գլոբալ Քոննեքթ» եւ «ԷյԷմՍի» ՓԲԸ-ների մյուս համասեփականատերերը: Վերջիններիս հետ ֆոնդի կառավարիչը բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրեր է կնքել նոյեմբեր-հունվար ամիսներին, ինչի հիման վրա պետական ֆոնդն ստացել է ընդհանուր 3,6 մլրդ դրամ:

Ներդրում ստացած եւս մի ընկերության՝ «Դոմ Արենա» ՓԲԸ-ի մյուս բաժնետերը չնայած չի համաձայնել ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերելու առաջարկին, այդուհանդերձ, դեմ չի եղել այլ պայմաններով դրանք գնելուն, ինչի համար էլ գործարկվել է դեռեւս 2021-ին կնքված համաձայնագրով նախատեսված տարբերակը, ըստ որի՝ մասնավոր գործընկերը ֆոնդի բաժնետոմսերը գնելու է 4 փուլով կատարվելիք վճարումների միջոցով: Փետրվարի 18-ի դրությամբ վճարվել էր 195 մլն դրամ (ֆոնդի զուտ ներդրումը (տոկոսները չհաշված) «Դոմ Արենա» ՓԲԸ-ում եղել է մոտ 277 մլն դրամ):

Այսպիսով՝ 10 ընկերություններից 5-ից «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը պաշտոնապես դուրս է եկել, մեկի հետ էլ («Դոմ Արենա») «ապահարզանն» ընթացքի մեջ է:

ՊԳԿԿ-ից տեղեկացել ենք, որ ֆոնդից ներդրում ստացած մյուս 4 ընկերությունները՝ «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս», «Բերրիմաունթ» եւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ները, չեն օգտվել կառավարչի՝ բաժնետոմսերը գնելու առաջարկից:

Ֆոնդի կառավարիչը ներքաշվել է նախկին գործընկերոջ դեմ դատական գործերի մեջ

Գյումրիում հիմնադրված «Տավրոս ԿՎՄ» ընկերությունում 2021 թ. ֆոնդը կատարել է 83,3 մլն դրամի ներդրում՝ կոշիկի գործող արտադրամասի նոր սարքավորումներ ձեռք բերելու եւ արտադրական հզորություններն ընդլայնելու համար: Ի պատասխան՝ ֆոնդը դարձել է 49 %-ի սեփականատեր, բայց 83,3 մլն դրամը եղել է ներդրման միայն առաջին տրանշը: Հետագայում ներդրումներ չեն արվել, քանի որ ֆոնդն ու «Տավրոս ԿՎՄ»-ի 51 %-ի բաժնետեր «Մունլայթ Լայֆ» ՍՊԸ-ն դադարեցրել են համագործակցությունը:

Ավելին՝ նախկին գործընկերները միմյանց դատի են տվել: «Մունլայթ Լայֆը» պահանջել է, որ ֆոնդի կառավարիչը վճարի ստացած բաժնետոմսերի ամբողջ գումարը, ինչպես նաեւ անի քայլեր, որոնց արդյունքում կձեւավորվի «Տավրոս ԿՎՄ» ընկերության խորհուրդը: Իր հերթին պետական ֆոնդի կառավարիչը պահանջել է, որ ՍՊԸ-ն ներդրված գումարի չափով՝ 83,3 մլն դրամով, իրենից գնի 49 % բաժնետոմսերը: Այս հայցերը քննվել են նույն դատական գործի շրջանակներում: Տարիներ տեւած դատավարության ավարտին Շիրակի մարզի դատարանը 2025 թ. հունիսին բավարարել է «Մունլայթ Լայֆի» պահանջը խորհուրդ ձեւավորելու մասով, իսկ մնացած պահանջները (այդ թվում՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված) մերժել է: Ֆոնդի կառավարիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել:

Այս դատավարությանը զուգահեռ ընթացել է մեկ ուրիշ՝ «Տավրոս ԿՎՄ» ընկերության սնանկության գործը: Վերջինս 2023 թ. դատարանի վճռով սնանկ է ճանաչվել ՊԵԿ-ի պահանջով: Ընկերությունը բողոքարկել է վճիռը, եւ վերաքննիչ ատյանը 2024-ին բավարարել է բողոքը՝ Սնանկության դատարանի վճիռը բեկանելով եւ գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության: ՊԵԿ-ն այս որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, սակայն հաջողության չի հասել: Դրանից հետո՝ 2025 թ., գործը կրկին քննող Սնանկության դատարանը մերժել է ՊԵԿ-ի դիմումը: Այս անգամ արդեն ՊԵԿ-ն է վերաքննիչ բողոք ներկայացրել, բայց Վերաքննիչ դատարանն այն մերժել է: Փաստորեն, ներկա պահին «Տավրոս ԿՎՄ»-ի նկատմամբ սնանկության վարույթ չկա:

Մեկ այլ դատական գործի շրջանակներում «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն նախկին գործընկեր «Մունլայթ Լայֆ» ՍՊԸ-ից եւ իրենց համատեղ սեփականություն հանդիսացող «Տավրոս ԿՎՄ» ՓԲԸ-ից կրկին պահանջում է կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է՝ 83,3 մլն դրամով գնել իր բաժնետոմսերը: Դատական երկար քաշքշուկներից հետո Վճռաբեկ դատարանը որոշել է, որ այս քաղաքացիական գործը ընդդատյա է Սնանկության դատարանին, որտեղ էլ այժմ քննվում է:

Հիշեցնենք, որ ֆոնդի եւ «Տավրոս ԿՎՄ»-ի համատեղ գործունեությունը իրավապահների կողմից քննվում է ԱՆԻՖ-ի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Ֆոնդի կառավարիչը ներդրում ստացած «Ապագա Փրոջեքթսի» դուստր ընկերության պարտատերերից է

2022 թ. պետական ֆոնդը շուրջ 796 մլն դրամ է ներդրել «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում, ինչի դիմաց ձեռք է բերել 250.000 հատ արտոնյալ բաժնետոմս: Ներդրման նպատակը եղել է Տավուշի Ենոքավան գյուղում «Յելլ Էքսթրիմ Պարկի» նոր՝ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի եւ 500 մ երկարությամբ ռոլերլայնի կառուցումը, «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի, մասնավորապես՝ նոր շենքի հարակից տարածքի ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակումը եւ հյուրանոցի գլխավոր մասնաշենքի, 3 քոթեջների, կառուցվող ադմինիստրատիվ-ռեստորանային մասնաշենքի շինարարությունը, վերակառուցումը, ներքին հարդարումը։ 

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում մասնավոր գործընկերների եւ ֆոնդի կառավարչի միջեւ ծագած տարաձայնությունների մասին նախկինում գրել ենք:

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն ունի 2 դուստր ընկերություն՝ «Ապագա Տուր» եւ «Յելլ Էքսթրիմ Պարկ» ՍՊԸ-ները: Սրանցից առաջինը 2023 թ. սնանկ է ճանաչվել իրեն փոխկապակցված (նույն տերերին պատկանող) մեկ այլ ընկերության պահանջով: «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն սնանկացած «Ապագա Տուրի» հանդեպ ներկայացրել է 359 մլն դրամի պահանջ, ինչին պարտապանի տնօրենն առարկել է: Սակայն դատարանը, հղում անելով «Ապագա Փրոջեքթս», «Ապագա Տուր» եւ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերությունների միջեւ կնքված փոխառության պայմանագրին, հիմնավոր է համարել պետական ֆոնդի կառավարչի պահանջը եւ այն գրանցել պահանջների վերջնական ցուցակում:

ԱՆԻՖ-ի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննվում է նաեւ «Ապագա Փրոջեքթս» ընկերության հետ պետական ֆոնդի համագործակցության դրվագը:  

Ավինյանի դասընկերոջ հետ համագործակցությունը դեռ շարունակվում է

2023 թ. պետական ֆոնդը 960 մլն դրամ է ներդրել «Բերրիմաունթ» ՓԲԸ-ում՝ դառնալով դրա 31 %-ի բաժնետեր: Մնացած 69 %-ի տերը Դմիտրի Ալեկսեյենկոն է, որը ֆոնդի կառավարչի վերադաս ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին (2019-2023 թթ.) նախագահ Տիգրան Ավինյանի դասընկերն է: Ներդրման նպատակը եղել է 3 հա հողատարածքով, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիաներով ջերմոցի կառուցումն ու շահագործումը։

Ֆոնդի կառավարչի ներկա վերադաս Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացել ենք, որ ֆոնդը, ի դեմս կառավարչի, շարունակում է համագործակցությունը բաժնետիրական համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան: ՊԳԿԿ-ն միաժամանակ հայտնել է, որ քննարկումները ֆոնդին պատկանող 31 % բաժնետոմսերի վաճառքի ուղղությամբ շարունակվում են:

Սկանդալային «Սի Էֆ Դաբլյու»-ի ամերիկյան տերերի հետ հարաբերություններ չկան

ՊԳԿԿ-ի տեղեկացմամբ՝ համագործակցություն/գործարար հարաբերություններ չկան «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի ամերիկյան բաժնետերերի հետ: Այս ընկերությունում 2023 թ. ֆոնդն իրականացրել է 1,5 մլրդ դրամի ներդրում՝ ստանալով 49 % բաժնետոմս: Ներդրման նպատակը եղել է ՀՀ-ում կիբերանվտանգային կարողությունների ստեղծումը, ոլորտում մասնագետների կրթումը, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական եւ օտարերկրյա շահառու ընկերությունների։ Այս ծրագիրը, սակայն, իրականություն չի դարձել:

«Սի Էֆ Դաբլյու»-ի տնօրենը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է:

Ինչ վերաբերում է ամերիկյան բաժնետերերին, ապա, ըստ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի, դրանք են Դելավեր օֆշորային նահանգում գրանցված Ararat Technologies (48 %) եւ Hayk Holdings (3 %) ընկերությունները:

Գլխավոր դատախազությունը 2025-ի օգոստոսին հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի եւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ: «Սի Էֆ Դաբլյու»-ի դրվագը առայժմ միակն է, որի մասով Դատախազությունը հայտարարել է մեղադրյալների մասին: Որպես խափանման միջոց Բ. Մանուկյանի նկատմամբ կիրառվել է գրավ, Կ. Անդրեասյանի նկատմամբ՝ երկրից բացակայելու արգելք, իսկ Դ. Փափազյանի նկատմամբ՝ կալանք: Վերջինիս հանդեպ Քննչական կոմիտեն հանձնարարել է հայտարարել միջազգային հետախուզում:

Ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի՝ 2023-ի մայիսին հիմնադրված «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն գործունեություն չի ծավալում 2024-ի երկրորդ կեսից, եւ ներկայում չկան գործարար հարաբերություններ պետական ներդրումային ֆոնդի ու ընկերության ամերիկյան բաժնետերերի միջեւ:

Նախորդ տարի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն «Հետքին» հայտնել էր, որ ֆոնդը ներդրված 1,5 մլրդ դրամը վերադարձնելու պահանջ չի ներկայացնում՝ պայմանավորված «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթերով եւ ֆոնդի հետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով։ Ըստ այդմ՝ այս փաստաթղթերում սահմանված իրավական մեխանիզմները տարբերվում են այն կարգավորումներից, որոնք կիրառվել են ֆոնդի կողմից այլ առեւտրային ընկերություններում կատարված ներդրումների դեպքում։

«Ֆոնդի կառավարչի կողմից ընկերությանը եւ դրա մյուս բաժնետերերին գումարի վերադարձի պահանջ դեռեւս չի ներկայացվել՝ համապատասխան իրավական հիմքերի դեռեւս բավարար չլինելու պատճառով։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով քրեական վարույթի առկայությունը՝ չի բացառվում, որ ապագայում ի հայտ գան համապատասխան հիմքեր, եւ սկսվի վերադարձի պահանջի ներկայացման գործընթացը»,- հայտնել էր ֆոնդի կառավարիչը:

Ստացվում է, որ «Սի Էֆ Դաբլյու»-ի ամերիկյան բաժնետերերը չեն արձագանքել ֆոնդի բաժնետոմսերը ձեռք բերելու կառավարչի առաջարկին:

Այսպիսով՝ «Տավրոս ԿՎՄ», «Ապագա Փրոջեքթս», «Բերրիմաունթ» եւ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ներում «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը 2021-2023 թթ. կատարել է շուրջ 3,4 մլրդ դրամի ներդրում (եկամտաբերության տոկոսները չհաշված), որը ՀՀ կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով հավասար է 9 մլն դոլարի: Բայց այս պահին այդ միջոցները հետ ստանալը փորձություն է դարձել պետության համար: Նշվածներից միայն «Բերրիմաունթն» է, որ նախկինում 30 մլն դրամ շահաբաժին է վճարել ֆոնդին:

Դատական, այդ թվում՝ սնանկության գործերը, ինչպես նաեւ պետական ֆոնդի ու մասնավոր գործընկերների միջեւ համագործակցության դրվագների շուրջ քննվող քրեական վարույթը դիտարկվում են իբրեւ միջոց միլիարդավոր դրամների ներդրումները հետ ստանալու համար: 

Կոլաժում՝ պետական ներդրումներ ստացած «Բերրիմաունթ» ընկերության ջերմոցն ու «Ապագա Ռեզորթը»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter