Արտաշատի պատմամշակութային նոր լուծումը. ինչու են շենքերը երեսպատվում կարմիր երանգով
Մեկուկես տարի առաջ Արտաշատի իշխանությունները սկսել են երեսպատել քաղաքի շենքերը ալյումինե կարմիր պոլիմերային միջնաշերտով, ալիկոբոնդով: Համայնքի բյուջեից 98 միլիոն դրամ է հատկացվել այդ աշխատանքների համար: Գնման պայմանագիրը կնքվել է 2025 թվականի նոյեմբերի 3-ին։
Սակայն, շենքերի երեսպատման այս ծրագիրն իրականացնողները բախվել են բնակիչների դիմադրությանը։
Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոց 21 շենքի բնակիչ Արմինե Գասպարյանն ասում է, որ իրենց չեն ծանուցել կատարվելիք աշխատանքների մասին։ Ըստ բնակչի՝ համայնքապետի հետ հանդիպման ժամանակ հայտնել են, թե ծանուցումներն ուղարկվել են, սակայն նույն օրը՝ աշխատանքային ժամի ավարտից հետո, համայնքապետարանի աշխատակիցները տուն առ տուն սկսել են բաժանել ծանուցագրերը։
Բնակիչները համայնքապետին մատնացույց են արել ավելի կարևոր խնդիրներ, օրինակ՝ շենքերը չունեն ռմբապաստարան, խարխուլ են, հարցրել են՝ ինչու՞ են առաջնահերթ համարել շենքերի երեսպատումը։
Բնակիչների ասելով՝ ամռանը կարմիր երանգը կլանում է ճառագայթները։ Իսկ թե ինչու են քաղաքը ընդհանուր տեսքի բերում կարմիր երանգով, ոչ թե ավելի չեզոք գույնով, համայնքապետարանից «Հետքին» պատասխանել են. «Շենքերի երեսպատման համար ընտրված կարմիր երանգը պայմանավորված է քաղաքի պատմամշակութային առանձնահատկություններով: Արտաշատ քաղաքը պատմականորեն համարվում է որդան կարմիրի քաղաք, քանի որ այս տարածքը հայտնի է եղել բնական կարմիր ներկի արտադրությամբ: Այդ պատճառով նախագծում ընտրված գունային լուծումը նպատակ ունի ընդգծել քաղաքի մշակութային ժառանգությունը»:
Բնակիչները փորձել են համայնքապետարանից ստանալ աշխատանքների հիմքում ընկած իրավական ակտերն ու որոշումները, սակայն մերժում են ստացել՝ «իրավական շահի բացակայության» պատրվակով։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել և դիմում ներկայացրել Դատախազություն։
Մանրամասները տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել