ԱԲ գործարանն ընդլայնվում է. Հայաստանը GPU-ների քանակով աշխարհի առաջատար հնգյակում կարող է լինել
Հայաստանում կառուցվող Արհեստական բանականության (ԱԲ) գործարանի հզորությունը կրկնապատկվի: Այս մասին Երևանի պետական համալսարանում ապրիլի 18-ին՝ AI Conf 2026 համաժողովի ընթացքում, հայտարարեց «Firebird» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը՝ նշելով, որ շուտով կհայտարարվի նախագծի երրորդ փուլի մեկնարկի մասին:
Երրորդ փուլում նախատեսվում է Հայաստանում կենտրոնացնել ևս 60 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU) ու դրանց ընդհանուր քանակը երկրում հասցնել 110 հազարի: Եսայանի խոսքով՝ համալրման նպատակով ակտիվ բանակցություններ են ընթանում Հայաստանի կառավարության հետ՝ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի տրամադրման շուրջ:
NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանը նշում է՝ տարեվերջին, երբ գործարկվեն 50 հազար GPU-ները, Հայաստանը դրանց քանակով աշխարհի լավագույն հնգյակում կհայտնվի՝ շրջանցելով Եվրոպայի խոշոր պետություններին:
«Այսօր աշխարհում ոչ ոք չգիտի՝ ինչպես օգտագործել ԱԲ-ն, ինչը հավասար հնարավորություններ է տալիս թե՛ Հայաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Մենք հիմա դառնում ենք ԱԲ-ի առումով հարուստ երկիր, բայց մեզնից է կախված՝ կօգտվենք այս հնարավորությունից, թե՝ ոչ։ Մենք հնարավորություն ունենք մյուսներից ավելի արագ շարժվելու»,- ընդգծում է Լեբարեդեանը:
Նրա խոսքով՝ նախագծի առաջին գործնական արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Առաջին փուլի 6 հազար GPU-ները հետազոտողներին հասանելի կդառնան առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
«Սա հնարավորություն է նոր գաղափարներ ունեցող մարդկանց համար՝ վերակառուցելու ապագայի մասին մեր պատկերացումները։ Մեզ պետք չէ իմանալ, թե ինչպես են ինչ-որ բաներ արվել վերջին 50 տարիների ընթացքում. մենք պետք է լինենք ստեղծագործ ու ստեղծենք ապագան»,- ասում է NVIDIA-ի փոխնախագահը։
Երեկ՝ ապրիլի 17-ին, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվեց բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր։ Պետությունը ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռեսուրսներ։
Հաշվողական այս ռեսուրսները կտրամադրվեն ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել