HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան վերջին մարտեր. անհետ կորածների հետքերով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ մեկօրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է 15 մարդ։ Նրանցից 10-ը զինվորական է, 5-ը՝ քաղաքացիական։ «Հետքին» հաջողվել է նույնականացնել 14-ին։

Անհետ կորած են համարվում Հայկ Հովսեփյանը, Մարատ Խաչատրյանը, Ալբերտ Ավետիսյանը, Կառլեն Հակոբյանը, Սասուն  Առաքելյանը, Արշակ Միրզաբեկյանը, Աբել Միրզոյանը, Ներսես Աբաղյանը, Շուրա Մանասյանը, Ռոբերտ Մուսայելյանը, Վաչիկ Առուշանյանը, Վիլեն  Ազիրյանը, Անդրանիկ Բաբայանը, Գավրուշ Էմիրյանը։

Լուսինեն և ամուսինը՝ Ալբերտը, ապրում էին Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում: Լուսինեն աշխատում էր դպրոցում, տարրական դասարանների դասվար էր, Ալբերտը աշխարհազորային էր: Ադրբեջանական հարձակման ժամին դպրոցում դասեր էին, իսկ Ալբերտը Սզնեք գյուղի մոտակա 308-րդ դիրքում էր, Լուսինեի եղբոր՝ Մարատի հետ: Ալբերտ Ավետիսյանը և Մարատ Խաչատրյանը մինչ օրս համարվում են անհետ կորած:

Ասկերանի շրջանում՝ Շոշ գյուղից մինչև Կարմիր շուկա ընկած հատվածում՝ 301-318 դիրքերում մարտական հերթապահություն էր իրականացնում աշխարհազորային գումարտակը։ Այստեղ էին հերթապահում Սզնեք, Կարմիր գյուղ, Խաչմաչ, Քռասնի, Հարավ գյուղի աշխարհազորայինները։ 

Մարտերը Ներքին Սզնեքի մոտակայքում սկսվեցին ժամը 13-ին։ Ադրբեջանական զինված ուժերը փորձում էին գրավել Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհը։

Սզնեքի աշխարհազորայիններից Աշոտ Պետրոսյանի խոսքով, ինտենսիվ է եղել հարձակումը հատկապես 308 դիրքի ուղղությամբ, որը հրամանատարական դիտակետն էր։ 

«Առաջին հարձակումը հենց 308 դիրքի՝ ՀԴԿ-ի վրա ա եղել։ Գրավելով այն՝ ադրբեջանցիները կարող էին վերցնել Կարմիր շուկա-Ստեփանակերտ տանող ճանապարհը»,- ասում է Աշոտը։

Մի քանի ժամ դիմադրելուց հետո Ալբերտ Ավետիսյանը հասկացել է, որ ուժերն անհավասար են, և դիրքը երկար պահել չեն կարողանա։ Նա դիրքում գտնվողներին հրահանգել է երկու հոգանոց խմբերով նահանջել։ Երբ Ալբերտը դուրս է եկել գետնատնակից, արկը հարվածել է դիրքին։ Դիրքապահները, բացի Ալբերտից և Մարատից, մնացել են հողի տակ։

Դիրքապահները պատմում են, որ լսել են դիրք ներխուժած ադրբեջանցիների ոտնաձայները և խոսակցությունները։ Դիրքում գտնված զինվորներից մեկը Ալբերտի կնոջը՝ Լուսինե Խաչատրյանին պատմել է, որ ադրբեջանցիները ռուսերենով հրահանգել են հանձնվել։ Այդ պահին գետնատնակից դուրս եղել են միայն Ալբերտն ու Մարատը։ 

Հրետանային հարվածից հետո հողի տակ մնացած զինվորները կարողացել են դուրս գալ միայն երեկոյան։ Նրանք գնացել են Կարմիր գյուղ, ապա՝ Ստեփանակերտ։ Դրանից հետո Ալբերտին և Մարատին ոչ ոք չի տեսել։

«Էդ տարածքում ով եղել ա, բոլորից հարցրել ենք։ Ոչ մեկը չգիտի, թե ինչ ա կատարվել Ալբերտի ու Մարատի հետ։ Եթե իրենց դիրքի տղաները չգիտեն, թե ինչ ա եղել, մնացածը դժվար իմանային»,- ասում է Լուսինեն։  

Մեկօրյա մարտերից հետո այդ դիրքում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: 

Լուսինեն պատմում է, որ մինչ հարձակումը Ալբերտը հաճախ էր խոսում հնարավոր պատերազմի մասին, հրահանգում էր՝ ինչ անել պատերազմ սկսվելու դեպքում: Ցույց է տվել գյուղից դուրս գալու անտառային ճանապարհները, որ անհարաժեշտության դեպքում ընտանիքը կարողանա արագ դուրս գալ գյուղից։

Հայաստանում հաստատված Լուսինեն իրեն զբաղեցում է նորածին դստեր խնամքով:  

Ալբերտն ու Լուսինեն երկար տարիներ չէին կարողանում երեխա ունենալ։ 2021թ.-ին որոշում են դիմել արտամարմնային բեղմնավորման։ Հաջորդ տարի, երբ պետք է Երևանում բժշկական հերթական այցին գնային, սկսվեց ադրբեջանական շրջափակումը:  2025 թ.-ին՝ արցախցիների տեղահանությունից երկու տարի անց, արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվեց նրանց աղջիկը՝ Ալբերտինան։

«Որոշել էի, որ եթե տղա ունենամ, անունը Ալբերտ պիտի լինի։ Որ աղջիկ ծնվեց, որոշեցի Ալբերտինա դնել անունը։ Մի տեսակ համոզված եմ, որ Ալբերտը ողջ է, զգում եմ, որ ողջ է, մտածում եմ, որ մի մեծ մի հրաշք լինի, ինքը հայտնվի ողջ, առողջ, հասնի մեզ, երևի կհարցնի պատճառը` անունը Ալբերտինա դնելու։ Երևի կմտածի, որ հույս չունեի, որ ինքը կգա, դրա համար էլ Ալբերտինա եմ դրել։ Բայց չէ, հույս ունեմ ու հավատում եմ, որ հնարավոր է, հրաշքներ լինում են։ Հրաշք էր, որ Ալբերտինան ծնվեց, ես չէի հավատում, որ ինքը կծնվի մինչև իրա ծնվելու պահը։ Նույնիսկ հիմա նայում եմ իրան ու չեմ հավատում, որ ծնվել է»,- ասում է Լուսինեն։

Ռոբերտ Մուսայլեյան և Շուրա Մանասյան

Ներքին Սզնեքի մոտ գտնվող մյուս դիրքից՝ 309-ից անձնակազմն իջել է գյուղ այն ժամանակ, երբ 308-ը արդեն գրավված էր և կար վտանգ, որ նրանք կարող էին հայտնվել շրջափակման մեջ։

309 մարտական դիրքի ավագը՝ Էդվինը, գյուղապետի մեքենայով տարհանել է գյուղացիներին։ Քանի որ հիմնական ճանապարհը արդեն փակ էր, Սզնեքի բնակչությունը տարհանվել է Խաչմաչի անտառի միջով։

Սեպտեմբերի 20-ին Ռոբերտ Մուսայելյանը, Շուրա Մանասյանը, Մավրիկ Փաշայանը և Նուրվարդ Ոսկանյանը, Արտյուշա Միքայելյանը և Մելիքսեթ Փաշայանը ոտքով փորձել են դուրս գալ գյուղից։ Մավրիկ Փաշայանին և Նուրվարդ Ոսկանյանին ադրբեջանցիները գերի են վերցրել։ Նրանց տարել են Շուշի, ծեծել, խոշտանգել և միայն մեկ շաբաթ անց Կարմիր Խաչի միջնորդությամբ՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխել Հայաստան։ Մելիքսեթ Փաշայանին նույնպես գերեվարել են։ Նա մինչ օրս Բաքվի բանտում է։ Իսկ 83-ամյա Ռոբերտ Մուսայելյանը և 86-ամյա Շուրա Մանասյանը մինչ օրս անհետ կորած են համարվում։

Արշակ Միրզաբեկյան և Աբել Միրզոյան

Արշակ Միրզաբեկյանը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից է։ Արշակը ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նա անդամագրվել էր աշխարհազորին 2023 թվականին։ Արշակը մարտական հերթապահություն էր իրականացնում Չարեքթար գյուղի մոտակայքում գտնվող 540 մարտական դիրքում։

Չարեքթարի մարտական դիրքերը Մարտակերտի բրիգադի Հաթերքի գումարտակի պահպանության գոտում էին։

Արշակը մարտական դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 16-ին։ Մարտական դիրքում 10 հոգի է եղել։

Սեպտեմբերի 19-ին՝ մարտական գործողությունները սկսելուց հետո, առաջին արկի հարվածից զոհվել է Նվեր Օհանյանը։ Վիրավորվել է նաև Արշակ Միրզաբեկյանը։

Դիրքում մնացած ութ հոգին դիրքից դուրս են բերել Արշակին։ Նրան հասցրել են Չարեքթար գյուղի վերջում գտնվող տներից մեկի մոտ ու հեռացել։

«Իրենց պատմելով՝ բերել են Արշակին և հասցրել մինչև գյուղի վերջում մի քարի մոտ, բայց ցավալին էն է, որ չեն անցկացրել գետը։ Որ գոնե գետը անցկացնեին, դնեին ասֆալտի վրա, ռուսները կվերցնեին, ադրբեջանցիները կվերցնեին կամ մերոնք կվերցնեին, կտային մեզ։ Կամ գոնե տեղեկություն կփոխանցեին մեզ, մենք արդեն կգնայինք, կվերցնեինք։ Ես փորձ եմ ձեռնարկել էդ օրը, գնացել եմ Գետավան գյուղից մի քիչ վերև տեղակայված գազալցակայան, որ բարձրանամ Արշակի մոտ։ Ես գիտեի, որ Արշակը արդեն այնտեղ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբից իրանց ԲՏՌ-ով այնտեղ կանգնած էին, չէին թողնում, որ մարդ անցներ»,- պատմում է Ռոման Միրզաբեկյանը՝ Արշակի եղբայրը։

Հենց նրա հետ է վերջին անգամ խոսել Արշակը։ Նրանց մյուս եղբայրը Սարգիսջանը նույնպես դիրքերում էր։ Ռոմանը պատմում է, որ այդ օրը Արշակի հետ կարողացել է կապ հաստել, իսկ փոքր եղբոր հետ՝ ոչ։

«Սարգիջանը չէր պատասխանում զանգերիս, բայց Արշակի հեռախոսահամարը գործում էր։ Մի քանի րոպե զանգելուց հետո հեռախոսին ուրիշը պատասխանեց, ներկայացավ իր մարտական ընկեր։ Ասեցի բա որտե՞ղ է Արշակը, ի՞նչ է եղել, խի՞ չի պատասխանում, ասեց` դե մեզանից մի քիչ հեռու է, էս պահին ինքը չի կարա պատասխանի։ Արդեն 2, 3, 4 անգամ զանգելուց հետո նույն պատասխանն էին տալիս, արդեն մտահոգվում էի։ Ասեցի՝ էս ինչ է կատարվում, որ ինքը չի պատասխանում, Էդ տղան (Սամվել էր անունը), նոր անկեղծացավ, ասեց` ճիշտն ասած, մեր մոտ չի ինքը, բայց լավ է։ Մի քանի րոպե անց ինձ զանգեցին Ստեփանակերտից, մեր գյուղից Արցախ անունով մի տղա, ասեց` Արշակը վիրավոր է, մեջքի հատվածից բեկորային թեթև վնասվածք ունի, իջեցնում են դիրքից, տեղափոխում են գյուղ։ Հարցրի` ինչ-որ վտանգավոր բան կա, ասեց` չէ, ամեն ինչ նորմալ է»,- պատմում է Ռոմանը։

Սեպտեմբերի 20-ի առավոտյան, երբ հակառակորդը արդեն գյուղին էր մոտեցել, Ռոմանը ընտանիքի հետ գնացել է Ստեփանակերտ։ Այնտեղից փորձել է տեղեկություններ ճշտել եղբոր մասին։ Նա Ստեփանակերտում հանդիպել է Հաթերքի գումարտակի հրամանատարի տեղակալ Նելսոն Սարգսյանին ու տեղեկացրել եղբոր գտնվելու վայրի մասին։ 

«Գիտեի, որ ինքը պիտի ադրբեջանցիների ու մեր փրկարար ծառայության հետ գնա զոհվածների դիակները հանելու ու անհայտ կորածներին փնտրելու։ Ես մոտեցա Նելսոնին, ասեցի, որտեղ են թողել եղբորս։ Գնացել, տարածքը նայել էին, չէին գտել Արշակին։ Որոշ ժամանակ հետո կապի դուրս եկավ հետս, ասեց՝ նայել ենք, ոչ մեկը չկար քո ասած տեղը։ Ու ասեց, որ ընդեղ մեծ խողովակներ կային, որոնք նախատեսված էին Գետավանի հիդրոէլեկտրոակայանի համար, էդ խողովակների մեջ էին նայել, մոտակայքի տներում, չէին կարողացել գտնել»,- ասում է Ռոմանը։

Նույն Չարեքթարի հատվածում անհետ կորել է նաև Աբել Միրզոյանը։ Այն դիրքում, որտեղ եղել է Աբելը, ողջ է մնացել միայն մեկ զինծառայող։ Դիրքում գտնվող յոթ հոգուց հինգը զոհվել է։

Աբելը վերջին անգամ կապ է հաստել կնոջ հետ՝ ժամը 12:00-ին։

Հայկ Հովսեփյան, Կառլեն Հակոբյան, Վիլեն Ազիրյան և Սասուն Առաքելյան

Նարեշտար-Չարեքթար հատվածում 2023 թվականին մարտական հերթապահություն էր իրականացնում 8-րդ բրիգադի (ՑՕՐ) առանձին գումարտակը, որը հայտնի էր Վանքի գումարտակ անունով։ 

Գումարտակից և որպես աջակցություն տրված առանձին ստորաբաժանումներից զոհվել է 10 հոգի, անհետ կորած են համարվում չորսը՝ Հայկ Հովսեփյանը, Կառլեն Հակոբյանը, Վիլեն Ազիրյանը և Սասուն Առաքելյանը։

Հայկ Հովսեփյանը ժամկետային զինվորական ծառայության էր մեկնել 2023 թվականի հունվարին։ Նա հրետանավոր էր, ծառայում էր 8-րդ բրիգադում՝ ՑՕՐ-ի զորամասում։

Հայկը վերջին անգամ մարտական հերթապահության բարձրացավ օգոստոսի 25-ին։

Վերջին անգամ Հայկը մոր՝ Նունե Դավիդյանի հետ խոսել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:45-ին։

«Հայկը հարցրեց՝ որտեղ եք, ասեցի, որ փոքր տղայիս՝ Տիգրանին դպրոցից վերցրել եմ, տուն ենք հասնում։ Ասեց դե լավ ա, որ հասնում եք տուն, ու էդ պահին կապը ընդհատվեց։ 10 րոպե հետո սկսվեց ռմբակծությունը»,- պատմում է Նունեն։

Հայկ Հովսեփյանը հրետակոծության արդյունքում վիրավորվել է։ Դիրքի զինվորներից մեկը՝ Արեն Իսայանը, մնացել է նրա մոտ, իսկ մյուսները գնացել են օգնության հետևից։

Օրեր շարունակ Նունեն չի կարողացել կապ հատատել որդու հետ, հետո իմացել է, որ Արենը գերի է ընկել։ Սեպտեմբերի 25-ին և 26-ին իրականացված որոնողական աշխատանքները արդյուք չեն տվել։

Երեք ամիս անց Արենը վերադարձել է գերությունից և պատմել, որ 60-70 մետր էր հեռացել Հայկից, որ փորձեր կապ հաստատել։ Հենց այդ ժամանակ էլ գերեվարվել է ու այլևս չի տեսել Հայկին։

Կառլեն Հակոբյանը և Վիլեն Ազիրյանը պայմանագրային զինծառայողներ էին։ Սեպտեմբերի 19-ին նրանք մարտական հերթապահություն էին իրականացնում Նարեշտարի 811 մարտական դիրքում։ 811 և 812 դիրքերի հետնամասում էլ տեղակայվել էին Վանք գյուղի աշխարհազորայինները։ Նրանց մեջ էր նաև Սասուն Առաքելյանը։ 

Հակառակորդին հաջողվել է գրավել 811 դիրքը։ Դիրքապահները նահանջել են։ Կառլենը մնացել է Վանք գյուղ տանող ճանապարհը հսկելու, իսկ մյուսներին ուղարկել է հրամանատարական դիտակետ։

Կառլենի հետ վերջին անգամ խոսել է եղբայրը՝ Հարությունը, սեպտեմբերի 20-ին՝ ժամը 5-ին։

Վաչիկ Առուշանյան և Անդրանիկ Բաբայան

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիրքերում վերջին անգամ մարտական հերթափոխը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին։ 

Վաչիկ Առուշանյանը և Անդրանիկ Բաբայանը նույն դիրքում էին։ Նրանք ծանոթ էին դեռ 90-ականներից, միասին մասնակցել էին Արցախյան առաջին պատերազմին։ Վաչիկը Դրախտիկ գյուղից է, Անդրանիկը՝ Թաղասեռ։ 

«Վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 19-ի առավոտյան։ Ասեց՝ անհանգիստ ա դիրքերում, բայց չվախենաք, ուշադիր կլինեք։ Մեկուկես ժամ հետո սկսվեց ռմբակոծությունը։ Ես դպրոցում էի, մինչև ժամը 6-ը չկարողացա դուրս գալ։ Մինչև վերջին աշակերտին չճանապարհեի, տուն չէի կարող գնալ։ Բայց էդ ամբողջ ընթացքում փորձում էի զանգել Վաչիկին։ Հետո իմացա, որ ժամը 4-ին դիրքը վերցրել էին»,- պատմում է Վաչիկ Առուշանյանի կինը՝ Սուսաննա Առուշանյանը։

Ադրբեջանցիների կողմից դիրքի գրավումից հետո դիրքապահներից երեքը՝ Վաչիկ Առուշանյանը, Անդրանիկ Բաբայանը և դիրքապահներից մեկը նահանջել են դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին վերջինս սայթաքել է և գլորվել ներքև։ Նրան գտել են մի քան օր անց տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնողները։ Նա է եղել վերջին մարդը, որը տեսել է Վաչիկ Առուշանյանին և Անդրանիկ Բաբայանին։ 

«Ժամը 8-ն անց կես զանգեցի Վաչիկին, պատասխանեց։ Ասեց՝ ալո ու կապը ընդհատվեց։ Դրանից հետո էլ չկարողացա կապի դուրս գալ»,- պատմում է Սուսաննան։

Գավրուշ Էմիրյան և Ներսես Աբաղյան

82-ամյա Գավրուշ Էմիրյանը Մարտունի քաղաքից էր։ Արցախյան վերջին մարտերից հետո` սեպտեմբերի 25-ին, նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Նրան վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի տարածքում։ Հեռախոսը թողել էր հարազատների մոտ և ասել, որ գնում է հաց բերելու։ Երկար ժամանակ լուր չունենալով Գավրուշից՝ հարազատները սկսել են փնտրել, դիմել են տարբեր կառույցների, բայց արդյունք չի տվել։ Գավրուշ Էմիրյանը մինչ օրս համարվում է անհայտ կորած։

Ներսես Աբաղյանը մինչև 44-օրյա պատերազմը բնակվում էր Հադրութում, պատերազմից հետո տեղափոխվել էր Ստեփանակերտ։

Ներսես Աբաղյանը անհետ կորել է Ստեփանակերտ-Շուշի հատվածում գտնվող դիրքերից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter