Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը օտարերկրացիների նկատմամբ ավելի է խստանում. ստուգումներ, տեղաշարժի վերահսկում, քննություն
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը ներկայացնում է, թե վերջին տարիներին Ռուսաստանն ինչ խստացումներ է մտցրել իր տարածք ժամանող օտարերկրացիների նկատմամբ, եւ ինչ հավելյալ դժվարությունների են առաջիկայում բախվելու հատկապես աշխատանքային միգրանտները:
Սահմանին եւ մետրոյի կայարաններում կարող են ստուգել հեռախոսն ու համակարգիչը
2025 թ. Ռուսաստանում, բացի ոստիկաններից, որոնց անդրադարձել ենք նախորդ հոդվածում, լայն լիազորություններ են տվել նաեւ սահմանապահներին: Տաթեւիկ Բեժանյանը նշում է, որ սահմանապահը կարող է ինքնուրույն որոշել՝ թույլ տա՞ տվյալ անձին մուտք գործել ՌԴ տարածք, թե՞ ոչ: Ավելացել է եւս մի խստացում՝ սահմանապահը կարող է պահանջել Ձեր հեռախոսը, համակարգիչը եւ եթե, օրինակ, Ձեր սոցցանցերում հայտնաբերի Ուկրաինային վերաբերող որեւէ գրառում կամ հրապարակում, դա կարող է հիմք ծառայել, որ թույլ չտա հատել ՌԴ սահմանը: Մերժումը կարող է բացատրվել ՌԴ անվտանգությանը սպառնալիքով, եւ անժամկետ արգելվի անձի մուտքը Ռուսաստան:
Միգրացիոն հարցերի փորձագետն ասում է, որ մետրոյի կայարաններում ոստիկանությունը եւս ունի նման լիազորություն. կարող են կանգնեցնել օտարերկրացուն՝ ստուգման նպատակով պահանջելով հեռախոսը կամ համակարգիչը:
«Բավականին մեծ թվով օտարերկրացիներ հենց այս հիմքով կամ չեն կարողանում մուտք գործել ՌԴ կամ, արդեն գտնվելով ՌԴ-ում, այնտեղից արտաքսվում են»,- ասում է «Հետքի» զրուցակիցը՝ ավելացնելով, որ «գաջեթների» ստուգման մասին տեղեկություն ՀՀ քաղաքացիներից շատ չի ստացել. թերեւս, 2-3 տասնյակի են հասնում դեպքերը, երբ սահմանից հետ են ուղարկել այս հիմքով: Ըստ Բեժանյանի՝ այսպիսի ստուգում հիմնականում կիրառվում է Տաջիկստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիների նկատմամբ, որոնց կարող են նույնիսկ մեծ խմբերով հետ ուղարկել իրենց երկիր:
Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան այցից հետո, ըստ մեր զրուցակցի, հավանաբար, խստացումներ կլինեն նաեւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, սակայն թե ինչպիսին կլինեն դրանք, այս պահին դժվար է ասել:
Նոր պարտադիր պայման ՌԴ մեկնողների համար
2026 թ. հունիսի 30-ից ՌԴ մուտք գործող անձանց համար պարտադիր է դառնալու հեռախոսային ruID հավելվածն ունենալը:
Տաթեւիկ Բեժանյանը նկատում է՝ այն նախատեսված էր դեռ 2025-ի հունիսի 30-ից, բայց համակարգը խափանվել էր, ինչը բացատրվել էր միաժամանակ բազմաթիվ հայտերի առկայությամբ: Այդ պատճառով հավելվածի կիրառումը ՌԴ-ն կամավոր էր դարձրել՝ պարտադիր բաղադրիչը հետաձգելով 1 տարով: Ըստ փորձագետի՝ հիմա ռուսական կողմը հայտարարում է, որ համակարգն անխափան աշխատում է: Այսպիսով՝ ՌԴ մուտք գործող անձինք հունիսի 30-ից պարտավոր են գրանցվել այս հավելվածում՝ անկախ այցի նպատակից ու տեւողությունից: Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ անձը պարտավոր է գրանցվել այս հավելվածում, իսկ եթե հրատապ դեպք է, ապա կարելի է գրանցվել 4 ժամ առաջ:
Աշխատանքային միգրանտների շարժին հետեւող նոր հավելված
2025 թ. սեպտեմբերից առայժմ միայն Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատելու նպատակով մեկնող անձինք, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, պարտավոր են միգրացիոն հաշվառում անցնել «Ամինա» հավելվածով:
Տաթեւիկ Բեժանյանի տեղեկացմամբ՝ այստեղ անհրաժեշտ է նշել ՌԴ-ում հաշվառման հասցեն: Ընդ որում՝ եթե, օրինակ, պարզվի, որ անձը նշել է հարեւան շենքը, որտեղ փաստացի չի բնակվում, ոստիկանությունը կարող է տեղորոշել իրական հասցեն, ինչը հիմք կդառնա անձին վերահսկվող անձանց ռեեստր ներառելու համար:
Փորձագետը նշում է, որ ունեցել են դեպքեր, երբ, օրինակ, անձը 3 օրից ավելի չի ապրել իր նշած հասցեում, ինչի պատճառով հայտնվել է ռեեստրում: Սա էլ կարող է արտաքսման հիմք դառնալ:
«Եթե 3 օրից ավելի պետք է բացակայես քո գրանցման հասցեից, պարտավոր ես գնալ ոստիկանություն ու դիմում գրել, որ 3 օրից ավելի բացակայելու ես: Դիմումի պատճենը պետք է պահես քեզ մոտ, որ եթե հանկարծ ոստիկանությունը կորցնի, դու ցույց տաս, որ դիմումը ներկայացրել ես իրենց, որովհետեւ, եթե այն չլինի, մենք չենք կարող բողոքարկել, որ անձը պատշաճ տեղեկացրել է ոստիկանությանը»,- նշում է Տաթեւիկ Բեժանյանը:
«Ամինա» հավելվածը հետեւում է անձի տեղաշարժին եւ պարբերաբար ծանուցում է ուղարկում, ու անձը պետք է հաստատի, որ տեսել է այն: Բայց քանի որ Մոսկվայում կապի խափանումները շատ են, պատահում է, որ այդ պատճառով մարդիկ հայտնվում են համակարգից դուրս: Եվ սա նորից բավականին ծանր իրավիճակ է ստեղծում միգրանտների համար:
Ըստ Տ. Բեժանյանի՝ ՌԴ-ում չեն աշխատում WhatsApp եւ Viber հավելվածները, ու եթե անձը փորձի սրանք օգտագործելու համար օգտվել VPN-ից հենց այն հեռախոսով, որում ներբեռնված է «Ամինան», ապա վերջինս կարող է չեղարկել հաշվառումը ՌԴ-ում: Դրա համար էլ փորձագետը խորհուրդ է տալիս գոնե երկու հեռախոս պահել՝ մեկը տնեցիների հետ խոսելու, մյուսը՝ «Ամինայի» համար:
Ռուսերենից քննություն՝ դպրոց ընդունվելու համար
2025 թ. ապրիլի 1-ից օտարերկրացի երեխաները ՌԴ-ում պետական դպրոց ընդունվելու համար պարտավոր են ռուսերենից քննություն հանձնել: Ընդ որում՝ պետք է ճիշտ պատասխանել հարցերի 90 տոկոսին: Նույնիսկ 80 տոկոս ճիշտ պատասխանների դեպքում երեխան չի ընդունվի պետական դպրոց:
Միգրացիոն հարցերի փորձագետն ասում է՝ 1-ին դասարանցիների համար այս քննությունը բանավոր է, իսկ 2-11-րդ դասարանցիների համար՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր:
«Մենք անընդհատ ստանում ենք բողոքներ, որ երեխան կաշկանդվել է, հուզվել է, չի կարողացել պատասխանել, եւ թղթերը հետ են տվել»,- պատմում է մեր զրուցակիցն ու ավելացնում, որ ՌԴ մեկնող ընտանիքներին միշտ ասում է, որ երեխաներին ռուսերենի պարապմունքների տանեն, որպեսզի այնտեղ երեխան պատրաստված լինի: Բեժանյանը նշում է, որ դեպքեր են եղել, երբ երեխան պետական դպրոց չի ընդունվել, եւ իրենք փորձել են օգնել, որ գոնե մասնավոր դպրոցներ հաճախեն, որոնք, սակայն, բավական թանկ են:
Ըստ փորձագետի՝ ՌԴ-ի կողմից վերջին խստացումների պատճառով 30 տոկոսով նվազել է այդ երկիր մեկնող ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների թիվը: Եթե մինչեւ խստացումները շուրջ 100 հազար հայաստանցի օրինական աշխատանքային միգրանտ է եղել ՌԴ-ում, ապա խստացումների մի քանի ալիքից հետո այդ թիվն իջել է 70 հազարից:
Նյութը պատրաստվել է «Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով իրականացված մեդիատուրի շրջանակներում
Տես նաեւ՝
- Բեռնատարի վարորդները՝ գործը կորցնելու վտանգի առաջ
- Նոր խստացումներ հունիսից. ի՞նչ կփոխվի ՌԴ միգրացիոն օրենսդրությունում
Գլխավոր լուսանկարը՝ wikimedia.org-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել