Արսեն Թորոսյանը աղքատության դինամիկան ցույց է տվել՝ ոչ համադրելի տվյալներ կիրառելով
Ապրիլի 4-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը։ Համաժողովը որոշեց որպես կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու հաստատել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին, հաստատել և ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես նաև հաստատել 2026 թ․ ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը։ Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության անդամները, որոնք անդրադառնում էին իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված փոփոխություններին, գալիք ընտրություններին և այլն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ելույթում նշեց. «Մենք մոտեցել ենք ծայրահեղ աղքատության վերացմանը, էականորեն կրճատել աղքատությունն ու գործազրկությունը»։ Ըստ էության, Թորոսյանը նկատի է ունեցել 2025-ի նոյեմբերին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները 2024 թ. Հայաստանում աղքատության պատկերի մասին (2025-ի տվյալները պետք է հրապարակվեն այս տարի):
Ըստ Վիճկոմի վերջին տվյալների՝ 2024 թ. Հայաստանում միջին մակարդակի աղքատ է եղել բնակչության 21,7 %-ը, իսկ սրանից 0,6 %ը՝ ծայրահեղ աղքատ:
Քանի որ Արսեն Թորոսյանի հայտարարությունը հիմնված է վիճակագրության վրա, անհրաժեշտ է հիշել, որ վիճակագրության մեջ առանցքային դեր ունի մեթոդաբանությունը, այսինքն՝ ինչպես են տվյալները հավաքվել ու մշակվել:
Հայաստանում աղքատությունը գնահատվում է 1996 թվականից: Գնահատման մեթոդաբանությունը մշակված է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից: 1996-ին ներդրվելուց հետո մեթոդաբանությունը վերանայվել, կատարելագործվել է 2004, 2009 եւ 2019 թթ.: Այսինքն՝ 2024 թվականի պատկերը ներկայացնող զեկույցի հիմքում դրված է 2019 թ. մեթոդաբանությունը:
Աղքատությունը գնահատելիս կիրառվում են աղքատության գծերը։ Մասնավորապես՝ ծայրահեղ աղքատ են գնահատվում այն տնային տնտեսությունները, որոնցում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է պարենային գծից (2024-ին պարենային կամ ծայրահեղ աղքատության գիծը եղել է ամսական 29.196 դրամը): Այսինքն՝ այն տնային տնտեսությունները, որոնցում մեկ չափահասի ամսական սպառումը եղել է 29.196 դրամից ցածր, գնահատվել են ծայրահեղ աղքատ: 2024-ի տվյալներով՝ ծայրահեղ աղքատ է ՀՀ բնակչության 0,6 % ը:
Չափավոր աղքատ են համարվում այն տնային տնտեսությունները, որոնցում մեկ չափահաս անձի սպառումը ցածր է աղքատության ստորին գծից (2024-ի դրությամբ՝ ամսական 42.680 դրամ): 2024 թ. չափավոր աղքատ է եղել բնակչության 8,4 %-ը:
Գոյություն ունի նաև աղքատության վերին գիծ (2024 թ. ամսական սպառումը մեկ չափահասի հաշվով՝ 64.162 դրամ): 2024-ին աղքատության վերին գծից ցածր սպառում է ունեցել բնակչության 40,2 %-ը:
Բայց կա նաև աղքատության միջին գիծ, որը ստորին ու վերին գծերի միջինն է (2024 թ. ամսական սպառումը մեկ չափահասի հաշվով՝ 53.420 դրամ): 2024-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը ըստ միջին գծի եղել է 21,7 %:
Աղքատության մասին խոսելիս շատ դեպքերում առանձնացվում են աղքատությունն ըստ միջին գծի (աղքատության միջին մակարդակ) և պարենային/ծայրահեղ աղքատությունը:
Եթե Ա. Թորոսյանը խոսում է ծայրահեղ աղքատության վերացմանը մոտենալու և աղքատության (ըստ էության, նկատի է ունեցել աղքատությունն ըստ միջին գծի) էական կրճատման մասին, ապա պետք է դիտարկել, թե ինչպիսի դինամիկա, շարժ է եղել նախորդ տարիների համեմատ:
Այդ շարժի մասին 2025 թ. նոյեմբերի 11-ին խոսել է հենց նախարար Թորոսյանը, որը հայտարարել էր, թե 2024-ին աղքատության ցուցանիշը 2023-ի համեմատ նվազել է 2 տոկոսային կետով՝ 23,7-ից իջնելով 21,7: «Ծայրահեղ աղքատության առումով եւս ռեկորդային ցածր ցուցանիշ ունենք՝ 0,6 %՝ 2023-ին գրանցված 1,1 %-ի համեմատությամբ. նվազումը՝ 0,5 տոկոսային կետ»,- աշնանը «Ֆեյսբուք» սոցցանցում գրել էր Թորոսյանը:
Բայց նախարարը այս դինամիկան ներկայացնելիս անտեսել էր նույն Վիճկոմի պարզաբանումն այն մասին, որ 2024-ի տվյալները համադրելի չեն 2022 և 2023 թթ. համապատասխան ցուցանիշների հետ: Այսինքն՝ Վիճկոմը հայտարարել է, որ սխալ է 2024-ի ու, օրինակ, 2023-ի ցուցանիշների համեմատությունը, քանի որ 2024-ին կատարվել են ճշգրտումներ:
Առանց համադրելու նշենք, որ 2023-ին վերաբերող զեկույցում ծայրահեղ/պարենային աղքատությունը գնահատվել է 1,1 %, աղքատությունն ըստ միջին գծի՝ 23,7 %, իսկ 2022-ի վերաբերյալ զեկույցում ծայրահեղ/պարենային աղքատությունը գնահատվել է 1,2 %, աղքատությունն ըստ միջին գծի՝ 24,8 %:
Վիճկոմը խոստացել էր իր՝ աղքատության ավելի ընդարձակ զեկույցում ներկայացնել նաև 2022-2023 թթ. վերանայված ցուցանիշները, որոնք, փաստորեն, հնարավոր կլիներ համեմատել 2024-ի տվյալների հետ: Բայց ընդարձակ զեկույցում Վիճակագրական կոմիտեն նշել է, որ 2022-2023 թթ. աղքատության ցուցանիշները 2024 թ. տվյալների հետ համադրելի դարձնելու նպատակով վերանայումներ իրականացնելը, ըստ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության և հավասարության գլոբալ պրակտիկայի թիմի դիրքորոշման, քիչ հավանական են: Ելնելով սրանից՝ Վիճկոմը 2022-2023 թթ. ցուցանիշների վերանայում չի կատարել:
Ընդ որում՝ ՀԲ թիմը 2025-ի նոյեմբերին արած իր մեկնաբանության մեջ ընդգծել է. «Սպառողները պետք է պաշտոնապես զգուշացվեն՝ 2022-2023 և 2024 թթ. միջև տեղաշարժերը որպես համադրելի միտումներ մեկնաբանելուց խուսափելու համար»:
Այնուամենայնիվ 2024-ի տվյալները կարելի է համեմատել 2021-ի հետ՝ որպես վերջին հաստատուն տվյալ, բայց այն հաշվարկված է բնակչության բավական հին տվյալներով, որոնց հիմքում 2011-ի մարդահամարն է։ Ասվածը, բնականաբար, չի նշանակում, թե ծայրահեղ կամ միջին մակարդակի աղքատության անկումը պետք է բացառել, սակայն սխալ և մանիպուլացնող է դինամիկա ցույց տալը՝ օգտագործելով ոչ համադրելի տվյալներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել