Ի՞նչ են հայտարարագրել «Միասնության թևեր» կուսակցության թեկնածուները
«Միասնության թևեր» կուսակցության 79 պատգամավորի թեկնածուներից 20-ը գործազուրկ է, 16-ը՝ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել, 22-ը՝ չի ունեցել ոչ մի դրամ։ Սակայն, թեկնածուներից 15-ի տարեկան եկամուտը գերազանցում է 10 մլն դրամը։
Կուսակցության նախընտրական ցուցակում գերիշխում են 25-44 տարեկանները, սակայն 9 թեկնածու 55 և բարձր տարիքի է:
«Հետք»-ը ուսումնասիրել է «Միասնության թևեր» կուսակցության 79 թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Հատկապես ուշադրություն ենք դարձրել ցուցակի առաջին 5 հոգուն և նրանց, ովքեր մեծ գումարներ կամ ունեցվածք են հայտարարագրել։
«Միասնության թևեր» կուսակցությունը հիմնադրվել է 2026թ. ապրիլի 15-ին։ Մինչ այդ՝ 2025թ. հոկտեմբերի 9-ից, գործում էր որպես շարժում։ Կուսակցությունը հիմնադրել են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Համագործակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ: 2026թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին էլ մասնակցում են համատեղ ցուցակով:
«Միասնության թևեր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արման Թաթոյանը: Նա նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է: 2016-2022թթ. եղել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Թաթոյանը հայտարարագրել է երեք միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 184 քմ մակերեսով բնակարան, 25,5 քմ բնակելի կառուցապատման տարածք և մոտ 26 քմ ավտոկայանատեղի:
Ըստ հայտարարագրի՝ Արման Թաթոյանն ավտոմեքենա և 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չունի:
2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Ա. Թաթոյանի եկամուտները կազմել են մոտ 39 մլն 929 հազ. դրամ, որոնք գոյացել են երեք աղբյուրից ստացված աշխատավարձից: Ա. Թաթոյանն ամենաշատ եկամուտը ստացել է Ամերիկյան համալսարանից՝ մոտ 33 մլն 445 հազ. դրամ:
«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդը նաև դրամական միջոցներ է հայտարարագրել՝ 80 մլն դրամ և 55 հազ․ 700 ԱՄՆ դոլար:
Կուսակցության երկրորդ համարը Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն է: Նա ևս երեք միավոր անշարժ գույք է հայտարարագրել՝ Արաբկիր վարչական շրջանում 257 քմ մակերեսով տուն և կից 264 քմ հողատարածք, 156 քմ մակերեսով բնակարան Կոմիտասի պողոտայում և 89 քմ մակերեսով բնակարան Բաբայան փողոցում:
Դավիթ Անանյանն ավտոմեքենա չունի: Որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 52 հազ․ 920 ԱՄՆ դոլար արժողությամբ արժեթղթեր (FRHC.US` 159 հատ և QBTS.US` 1684 հատ):
2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Դ. Անանյանը ստացել է մոտ 79 մլն 724 հազ. դրամ եկամուտ՝ աշխատավարձ և շահաբաժին «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ-ից, շահաբաժին «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ից և տրված փոխառության վերադարձից:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է 48 մլն 372 հազ. դրամ, 35 հազ. ԱՄՆ դոլար և 13 հազ․ 500 եվրո:
«Միասնության թևերի» ցուցակի երրորդ համարը զբաղեցնում է Աստղիկ Մատինյանը: Նա իրավաբան է, դասախոս: Հայտարարագրել է երկու անշարժ գույք Երևան քաղաքում՝ 75.9 քմ մակերեսով բնակարան Կենտրոն վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում, որը միանձնյա սեփականություն է, և 75 քմ բնակարան Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան փողոցում, որպես ընդհանուր համատեղ սեփականություն:
Պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է 2013թ. արտադրության KIA SOUL մակնիշի ավտոմեքենա:
2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացել է մոտ 1 մլն 282 հազ. դրամ աշխատավարձ՝ «Հյուսիսային համալսարանից» և «Նոր էտապ» ՀԿ-ից: Իսկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ և 8700 ԱՄՆ դոլար:
Կուսակցության ցուցակի չորրորդ համարը զբաղեցնում է Շահեն Հարությունյանը: Թեկնածուն չի աշխատում: Որպես եկամուտ հայտարարագրել է՝ 18 մլն 367 հազ. դրամ, որից 17 մլն 600 հազ. դրամը վարկն է, իսկ 767 հազ. դրամը՝ երկու անձից ստացված նվիրատվությունը: Շ. Հարությունյանը նվիրատվություն է ստացել նաև 5600 ԱՄՆ դոլար:
2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում պատգամավորության թեկնածուի դրամական միջոցները կազմել են 710 հազ. դրամ:
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում ունի 37,22 քմ բնակարան, որը միանձնյա սեփականություն է, և 2011թ. արտադրության Nissan Altima 2.5 SL մակնիշի ավտոմեքենա:
Ավետիս Ավետիսյանը «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի 5-րդ համարն է: Նա անհատ ձեռնարկատեր է և միաժամանակ հանդիսանում է «Պոպուտի էյ էմ» ՓԲԸ-ի փոխտնօրենը:
Թեկնածուն Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում, միանձնյա սեփականության իրավունքով, ունի 75,5 քմ բնակարան:
Ավետիսյանը հայտարարագրել է նաև Dongfeng Forthing m5 EV MPV մակնիշի 15 հատ ավտոմեքենա, բոլորն էլ՝ 2025թ. արտադրության:
Պատգամավորության թեկնածուն նշված ժամանակահատվածում ստացել է 34 մլն 813 հազ. դրամի և 720 հազ. ռուբլու եկամուտ, որոնք գոյացել են հողամասի և մեքենայի օտարումից, աշխատավարձից, վարկից, թոշակից և ծառայության մատուցման դիմաց ստացած վարձատրությունից:
Ավետիս Ավետիսյանը հայտարարագրել է նաև դրամական միջոցներ՝ 9 մլն 800 հազ. դրամ և 300 եվրո:
Ցուցակում կան անձինք, ովքեր մեծ կարողություն ունեն: Օրինակ՝ պատգամավորության թեկնածու Արմեն Գալստյանը կուսակցության 7-րդ համարն է: 26 միավոր անշարժ գույք է հայտարարագրել: Դրանցից մեկը 105 քմ մակերեսով բնակարան է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, 19,63 քմ ավտոտնակ՝ Չարենցավանում և 800 քմ հողամաս Երևանի Քըրք Քըրքորյան փողոցում, մնացած 23 միավորը հողամասեր են Կոտայքի մարզում:
Արմեն Գալստյանի հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 20,2 հա: Եկամուտները կազմել են մոտ 21 մլն դրամ, դրամական միջոցները՝ 22 մլն 500 հազ. դրամ, 35 հազ. 500 ԱՄՆ դոլար, 16 հազ. 300 եվրո և 16 մլն 700 հազ. ռուսական ռուբլի:
Թեկնածուին է պատկանում «Իրավական լուծումներ» ՍՊԸ-ի 100%-ը:
Դրամի վերածած հաշվարկով ամենաշատ դրամական միջոցներն ունի Արմեն Գալստյանը։ Նրան հաջորդում են Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը, Արմեն Եղիազարյանը և Մկրտիչ Նազինյանը։
Արմեն Եղիազարյանը հայտարարագրել է 6 միավոր անշարժ գույք՝ 62,5 քմ և 75 քմ մակերեսով երկու բնակարան և 251 քմ առանձնատուն, մոտ 50 քմ հասարակական նշանակության տարածք Վանաձոր քաղաքում և 711 քմ հողատարածք Լեռնապատ գյուղում:
Թեկնածուն հայտարարագրել է 117 հազ. դրամ եկամուտ, որը ստացել է «Ագենտում» ՍՊԸ-ից: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Արմեն Եղիազարյանը հաշվետու ժամանակահատվածում ունեցել է 18 մլն 630 հազ. դրամ, 23 հազ. 900 ԱՄՆ դոլար, 2300 եվրո և 670 հազ. ռուսական ռուբլի:
Մկրտիչ Նազինյանը «Միասնության թևեր»-ի ընտրական ցուցակում 46-րդ համարն է: Թեկնածուն «Խաչմիշշին» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենն է, ինչպես նաև «Սահմանադրական Հանրապետություն» քաղաքական նախաձեռնության ծրագրի համակարգողն է:
Հայտարարագրել է երկու առանձնատուն Իջևան քաղաքում՝ 460 և 233 քմ մակերեսով, ինչպես նաև մոտ 2,9 հա հողատարածք Աչաջուր գյուղում:
Եկամուտը կազմել է 4 մլն 374 հազ դրամ, որը գոյացել է երկու աղբյուրից ստացված աշխատավարձից: Իսկ դրամական միջոցները կազմում են 22 մլն դրամ և 12 հազ. 500 ԱՄՆ դոլար:
Եկամուտների հանրագումարով պատկերն այլ է: Ամենաշատ եկամուտ հայտարարագրել է ցուցակի 35-րդ համար Սուրեն Ղալումյանը՝ 85 մլն 517 հազ. դրամ, այնուհետև Դավիթ Անանյանը՝ 79 մլն 724 հազ. դրամ: Եկամուտների հանրագումարով 5-րդ տեղում ցուցակը գլխավորող Արման Թաթոյանն է՝ մոտ 40 մլն դրամ:
«Միասնության թևերի» ցուցակը՝ սեռային, տարիքային ու ֆինանսական բաշխմամբ
«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը կազմված է 79 թեկնածուից: Թեկնածուների կեսից ավելին՝ 48-ը, արական սեռի են, իսկ 31-ը՝ իգական:
Ցուցակում տեղ գտած թեկնածուների գերակշիռ մասը կուսակցական է: Նրանցից 56-ը՝ «Միասնության թևեր», իսկ 12-ը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության անդամ են: Անկուսակցական է 11 թեկնածու:
Թեկնածուներից 26-ը 25-34 տարեկան է, 32-ը՝ 35-44 տարեկան, 12 հոգի 45-55 տարեկան է, իսկ 9-ը՝ 55 և բարձր տարիքի:
.jpg)
Նշենք, որ ամենաերիտասարդ թեկնածուները ցուցակի 55, 45 և 20 համարներն են՝ 25 տարեկան։ Տարիքով ամենամեծ թեկնածուները ցուցակի 63 և 54 համարներն են՝ երկուսն էլ 67 տարեկան։
Ինչ վերաբերում է ֆինանսական վիճակին, ապա 79 թեկնածուից 22-ն ընդհանրապես դրամական միջոց չի հայտարարագրել, 18 թեկնածու 2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածն ունեցել է մինչև 1 մլն դրամ, 12 թեկնածու՝ 1-5 մլն դրամ, 9-ը՝ 5-10 մլն դրամ, իսկ 18-ը՝ 10 մլն դրամ և ավելին:
.jpg)
Թեկնածուներից 16-ը վերջին մեկ տարվա ընթացքում ընդհանրապես եկամուտ չի ունեցել, 14-ն ունեցել է մինչև 1 մլն դրամ, 29-ը՝ 1-5 մլն դրամ, 5-ը՝ 5-10 մլն դրամ, իսկ 10 մլն դրամ և ավելին ունեցել է 15 թեկնածու:
.jpg)
«Հետքը» առաջիկայում կներկայացնի մյուս ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերից հետաքրքիր մանրամասներ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել