HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հայտարարագրել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակն աչքի է ընկնում ոչ միայն երիտասարդ կազմով, այլև թեկնածուների ֆինանսական կարողությունների մեծ տարբերություններով։ Ո՞վ է ցուցակի ամենահարուստ անդամը, որքա՞ն է թեկնածուների միջին տարիքը, և ինչո՞վ են զբաղվում ցուցակի առաջին համարները քաղաքականությունից զատ։ «Հետք»-ը ուսումնասիրել է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը և առանձնացրել «ամենա»-ներին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված պատգամավորի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Հայտարարագրերում արտացոլված են ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների գույքի, եկամուտների ու դրամական միջոցների վերաբերյալ տվյալները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2015 թվականի դեկտեմբերին հիմնադրել են Էդմոն Մարուքյանը և նրա համախոհները։ Կուսակցությունը որդեգրել էր դասական լիբերալիզմի և եվրոպական մոդելի պետականաշինության գաղափարախոսությունը։

Կուսակցությունը 2016 թվականի Վանաձորի ավագանու ընտրություններում դարձավ քաղաքի երկրորդ քաղաքական ուժը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետության» հետ ձևավորեց «Ելք» դաշինքը, որն այն ժամանակ միակ արևմտամետ ընդդիմադիր ուժն էր ԱԺ-ում։ 2018 թվականի արտահերթ ընտրություններին կուսակցությունը մասնակցեց առանձին և անցավ խորհրդարան, սակայն 2021 թվականի արտահերթ ընտրություններում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ներառված է 89 թեկնածու։ Ցուցակի առաջին համարը Էդմոն Մարուքյանն է։ Մարուքյանը եղել է պատգամավոր 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների Ազգային Ժողովում։ 2022-2024 թվականներին Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր։ 

Էդմոն Մարուքյանը երկու բնակարան ունի. մեկը 121.7 քմ է և գտնվում է Երևանում, երկրորդը 51.54 քմ է և գտնվում է Մարուքյանի հայրենի Վանաձորում։ Մարուքյանին է պատկանում նաև 18.8 քմ մակերեսով ավտոտնակ Երևանում և 2024 թվականի արտադրության «Toyota Camry» մեքենա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը հաշվետու ժամանակահատվածում 4 մլն 774 հազար դրամ եկամուտ է ստացել։ Մարուքյանը 2,3 մլն դրամ աշխատավարձ ստացել է «Կոնտինենտալ թրեյդինգ քամփնի» ՍՊԸ-ից, 2 մլն 281 հազար դրամ՝ «Գլոբալ Ռիթեյլ» ՍՊԸ-ից։ Իսկ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից Մարուքյանը 189 հազար դրամ հոնորար է ստացել։ Մարուքյանի դրամական միջոցները կազմում են 23 մլն դրամ և 1565 եվրո։

«Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակի երկրորդ համարը լրագրող Կարպիս Փաշոյանն է։ Փաշոյանը 2024 թվականի մարտից Էդմոն Մարուքյանի հետ վարում է «Platform» փոդքաստը։ Նա նաև հարցազրույցներ է վարում իր յութուբյան ալիքում։

Փաշոյանը Երևանում գտնվող 61 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է, ունի 2006 թվականի արտադրության «Honda civic» մակնիշի ավտոմեքենա։ Եկամուտ և դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Հակակոռուպցիոն փորձագետ, Լիբերալ քաղաքականության դպրոցի համակարգող Շուշանիկ Ավագյանը ցուցակում երրորդն է։ Նա հաշվետու ժամանակահատվածում 5,9 մլն դրամի եկամուտ է ստացել՝ մոտ 5 մլն դրամ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից, և 920 հազար դրամ՝ Լիբերալ քաղաքականության ինստիտուտից։

Ավագյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 74.8 քմ մակերեսով բնակարան և կառուցվող շենքում 54.9 քմ մակերեսով բնակարանի գնման իրավունք։ Շուշանիկ Ավագյանը հայտարարագրել է 200.000 դրամ, 1200 դոլար և 500 եվրո։

Նախընտրական ցուցակի չորրորդ հորիզոնականում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է։ Նա 93 քմ մակերեսով, համատեղ սեփականությամբ բնակարան ունի Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, առանձնատուն և հողամաս Կոտայքի մարզում։ Գորգիսյանն ունի նաև 2010 թվականի արտադրության «Kia Sorento» ավտոմեքենա։

Հաշվետու ժամանակատվածում Գորգիսյանը մոտ 27 մլն դրամ աշխատավարձ է ստացել ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող «Էպամ սիսթեմզ» ընկերությունից։ Գորգիսյանը հայտարարագրել է 2.6 մլն դրամ։

Քիմիական նյութերի մեծածախ առևտրով զբաղվող «Պրապիոն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սուրեն Գյուրջինյանը ցուցակում հինգերորդն է։ Նրան է պատկանում «Պրապիոն» ՍՊԸ-ի 50%-ը և «Էյ թի էմ էս սոլյուշնս» ՍՊԸ-ի 18%-ը։

Գյուրջինյանը հայտարարագրել է 62.7 և 86.7 քմ մակերեսով 2 բնակարան Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում և 2 ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության «Honda CRV» և 2022 թվականի արտադրության «Mazda CX 50»։

Գյուրջինյանը «Պրապիոն» ՍՊԸ-ից որպես շահաբաժին ստացել է 122 մլն դրամ, որպես աշխատավարձ՝ 8.4 մլն դրամ, որպես վարձավճար՝ 3.3 մլն դրամ։ Եվս 12.7 մլն դրամ շահաբաժին Գյուրջինյանը ստացել է «Էյ թի էմ էս սոլյուշնս» ՍՊԸ-ից։ Սուրեն Գյուրջինյանի դրամական միջոցները կազմել են 2.2 մլն դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համար Աննա Բաբայանը աշխատում է «Գուդ սոֆթ» ՍՊԸ-ում որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։ Նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Հաշվետու շրջանում Բաբայանը 5 տարբեր ընկերություններից և ԵՊՀ-ից ստացել է ընդհանուր առմամբ 5.3 մլն դրամ աշխատավարձ։ Բաբայանը հայտարարագրել է նաև 5.1 մլն դրամ, 17.000 դոլար և 210.000 ռուբլի։

Արարատ Ղուլյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակում 7-րդն է։ Նա չի աշխատում։ Ղուլյանին է պատկանում Գորիսում գտնվող 86 քմ մակերեսով մեկ բնակարան, երկու հողամաս և մեկ բնակելի տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրում։ Արարատ Ղուլյանը հայտարարագրել է «Vaz 2121» մակնիշի երկու ավտոմեքենա՝ 2008 և 1992 թվականների արտադրության։ Հաշվետու ժամանակահատվածում Ղուլյանի դրամական միջոցները կազմել են 700.000 դրամ։

«Անփորձանք» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Սիրադեղյանը ցուցակում 8-րդն է։ Համատեղ սեփականության իրավունքով նրան է պատկանում Նոյեմբերյան համայնքում գտնվող 75.26 քմ մակերեսով մեկ բնակարան և երկու հողամաս ընդհանուր 2.1 քմ մակերեսով։ Սիրադեղյանը երեք ավտոմեքենա ունի՝ 2004-ի արտադրության «BMW», 1999-ի արտադրության «Opel Astra» և 1983 թվականի արտադրության «Vaz 21061»։ Նարեկ Սիրադեղյանը հայտարարագրել է 10 մլն դրամ, 5000 դոլար և 5000 եվրո։ Ձեռնարկատիրական գործունեությունից Սիրադեղյանը ստացել է 15 մլն դրամ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 9-րդ համար Վարդուհի Քոլյանը մաքսային ձևակերպումների մասնագետ է։ Նա Երևանում գտնվող 42.9 քմ մակերեսով և Ծաղկաձորում գտնվող 63.3 քմ մակերեսով բնակարանների սեփականատեր է։ Քոլյանը նաև հողամաս ունի Փարաքար բնակավայրում։ Նախորդ 12 ամիսներին Քոլյանը 5 մլն դրամ շահույթ է ստացել «Ջի վի փարթներս» ՍՊԸ-ից։ Նրա դրամական միջոցները կազմել են 200.000 դրամ։ Քոլյանը հայտարարագրել է նաև 2019 թվականի արտադրության «Mercedes Benz»։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է Արման Հովսեփյանը։ Նա Հայաստանի նկարիչների միության «Դիզայներ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունից Հովսեփյանը 900.000 դրամ աշխատավարձ է ստացել։

Նա հայտարարագրել է համատեղ սեփականության 78.38 քմ մակերեսով մեկ բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, 1122 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածք և 0.08 քմ մակերեսով հողամաս Արտաշատ համայնքում։ Հովսեփյանը երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ մեկ բեռնատար և մեկ մարդատար, երկուսն էլ 2008 թվականի արտադրության են։ Հովսեփյանը հայտարարագրել է նաև 3.2 մլն դրամ և 8300 դոլար։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված 89 թեկնածուներից ամենաշատ եկամուտը ունեցել է Սուրեն Գյուրջյանը։ Նա որպես աշխատավարձ և շահաբաժին «Պրապիոն» և «Էյ թի էմ էս» ՍՊԸ-ներից ստացել է 146 մլն 665 հազար դրամ եկամուտ։

Երկրորդ ամենաշատ եկամուտն ունեցողը Գևորգ Գորգիսյանն է՝ 26.9 մլն դրամ, երրորդը՝ Գրիգորի Դոխոյանը՝ 18.3 մլն դրամ, չորրորդ տեղում Նարեկ Սիրադեղյանն է՝ 15 մլն դրամ, հինգերորդում՝Կարեն Սիմոնյանը՝ 12.4 մլն դրամ, իսկ վեցերորդ տեղում՝ Արտակ Ասատրյանը՝ 11.6 մլն դրամ։

Եկամուտները՝ միջակայքով + (3).jpg (206 KB)

Պատգամավորի մյուս թեկնածուների եկամուտը նախորդ 12 ամիսներին 10 մլն դրամից պակաս է եղել։ Նրանցից 15-ը առհասարակ եկամուտ չի ունեցել։

«Լուսավոր Հայաստանի» ցուցակում ամենաշատ դրամական միջոցներ ունի Գրիգորի Դոխոյանը։ Նա հայտարարագրել է 36 մլն դրամ։ Երկրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրածը Աիդա Ազատյանն է՝ 94 հազար դոլար և 300 հազար դրամ։ Երրորդը Էդմոն Մարուքյանն է, որը հայտարարագրել է 23 մլն դրամ և 1565 եվրո։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի թեկնածուներից 21-ը դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Դրամական միջոցները՝ միջակայքով + (2).jpg (185 KB)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում 45%-ը կանայք են, 55%-ը՝ տղամարդիկ։ Անկուսակցական է ցուցակում ընդգրկվածներից 25-ը։ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակը բավական երիտասարդ է։ Թեկնածուների միջին տարիքը 41 է։ Ամենաերիտասարդ թեկնածուներն են Լիլիթ Շիրինյանը, Տաթև Խաչատրյանը և Հերմինե Ղազարյանը։ Նրանք 25 տարեկան են։ Ամենատարեց թեկնածուն 88-ամյա Սիլֆետ Մարգարյանն է։ Կուսակցության ցուցակի 89 թեկնածուներից 18-ը չի աշխատում, 4-ը թոշակառու է։

սեռատարիքային կազմ + (5).jpg (243 KB)Ըստ զբաղվածության + (3).jpg (461 KB)

«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերի հետաքրքիր մանրամասները։

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter