HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը կհանդիպի Ղազախստանին ու Մոլդովային. ինչպիսի՞ն է վիճակագրությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարել է, որ մեր ազգային ընտրանին հունիսին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Երեւանում: Հունիսի 6-ին կկայանա Հայաստան-Ղազախստան, իսկ հունիսի 9-ին՝ Հայաստան-Մոլդովա մրցավեճը: 

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կրկին Երեւանում մերոնք ընդունելու են Բելառուսին, իսկ մայիսի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան հանդիպումը չեղարկվել է Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմի հետեւանքով: 

Այս խաղերը նախապատրաստություն են լինելու Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության ընտրական փուլից առաջ, որը կկայանա աշնանը: C լիգայում ընդգրկված մեր թիմն այս տարի մրցելու է Մոնտենեգրոյի, Կիպրոսի, ինչպես նաեւ Լատվիա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ:

Վերադառնալով առաջիկա ընկերական խաղերին՝ հիշեցնենք, որ Բելառուսի հետ վիճակագրությանն արդեն անդրադարձել ենք. ազգային հավաքականների մակարդակով Հայաստանն ու Բելառուսն անցկացրել են 7 հանդիպում, որոնցից 2-ում հաղթել են մերոնք, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 3-ում առավելության են հասել բելառուսները: Խփած ու բաց թողած գոլերի առումով հավասարություն է՝ 9-9: 

Այժմ ներկայացնենք Ղազախստանի ու Մոլդովայի հետ հանդիպումների վիճակագրությունը:

Ղազախստանի ընտրանուն Հայաստանի հավաքականն առաջին անգամ հանդիպել է Կիպրոսի մրցաշարի շրջանակներում: 2004-ի փետրվարի 19-ին Պաֆոսում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Մերոնցից գոլերը խփել են Գալուստ Պետրոսյանը, Արտավազդ եւ Արման Քարամյանները: Հետխաղային 11-մ հարվածաշարում 3-2 հաշվով հաղթել են ղազախները: Հաջորդ 2 հանդիպումները կայացել են «Եվրո-2008»-ի ընտրական փուլի շրջանակներում: 2007-ի հունիսի 2-ին Ալմաթիում մերոնք հաղթել են 2-1 հաշվով, գոլերը խփել են Ռոբերտ Արզումանյանն ու Սարգիս Հովսեփյանը: Նույն տարվա նոյեմբերի 21-ին Երեւանում ղազախները հաղթել են 1-0 հաշվով: 2008-ի մարտի 26-ին թիմերը հանդիպել են ընկերական մրցավեճում Ռոտերդամում: Էդգար Մանուչարյանի գոլը մերոնց հաղթանակ է բերել 1-0 հաշվով: Հերթական ընկերական խաղը կայացել է Երեւանում 2012 թ. հունիսի 5-ին: Գեւորգ Ղազարյանի դուբլի եւ Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ մեր ընտրանին հաղթել է 3-0 հաշվով: Մրցակիցները կրկին հանդիպել են աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում: 2017-ի մարտի 26-ին Երեւանում Հայաստանը հաղթել է 2-0: Գոլերը խփել են Հենրիխ Մխիթարյանն ու Արաս Օզբիլիզը: Նույն տարվա հոկտեմբերի 8-ին Աստանայում գրանցվել է 1-1: Մերոնցից աչքի է ընկել Մխիթարյանը: Վերջին հանդիպումը, որը եւս ընկերական էր, կայացել է 2024 թ. հունիսի 7-ին Երեւանում: Հայաստանը հաղթել է 2-1 հաշվով՝ շնորհիվ Մարոչկինի ինգնագոլի եւ Վահան Բիչախչյանի գոլի:

Այսպիսով՝ մինչ այս պահը Հայաստանն ու Ղազախստանը հանդիպել են 8 անգամ, 5 անգամ հաղթել է մեր ազգային թիմը, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 1 անգամ էլ առավելության է հասել Ղազախստանը, գոլերի հարաբերակցությունը 14-7 է՝ հօգուտ Հայաստանի: 

Ինչ վերաբերում է Մոլդովայի ընտրանուն, ապա այս թիմի հետ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է պատմության մեջ իր առաջին մրցավեճը: 1992-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած ընկերական խաղում գրանցվել է 0-0: 2000 թ. փետրվարի 2-ին էլ Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Լառնակայում մերոնք հաղթել են 2-1: Գոլերը խփել են Ռաֆայել Նազարյանն ու Կարեն Դոխոյանը: 2008-ի մայիսի 28-ին ընկերական մրցավեճ է կայացել Տիրասպոլում, գրանցվել է 2-2: Մերոնցից աչքի են ընկել Մարկոս Պիզելին ու Լեւոն Պաչաջյանը: Մի ընկերական խաղ էլ թիմերն անցկացրել են Երեւանում 2009 թ. օգոստոսի 12-ին: Հյուրերը հաղթել են 4-1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփել է Արարատ Առաքելյանը: Հերթական ընկերական հանդիպումը 2018-ի հունիսի 4-ին էր ավստրիական Կեմատեն ին Տիրոլում: Խաղն ավարտվել է 0-0: 

Այսպիսով՝ մինչ օրս Հայաստանն ու Մոլդովան հանդիպել են 5 անգամ: 1 անգամ հաղթել են մերոնք, 1 անգամ՝ մոլդովացիները, 3 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի: Գոլերի հարաբերակցությունը մոլդովացիների օգտին է՝ 7-5: 

Հավելենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 105-րդն է, Բելառուսը՝ 98-րդը, Ղազախստանը՝ 114-րդը, իսկ Մոլդովան՝ 158-րդը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter