HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիների» ավիապարկ կմտնեն Boeing 737-800-ներ

«Հայկական ավիաուղիները» նախատեսում է շարժակազմը համալրել 2 հատ Boeing 737-800 տիպի օդանավով:

Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

Ընկերությունը թռիչքային գործունեությունը ժամանակավոր դադարեցրեց 2025-ի ապրիլին՝ այն բանից հետո, երբ նրա ավիապարկում եղած 2 հատ Airbus A321 տիպի ինքնաթիռները (ՀՀ գրանցումները՝ EK-AAB եւ EK-AAD) տեղափոխվեցին Թուրքիա՝ համալրելով տեղական Southwind Airlines-ի շարժակազմը:

«Հայկական ավիաուղիները» («ՀԱՈւ») դեռ 2025-ի մարտին էր հայտարարել, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ:

Եվ քանի որ ավիափոխադրողն այլեւս չուներ թռիչքների համար պիտանի գեթ մեկ օդանավ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մայիսին 6 ամսով կասեցրեց նրա օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ՀԱՈւ»-ն Airbus A321-երի փոխարեն այսուհետ շահագործելու է Boeing 737-800-ներ: Այս մասին «Հետքը» տեղեկացել էր planespotters.net-ից, ինչպես նաեւ ավիաընկերությունում իր աղբյուրից:

Կառավարության կողմից ընդունված ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: 

Հաշվի առնելով, որ «ՀԱՈւ»-ն կրկին բավարարում էր այս պայմանը՝ ավիաընկերությունը դիմել էր ՔԱԿ-ին՝ խնդրելով վերականգնել ՕՇՎ-ի գործողությունը (առանց այս փաստաթղթի՝ հնարավոր չէ կոմերցիոն գործունեություն ծավալել): Կոմիտեն բավարարել էր օպերատորի հայտը:

«ՀԱՈւ»-ի վարձակալած առաջին Boeing 737-800-ի մասին գրել էինք նախորդ տարվա օգոստոսին՝ հղում անելով planespotters.net-ին: Ըստ աղբյուրի՝ 2012-ին արտադրված օդանավը 2012-2021 թթ. շահագործվել է Հնդկաստանում, որտեղ եւ գրանցված էր: Շահագործվելուց հետո տեւական ժամանակ՝ 2021-2024 թթ., բորտը կանգնած էր Ֆրանսիայում: 2022-ին ինքնաթիռի սեփականատեր չինական ICBC Leasing-ը օդանավը գրանցել է Կայմանյան կղզիներում: 2024-ին դրա սեփականատեր է դարձել ամերիկյան GA Telesis-ը, որը նույն տարում բորտը Ֆրանսիայից տեղափոխել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, ապա լիտվական մեկ այլ քաղաք՝ Կաունաս: 2025-ի մայիսի 28-ին օդանավը տեղափոխվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան, որտեղ, ըստ planespotters.net-ի, կանգնած է մինչ օրս:

Ինքնաթիռը ներկա պահին կրում է կայմանյան գրանցում՝ VP-CTK, սակայն planespotters.net-ի տվյալներով՝ Հայաստանում այն ստանալու է EK-AAE գրանցումը:

Եթե հավատանք այս աղբյուրին, ապա «ՀԱՈւ»-ի ձեռք բերած երկրորդ Boeing 737-800-ը նախորդի երկվորյակն է: Սա եւս արտադրվել է 2012-ին, 2012-2021 թթ. շահագործվել է Հնդկաստանում, իսկ հետո՝ 2021-2024 թթ., կանգնած էր Ֆրանսիայում: 2022-ին օդանավի սեփականատեր ICBC Leasing-ը բորտը գրանցել է Կայմանյան կղզիներում: 2024-ին դրա սեփականատեր է դարձել ամերիկյան GA Telesis-ը, որն օդանավը տեղափոխել է Լիտվա՝ Վիլնյուս, ապա՝ Կաունաս: 2025-ի մարտի 12-ին ինքնաթիռը տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ կանգնած է մինչ օրս: Ներկա պահին կրում է կայմանյան գրանցում՝ VP-CTJ: 

Լուսնկարում՝ VP-CTK (վերեւում) եւ VP-CTJ (ներքեւում) գրանցումներով ինքնաթիռները՝ Ստամբուլի օդանավակայանում, planespotters.net 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter