Տարիներ ձգվող գարշահոտություն. Նուռնուսի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով աղտոտված օդից։ Ընկերության տնօրենն ասում է՝ Նուռնուսում աշխատում են միայն ձմռան ամիսներին, այս պահին արտադրությունը չի գործում, բայց պատրաստ են լսել բնակիչների բողոքը և մինչեւ հաջորդ ձմեռ մոնիթորինգ անել։
Նուռնուսում տիրող գարշահոտությունից բնակիչներին վաղուց են բողոքում։ Դեռևս 2014թ. նրանք բողոքի ակցիա էին իրականացրել՝ քարերով փակելով արտադրամաս տանող ճանապարհը։ Դեռ այդ ժամանակ ընկերության տնօրենը վստահեցրել էր՝ ֆիլտրացիայի բարելավման աշխատանքներ են իրականացնում, երկու ամսվա ընթացքում գարշահոտությունը կնվազի և բնակիչներին այլեւս չի անհանգստացնի։
2015թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր «Առողջ սունկ» ընկերության արտադրամասեր, ծանոթացել հումքի արտադրամասի պատճառով մթնոլորտային օդի աղտոտման խնդրին: Ընկերության ղեկավարությունը հայտնել էր, որ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ օդի աղտոտվածության հարցը որոշ չափով լուծվել է:
«Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- հայտնել էր Հովիկ Աբրահամյանը։
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ համոզմունք էր հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն, և տհաճ հոտը կվերանա:
Սակայն գարշահոտությունը չվերացավ, 2018-ին Նուռնուսի բնակիչները կրկին փակեցին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասի ճանապարհը: Իսկ 2019-ին Կառավարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ ասվում էր՝ սնկի կոմպոստն արդեն Ջրաբերում են մշակում՝ բնակելի վայրից 3կմ հեռավորության վրա, Նուռնուսն ազատվել է գարշահոտությունից։
Նուռնուսի բնակիչ Արգինա Անտոնյանը նշում է՝ թեև մի քանի տարի առաջ գարշահոտությունը նվազել էր, հիմա բնակավայրում նորից նույն վատ օդն է։
«Շատ վատ հոտ ա գալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Հնարավոր չի շնչել, լուսամուտ բացել չենք կարողանում։ Լինում ա, որ հյուրեր ենք ունենում, մեկ էլ նենց ա հոտը տալիս, որ սաղ բերանները փակում, գնում են։ Անընդհատ բողոքել ենք, հիմա հույսներս լրատվամիջոցն է»,- ասում է տիկին Արգինան։
Նուռնուսի բնակիչների ահազանգերին ԲԸՏՄ-ն արձագանքում է 3 ամիս անց
Մեզ հետ զրուցած Նուռնուսի բնակիչները հայտնեցին, որ 2025-ի դեկտեմբերին դիմել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։
«Հետքը» գրավոր հարցմամբ 2026-ի հունվարին դիմեց Տեսչական մարմնին՝ պարզելու, թե ինչ քայլեր է ձեռնարկում բնակիչների բարձրացած խնդիրներին արձագանքելու համար։
Տեսչական մարմնից հայտնեցին, որ թեժ գծի 119 հեռախոսահամարին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի վերաբերյալ 2025թ. դեկտեմբերի 23-ին ստացված ահազանգի հիման վրա Տեսչական մարմնում հարուցվել է ստուգման վարույթ։ «Ստուգման արդյունքների մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է Տեսչական մարմինը։
Քանի որ այլևս որևէ տեղեկություն չստացանք, իսկ բնակիչները շարունակում էին դիմել «Հետք»-ին, ապրիլին ևս մեկ հարցում ուղարկեցինք։ ԲԸՏՄ-ն կրկին նմանատիպ պատասխան տվեց. «2025 թվականի դեկտեմբերի 23-ին ստացված «Առողջ սունկ» ՍՊԸ-ի վերաբերյալ ահազանգի հիման վրա Տեսչական մարմնում հարուցված ստուգման վարույթն ընթացքի մեջ է։ Ստուգման արդյունքների մասին Ձեզ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Մայիսի 6-ին ԲԸՏՄ-ն տեղեկություններ հայտնեց ստուգման վարույթի արդյունքների մասին։
««Առողջ սունկ» ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող կոմպոստի արտադրամասում 24.03.2026թ․, 27․03․2026թ․, 01․04․2026թ․ և 02․04․2026թ․ իրականացվել են մթնոլորտ արտանետումների նմուշառումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ընկերության գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի փաստացի չափաքանակները չեն գերազանցում Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2014 թվականի տրված սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծով սահմանված չափաքանակները»,- ասված է Տեսչական մարմնի պատասխանում։
Փաստորեն, ստուգումներն իրականացվել են բնակչի ահազանգից 3 ամիս անց։ Անհասկանալի է, թե ինչու է Տեսչական մարմնից այդքան ժամանակ պահանջվել։
Տեսչական մարմինը պարզել է, որ ընկերությունը օգտագործում է ոչ թե սահմանային թույլատրելի արտանետումներով (ՍԹԱ) նախատեսված ֆիլտրացիոն համակարգը, այլ նոր կառուցված ֆիլտրացիոն համակարգ, արտադրական գործունեությունն իրականացվում է ՍԹԱ նախագծով սահմանված պայմանների խախտումով՝ չի կիրառվում ՍԹԱ-ով նախատեսված վնասակար նյութերի արտանետման աղբյուրը, այլ կիրառվում է ներդրված նոր ֆիլտրացիոն համակարգը։
«Խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, այն է՝ իրականացնել գործունեություն սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100 000 դրամի չափով։
Միաժամանակ ընկերությանը տրվել է հանձնարարական՝ գործունեությունն իրականացնել ՍԹԱ-ի պայմաններին համապատասխան։ Ներկա պահին ընկերությունը, եղանակային պայմաններից ելնելով, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում գործունեություն չի իրականացնում, այլ իրականացնում է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում գտնվող արտադրամասում»,- հայտնել են Տեսչական մարմնից։
«Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Արեգ Ազոյանը հավաստիացնում է՝ Նուռնուսում աշխատում են միայն ձմռանը
«Մենք մեր արտադրությունը 2019թ. տեղափոխել ենք Ջրաբեր, այնտեղ ենք աշխատում։ Ձմռանը Ջրաբերում անտանելի պայմաններ են, տարվա կտրվածքով ընդամենը էդ 3 ամիսը մենք տեղափոխվում ենք Նուռնուս»,- ասում է նա։
Տնօրենի խոսքով՝ կոմպոստը պատրաստելիս թռչնաղբ են օգտագործում, որն էլ տհաճ հոտ ունի։ Հավաստիացնում է, որ կապ են պահում բնակիչների հետ, պարբերաբար հարցնում են եւ ստանում պատասխան, որ շատ հազվադեպ է տհաճ հոտ լինում, ամսվա մեջ 1-2 օր՝ քամիներով պայմանավորված։
Արեգ Ազոյանը նշում է՝ նախկինում բողոքները շատ էին, որովհետև մարդիկ ամռանը պատուհանները բացում էին, և տհաճ հոտը ցողի նման մթնոլորտում կուտակվում էր, ցողի պես նստում, մտնում մարդկանց տները։
«Էն որ ասում ա՝ մարդու աչքը ավելի լավա դուրս գա, քան անունը, ինչ կա-չկա, հիմա արդեն ավտոմատ կապվում է մեզ հետ։ Մենք հիմա էնտեղ չենք աշխատում, մինչև դեկտեմբեր ընդհանրապես չենք պլանավորում աշխատել»,- վստահեցնում է Արեգ Ազոյանը։
2022թ. «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը դիմել է Սնանկության դատարան՝ «Առողջ սունկ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով։ Վարույթը դեռ շարունակվում է։
Արեգ Ազոյանի խոսքով՝ ընկերությունը սնանկացել է Նուռնուսից հեռանալու պատճառով։
«Երբ որոշեցինք Ջրաբերում կառուցել, մեր եղած չնչին ռեսուրսը դրեցինք, որ տեղափոխման հարցերը լուծենք, չկարողացանք վարկերը սպասարկել, հիմա առողջացման ծրագիր ունենք, փորձում ենք առողջանալ։ Էդ ամեն ինչն արել ենք ինքնակամ, ինքնակամ հեռացել ենք էդ համայնքից՝ մարդկանց նեղություն չտալու համար։ Կարող ա՝ շաբաթվա մեջ, բախտդ չբերի՝ քամի լինի, էդ թռչնաղբի հոտն իջնի ինչ-որ անկյուն»,- նշում է նա։
Ընկերության տնօրենն ասում է՝ արդեն 2 շաբաթ է՝ Նուռնուսի արտադրամասը չի գործում, մինչև ձմեռ այնտեղ չեն աշխատելու, պատրաստ են լսել բնակիչների բողոքները և մոնիթորինգ իրականացնել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել