HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Սոնա Մնացականյանի գործով դատավճիռը Վերաքննիչը թողեց անփոփոխ․ և՛ տուժող կողմը, և՛ վարորդի պաշտպանները դժգոհ են

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել վարչապետի ավտոշարասյան վթարից մահացած Սոնա Մնացականյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Դատարանը մերժել է թե՛ տուժող կողմի՝ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցչի, թե՛ վարորդ Արամ Նավասարդյանի պաշտպանների բողոքները։

Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսի 30-ին Առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին։ Վերջինս դատապարտվել էր ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Նույն ժամկետով էլ նա զրկվել էր ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Պատժին հաշվակցվել էր Արամ Նավասարդյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, և վերջնական պատիժ նշանակվել 1 տարի 5 ամիս 26 օրը։

Գործով տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը և նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը միջնորդել էին Վերաքննիչ դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով։ Իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատավճռից դժգոհ էին թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Սոնա Մնացականյանի հայրն ակնկալում է առավել խիստ պատիժ` 4 տարվա ազատազրկում, իսկ վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը կարծում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է և պետք է արդարացվի։

Վերաքննիչ դատարանի որոշումը ևս կողմերի դժգոհությունն է առաջացրել։ «Հետքի» հետ զրույցում Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը և վարորդ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասացին, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։

Րաֆֆի Ասլանյանը պնդում է՝ վարորդի նկատմամբ նախատեսված պատիժը ակնհայտ մեղմ է և պետք է խստացվի։ «Բազմիցս ասել եմ` այս գործը գտնվում է պետության ղեկավարի ուղիղ հովանավորության ներքո»,- նշում է Ասլանյանը։ Նա խնդրահարույց է համարում այն հանգամանքը, որ անհետացել են վարչապետի ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։

«Մենք այսքան բարձրաձայնել ենք, ասել ենք` այդ ձայնագրությունները ոչնչացված կամ թաքցված են, չկան, սակայն դրան որևէ արձագանք չկա, իսկ դա հենց էնպես չի լինում։ Եթե չլիներ ամենաբարձր ղեկավարության համաձայնությունը, հիմա մարդիկ կդատվեին դրա համար»,- նշում է փաստաբանը։ Նա Վճռաբեկ դատարանից ևս մեծ ակնկալիքներ չունի։ «Մեծ ակնկալիք չկա, քանի որ երբ որ պատվերը իջեցվում է, բոլոր ատյաններին միանգամից է իջեցվում, և բոլորը գիտեն, թե դատական ակտի ելքը ինչպիսինն է լինելու»,- նշում է Րաֆֆի Ասլանյանը։

Փաստաբանի կարծիքով՝ ամեն ինչ արվում է, որ վարորդը ցուցմունք չտա ավտոշարասյան ղեկավարների և ընդհուպ մինչև պետության ղեկավարի դեմ. «Որովհետև ձայնագրությունը թաքցնելը որևէ այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել։ Ի՞նչ եք թաքցնում, թե ով ում ինչ ասե՞ց, ի՞նչ հանձնարարական տվեց։ Սա նշանակում է, որ պետության ղեկավարի ձայնն է հնչել, կամ իր հանձնարարությունն է անուղղակի կերպով փոխանցվել, և իրենք սրանից են խորշում»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը։ Փաստաբանն ասաց, որ մինչև վերջ պայքարելու են, և եթե Վճռաբեկ դատարանն էլ չբավարարի իրենց բողոքը, դիմելու են Միջազգային դատարան։

Վարորդ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ռադիոկապի ձայնագրությունների անհետացմանը, ասաց. «Սա ընդամենը վրաերթ է, այդ ձայնագրություններն ընդհանրապես կապ չունեն էս վրաերթի հետ։ Մենք ունենք թվով 7 տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե դեպքը ոնց է տեղի ունեցել»։ 

Ռուբեն Բալոյանը պնդում է, որ վարորդը փախուստի չի դիմել դեպքի վայրից, այնինչ Վերաքննիչ դատարանը այդ հանգամանքը ևս թողել է անփոփոխ։ «Ես լուրջ չեմ վերաբերվում Վերաքննիչ դատարանի որոշմանը. սա օբյեկտիվ ու արդար որոշում չէ։ Օրենքի խախտումներով որոշում է, և պարտադիր բողոքարկելու ենք»,- նշեց նա։

Սակայն տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը համաձայն չէ Ռուբեն Բալոյանի այն պնդմանը, թե վարորդը փախուստի չի դիմել։ Ասլանյանը նշում է, որ վարորդը մեքենայով հեռացել է դեպքի վայրից. «Հետո մի քանի ժամ անց, երբ իրեն տեղեկացրել են, որ պետք է գնա դեպքի վայր, հետ է եկել։ Մենք հենց դա ենք ասում, որ փախուստի դիմած վարորդի նկատմամբ պատիժը պետք է խիստ լիներ»,- նշում է Ասլանյանը։

Ռուբեն Բալոյանն ասաց, որ այս գործի քննության ընթացքում լուրջ խախտումներ են թույլ տրվել։ «Վտանգի առաջացման պահն են սխալ որոշել, ՃՏՀ (ճանապարհատրանսպորտային հանցագործությունների) քննիչը ԱԱԾ-ի աշխատողի վերաբերյալ գործ է քննել, որի իրավունքը չուներ, տեսաձայնագրային փորձաքննության ժամանակ փորձագետը 1 կադրը հանել է փորձաքննության հետազոտման միջից, 72կմ/ժ արագություն է եղել, սարքել են 107 կմ/ժ։ Բացի դա, փորձաքննության ընթացքում ես հարց եմ առաջադրել, դատախազը էդ հարցը հանել է, որի իրավունքը չուներ, դա էլ լիազորությունների չարաշահում է Երևան քաղաքի դատախազության կողմից»,- ասաց Ռուբեն Բալոյանը։ 

Պաշտպանի պնդմամբ՝ վարորդ Արամ Նավասարդյանի դեմ ներկայացված վնասի փոխհատուցման հայցը, որով պահանջվել է 18 մլն դրամ, և դատարանը բավարարել է 4 մլն դրամը, ևս իրավաչափ չի եղել։ «Նա ծառայողական պարտականությունները կատարելիս է եղել։ Աշխատողի նկատմամբ, որը որ ծառայության մեջ է, հայց չեն բավարարում»,- նշեց Բալոյանը։  

Ռուբեն Բալոյանի մատնանշած խնդիրների վերաբերյալ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ բոլոր հանգամանքները դատարանը հերքել է. «Այսօր մենք ունենք արդեն երկու դատական ակտ, որոնք ասում են, որ նրա ասածներն իրականությանը չեն համապատասխանում։ Մեր խնդիրը պատիժն է, որ փախուստի դիմած վարորդի նկատմամբ նշանակված պատիժը մեղմ է»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը։

Վերաքննիչ դատարանի դատավորներից երկուսն են կողմ եղել որոշմանը, դատավորներից մեկը դեմ է եղել և հատուկ կարծիք է գրել։ Սակայն, այս պահին կողմերը չեն ծանոթացել ոչ դատարանի որոշմանը, ոչ դատավորներից մեկի հատուկ կարծիքին։

Գլխավոր լուսանկարում՝ Սոնա Մնացականյանը, աղբյուրը՝ Սոնա Մնացականյանի ամուսնու՝ Աշոտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter