Ռուսաստանը շարունակում է խստացնել պայմանները օտարերկրացիների, հատկապես՝ աշխատանքային միգրանտների համար
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը փուլ առ փուլ խստացումներ է մտցնում օտարերկրացիների համար: Դրանք հատկապես ծանր պայմաններ են ստեղծում աշխատանքային միգրանտների համար, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների: «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը ներկայացնում է, թե ինչ խստացումներ են այսօր գործում Ռուսաստանում, եւ ինչպես պետք է օտարերկրացիները փորձեն մնալ օրենքի դաշտում:
«Հայկական Կարիտասն» օտարերկրյա գործընկերների հետ իրականացնում է տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում նախամեկնումային խորհրդատվություն ու իրավական պաշտպանություն է տրամադրում Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտներին:
«Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում։ Այս երկրներում աշխատող կազմակերպությունները նաեւ իրավաբաններ ունեն Ռուսաստանում, որոնք իրենց քաղաքացիներին տեղում տրամադրում են իրավաբանական ուղիղ աջակցություն:
Միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը նշում է, որ եթե գործը վարչական իրավախախտմանն է վերաբերում, իրենք մինչեւ անգամ դատարանում պաշտպանում են միգրանտի իրավունքները, սակայն եթե վերջինս մեղադրվում է քրեական հանցագործության մեջ, ապա իրավական պաշտպանություն իրենց կողմից չի տրամադրվում:
«Այսինքն՝ մենք պաշտպանում ենք այն մարդուն, ում իրավունքը խախտվել է, այլ ոչ թե ինքն է ինչ-որ մեկի իրավունքը խախտել: Մեր շահառու խումբը ՌԴ գնացող, ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտներն են եւ նրանց ընտանիքների անդամները»,- նկատում է փորձագետը՝ հավելելով, որ Ռուսաստանում եւ համապատասխան երկրների համայնքներում իրենց աշխատանքի մաս է կազմում ՌԴ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ իրազեկումը ԶԼՄ-ների միջոցով:
«Ինչու՞ է սա կարեւոր։ 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմից սկսած՝ ՌԴ-ն շատ ակտիվորեն խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը։ Իրենք դա բացատրում են նրանով, որ երկիրն ունի անվտանգության խնդիր, եւ իրենք անվտանգային հարց են լուծում՝ հնարավորինս փորձելով կառավարել Ռուսաստանում գտնվող օտարերկրացիներին, այսինքն՝ իմանան, թե ովքեր են մուտք գործում, ինչ տեղաշարժեր ունեն, որտեղ են գտնվում, ունեն արդյոք որեւէ կապ Ուկրաինայի հետ, որովհետեւ իրենք միշտ ասում են, որ ուկրաինական դրոնները ոչ միշտ են, որ կարողանում են սահմանը հատել, եւ հաճախ Ռուսաստանի ներսում են ինչ-որ ակտեր իրականացնում, վնասում օբյեկտները, ինչը պայմանավորված է նրանով, որ երկրի ներսում մարդիկ կան, ովքեր գումար են վերցնում եւ դրա դիմաց Ուկրաինային ծառայություն են մատուցում»,- բացատրում է Տ. Բեժանյանը:
ՌԴ ոստիկանությունը մեծ լիազորություններ է ստացել
Փորձագետը նկատում է, որ 2025 թ. փետրվարի 5-ից եթե ՌԴ ոստիկանները նույնիսկ փոքր կասկած են ունենում, որ օտարերկրացին կարող է ինչ-որ խախտում արած լինել, այդ թվում՝ վարչական, ապա ունեն լիազորություն իրենց հայեցողությամբ 48 ժամով կալանավորել օտարերկրացուն եւ ստուգել, թե արդյոք նա արել է որեւէ խախտում։ Եթե պարզվի, որ նման խախտում եղել է, ապա ոստիկանությունն իրավունք ունի ՌԴ-ից արտաքսել օտարերկրացուն առանց դատարանի որոշման:
Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ ՌԴ ոստիկանությունն օտարերկրացիներին արտաքսել է զուտ վարչական խախտման հիմքով:
Արտաքսման վտանգը վերաբերում էր նաեւ բեռնափոխադրող վարորդներին, որոնք մեկ օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում գտնվում էին 90 օրից ավելի: Սակայն ապրիլի 27-ին ՌԴ կառավարությունը որոշել է այս ժամկետը կրկնապատկել՝ դարձնելով 180 օր: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից:
Ըստ Տ. Բեժանյանի՝ իր ձեռքի տակ կա առնվազն 65 մարդու գործ, որոնց մուտքը ՌԴ արգելվել է 5 տարով միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվելու 90-օրյա ժամկետը գերազանցել են մի քանի օրով:
Վերահսկվող անձանց ռեեստրում կարող ես հայտնվել նույնիսկ խախտում չունենալու դեպքում
Միգրացիոն հարցերի փորձագետը մանրամասնում է՝ Ռուսաստանում ստեղծվել է վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ մարդու անունը հայտնվելու դեպքում նրա իրավունքները խստագույնս սահմանափակվում են: Նախ՝ փակվում են նրա բանկային հաշիվները, որպեսզի որեւէ գործարք չկարողանա կատարել, որեւէ պետական կառույց որեւէ ծառայություն չի կարող մատուցել նրան, անձը չի կարող երկարացնել աշխատանքային պայմանագիրը, չի կարող գործարքներ կատարել, փաստաթուղթ կնքել, ամուսնություն գրանցել, երեխայի ծնունդ գրանցել, այսինքն՝ բոլոր համակարգերը նրա առաջ փակվում են, երբ հայտնվում է վերահսկվող անձանց ռեեստրում:
«Ամբողջ խնդիրն այն է, որ մարդը կարող է որեւէ խախտում չունենալ ու էլի հայտնվի այդ ռեեստրում։ Եվ, ցավոք, այդպիսի դեպքերը քիչ չեն, ինձ դիմած անձանց 40 %-ը որեւէ խախտում չուներ, բայց հայտնվել էր ռեեստրում: Նրանց կյանքն այդ պահին դառնում է անտանելի»,- նշում է մեր զրուցակիցը:
Սակայն լավ լուրն այն է, որ այս ռեեստրից դուրս գալու հնարավորություններ կան: Դրանցից մեկը ՌԴ սահմանը հատելն է: Ըստ Բեժանյանի՝ այդ դեպքում, երբ որոշ ժամանակ անց ռեեստրը թարմացվում է, եւ երեւում է, որ անձը հատել է սահմանը, նա դուրս է բերվում ռեեստրից: Դրանից հետո անձը կարող է կրկին մուտք գործել ՌԴ եւ փորձել օրինականացնել իր՝ այնտեղ գտնվելը:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ ռեեստրում հայտնվում են մարդիկ, որոնք, օրինակ, աշխատավարձի չափը ճիշտ չեն ներկայացնում աշխատանքային պայմանագրում. ասենք՝ ներկայացնում են 20 հազ. ռուբլի, բայց բանկային քարտին փոխանցվում է 30 կամ 40 հազ.: Բեժանյանը նկատում է, որ այս տվյալները բանկից փոխանցվում են իրավապահներին: Անձի պարտավորությունն է ապացուցել, թե ինչու են պայմանագրում նշված եւ փաստացի ստացած գումարները տարբերվում:
«Երբ շահառուն զանգահարում է, ասում է՝ ես որեւէ խախտում չունեմ, իմ ռեգիստրացիան ժամկետի մեջ է, բուժզննում անցել եմ եւ այլն, իմ հաջորդ հարցն է՝ որքա՞ն աշխատավարձ է նշված Ձեր պայմանագրում, եւ որքա՞ն է նստում Ձեր քարտին։ Որպես կանոն, սա այն հիմնական հիմքն է, ինչի համար իրենք հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում, ավելին՝ սա կարող է նաեւ բերել քրեական գործի հարուցման: Ես միշտ ասում եմ՝ եկեք Հայաստան, քանի դեռ ռեեստրում եք, բայց Ձեր հանդեպ մուտքի արգելք չեն ընտրել: Մի որոշ ժամանակ անց վերադարձեք ճշգրիտ աշխատավարձով, կնքեք պայմանագիր, սկսեք աշխատել, եւ Ձեր քարտին պետք է նստի այնքան գումար, որքան որ գրված է աշխատանքային պայմանագրում»,- մանրամասնում է Տաթեւիկ Բեժանյանը:
Իսկ եթե, օրինակ, քարտին չի փոխանցվում պայմանագրում նշված չափով գումար, բայց անձը փոխանցումներ է կատարում, ենթադրենք, Հայաստան, որոնց չափը գերազանցում է պայմագարում նշված աշխատավարձի չափը, ապա կրկին կարող է հայտնվել ռեեստրում:
3 քայլ 30 օրում. ի՞նչ պետք է անի ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտը
Երբ ՀՀ քաղաքացիները՝ որպես ԵԱՏՄ երկրի քաղաքացիներ, մուտք են գործում ՌԴ աշխատելու նպատակով, մուտքի պահից սկսած պետք է իրականացնեն 3 գործողություն, ինչի համար ունեն 30 օր ժամանակ:
Առաջին՝ պետք է հաշվառվել իրական բնակության հասցեում: Սա պարտադիր է, եթե 30 օրից ավելի եք մնալու Ռուսաստանում՝ անկախ այցի նպատակից:
Երկրորդ՝ պետք է բուժզննում անցնել տվյալ տարածքի բուժհաստատությունում: Բուժզննումը վճարովի է: Այն իրականացվում է վարակիչ հիվանդությունների ստուգման, նարկոլոգի խորհրդատվության համար: Միգրացիոն հարցերի փորձագետը նկատում է, որ, ցավոք, շատացել են դեպքերը, երբ բուժզննման հիմքով մուտքի անժամկետ արգելք է դրվում, եւ անձն արտաքսվում է երկրից:
«Երկու հիվանդություն կա, որոնց դեպքում հնարավորություն կա բացել մուտքի արգելքը՝ տուբերկուլյոզն ու սիֆիլիսը: Եթե տվյալ անձի քաղաքացիության երկրում համապատասխան բուժհաստատությունում կանցնեն բուժում եւ կստանան տեղեկանք, որ իրենք այլեւս բուժված են, այդ տեղեկանքով կարող են դիմել Ռոսպոտրեբնադզոր, որն էլ կարող է բացել մուտքը,- ասում է Տ. Բեժանյանը,- մնացած դեպքերում տարբերակ չունեն՝ եթե ՄԻԱՎ, ՁԻԱՀ կամ թմրանյութ հայտնաբերվի արյան մեջ, այլեւս տարբերակ չունի ՌԴ գնալու, անժամկետ մուտքի արգելք է դրվում: Եվ քանի որ անձը մատնահետք է հանձնում սահմանին, որը նույնականացվում է նրա ֆոտոյի, անձնագրային տվյալների հետ, նույնիսկ չի կարող որեւէ տվյալ փոխելով՝ փորձել նորից մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն»:
Երրորդ գործողությունը աշխատանքային պայմանագրի կնքումն է:
Կնիք՝ միգրացիոն քարտի վրա
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը ՌԴ մուտք գործելիս օտարերկրացիները սահմանին միգրացիոն քարտ էին լրացնում, որը տրվում էր անժամկետ։ Նշվում էին անուն-ազգանունը, անձնագրային տվյալները, այցի նպատակը: Այժմ այս քարտերը ոչ թե անժամկետ են, այլ 90-օրյա ժամկետով: Եթե անձը 90 օրից ավել պետք է մնա ՌԴ-ում եւ դրա համար հիմքեր ունի, ապա պետք է միգրացիոն քարտը տանի տարածքային ծառայություն, որպեսզի դրա դարձերեսին կնիք դրվի: Եթե նույնիսկ անձը 1 տարով աշխատանքային պայմանագիր է կնքել, սակայն նրա միգրացիոն քարտի վրա չկա այս կնիքը, ապա նա չի կարող 90 օրից ավելի մնալ ՌԴ-ում:
«Ամենացավալին այն է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ տարածքի տարբեր վայրերում, այդ թվում՝ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում, միգրացիոն ծառայության շատ ներկայացուցիչներ ուղղակի չգիտեին, ես չեմ ուզում ասել՝ հատուկ չէին անում, բայց ենթադրում եմ՝ չգիտեին եւ չէին խփում այդ շտամպը։ Մենք հարյուրավոր բողոքներ էինք ստանում, որ գնացել են, շտամպը չեն խփել, հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում եւ պետք է դուրս գան երկրից, որովհետեւ արդեն մուտքի արգելքի վտանգի տակ են»,- ասում է փորձագետը:
Ռուսաստանի կողմից այսուհետ կիրառվող այլ խստացումների կանդրադառնանք հաջորդ հոդվածում:
Շարունակելի
Նյութը պատրաստվել է «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով իրականացված մեդիատուրի շրջանակներում
Տես նաեւ՝
- Բեռնատարի վարորդները՝ գործը կորցնելու վտանգի առաջ
- Նոր խստացումներ հունիսից. ի՞նչ կփոխվի ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
Գլխավոր լուսանկարում՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը, հեղ.՝ Սաշա Մկրտչյան, «Զվարթնոցի» ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել