HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատենադարանի ձեռագրերը փրկողները

Մատենադարանի (Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ) վերականգնման բաժնում վերակենդանացնում են ժամանակից մաշված գրքերը։ Գրապահոցից այստեղ հասնում են այն գրքերը, որոնք պետք է թարմացնել, նորոգել, նոր կյանք հաղորդել։ Մի քանի հարյուրամյակի պատմություն ունեցող գրքերը պահոցի մութ դարակներից դուրս գալուց հետո նախ հայտնվում են կենսաքիմիական լաբորատորիայում։ Կենսաբանների սեղաններին գրքերը «բուժառուներ» են դառնում, դրանք անհրաժեշտ է մանրամասն հետազոտել։

Կենսաբանները նմուշ են վերցնում պարզելու՝ արդյոք գիրքը վարակված է սնկերով, բակտերիաներով, ի՞նչ հիվանդություններ ունի։ Եթե միկրոսկոպիկ «աշխարհում» վտանգ է նկատվում, գիրքն անցնում է ավելի խոր ախտահանման փուլ։

Հաջորդ կանգառը փոշեհանման և ախտահանման սենյակն է։ Տարիների ընթացքում կուտակված փոշին հեռացվում է նուրբ վրձիններով՝ յուրաքանչյուր էջի հետ զգույշ աշխատելով, որպեսզի չվնասվեն։ Ապա գիրքը տեղադրվում է հատուկ պահարանում, որտեղ բուսական հիմքով պատրաստված հեղուկի գոլորշին ներթափանցում է էջերի մեջ՝ մաքրելով այն, ինչ տեսանելի չէ աչքին ու վրձնին։ Հեղուկների բաղադրատոմսերն էլ հին ձեռագրերից, բժշկարաններից են վերցված ու մշակված։

Ամալյա Ապրեսյանը Մատենադարանում աշխատում է 2011 թվականից։ Ասում է՝ եզակի երջանիկներից է, որ կարող է ոչ միայն մոտիկից տեսնել գրավոր ժառանգությունը, այլ ձեռք տալ, ամենօրյա ռեժիմով աշխատել գրքերի հետ։ Նրան է վստահված նաև պահոցում գրքերը դասավորելու, փոշիները մաքրելու և պահոցից վերականգնման բաժին բերելու գործը։

«Ես չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, ամեն մարդու վիճակված չէ անգամ մոտիկից տեսնել, իսկ ես խնամում եմ նրանց, հոգ տանում, մաքրում, այնքան գեղեցիկ ու հարուստ ժառանգություն ունենք, վայելք է այստեղ աշխատելը»,- ասում է նա։ 

Ախտահանման փուլում գիրքը կարծես վերադառնում է կյանք՝ ազատվելով տարիներով կուտակված շերտերից, որոնք անընթեռնելի են դարձրել տողերը։ Միայն այս փուլերն անցնելուց հետո է այն հասնում վերականգնողի սեղան։ Հաճախ վերականգնողները կապվում են գրքերին ու հրաժեշտը դժվար է լինում նրանց համար։

Աննա Խանինյանը վերականգնում է 1785 թվականի Ճաշոցը։ Գիրքը վնասված է՝ փայտե կազմի որոշ հատվածներ բացակայում են, կազմը թերթերին կապող թելերը քայքայված են, կաշին՝ մաշված։ Ճաշոցը եկեղեցական գիրք է, այդպես է կոչվում այն պատճառով, որ հիմնականում կարդացվում է ճաշի ժամերգության ընթացքում:

Աննան Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցներից է։ 3 տարի առաջ է Ռուսաստանից Հայաստան եկել, նկարչուհի ոսկերիչ է։ 

«Ամեն գիրք տարբեր խնդիր ունի, մեկը միջատներն են վնասել, մյուսը՝ ժամանակը, մեկը՝ մարդիկ»,-ասում է նա։ 

Վերականգնումը սկսվում է ուսումնասիրությունից, ամեն վերականգնող տպագիր կամ ձեռագիր գիրքը վերցնելուց հետո նախ զննում է վիճակը, համարակալում էջերը, նկարում նախնական վիճակը, գրի առնում կատարվելիք աշխատանքները, ապա սկսում վերականգնումը։

Կազմի փայտե բացակայող հատվածները նորից են պատրաստվում, պատռված թղթերը, էջերի բացակայող հատվածերը միացվում են ճապոնական թղթով։ Աշխատանքը շատ մանրակրկիտ է, վերականգնողները մաշված թերթերի ու կաշվի հետ շատ զգույշ են աշխատում, պահպանում կազմի բոլոր թելերը։ Վերականգնված հատվածները պետք է հստակ տարբերվեն բնօրինակից, որպեսզի երևա, թե որ հատվածն է վերականգնվել։ Տեքստի բացակայող մասերը չեն լրացվում, այդտեղ համապատասխան հաստությամբ ճապոնական թուղթ են սոսնձում։

Գիրքը վերականգնելու ընթացքում մասնագետներն աշխատում են միաժամանակ մի քանի նյութերի հետ՝ թուղթ, փայտ, կաշի, թել, երբեմն նաև մետաղ։ Վերականգնողները պետք է բոլոր այս նյութերով աշխատելու հմտություն ունենան։ Վերականգնողի որակավորում Հայաստանում ոչ մի ուսումնական հաստատություն չի տալիս, մասնագետները հիմնականում նկարիչներ, ոսկերիչներ են, որոնք սիրում են աշխատել մանր դետալների հետ։

Շատ ձեռագրեր հաճախ ունենում են պատկերազարդ, գունավոր էջեր, ոսկեզօծ հատվածներ, և դրանց մաքրումը կատարվում է առավել զգուշությամբ՝ երբեմն միայն չոր մաքրման եղանակով, առանց ջրի կամ հավելյալ նյութերի՝ փափուկ սպունգով, որպեսզի չվնասվի։

Վնասված էջերը մաքրվում են հին կպչուն նյութերից, որոնք տարիներ առաջ օգտագործվել են գիրքը «փրկելու» նպատակով։ Գրքեր կան, որ տասնամյակներ առաջ վերականգնվել են, բայց կրկին նորոգման կարիք ունեն, քանի որ նախորդ նորոգումներն անորակ են եղել։ Տպագիր գրքերը նաև լվացվում են։ Ջուրը ոչ թե քայքայում, այլ ամրացնում է թուղթը, նվազեցնում փշրվելու հատկությունը, մաքրում էջերի դեղնած գույնը։ Լվացումից հետո էջերը չորացվում են, անհրաժեշտության դեպքում՝ մամլիչի տակ հարթեցվում, միայն հետո է սկսվում դրանք հավաքելու գործը՝ կարելու փուլը։  Վերականգնողի սեղանին գիրքն աստիճանաբար վերադառնում է իր նախնական տեսքին։ Գրքի վերականգնման ժամանակը կախված է վնասվածության աստիճանից, գրքի չափից, հաստությունից։ Այն կարող է մի քանի ամսից մինչ 2-3 տարի տևել։ Մասնագետները զուգահեռաբար մի քանի գիրք են վերականգնում։

Մատենադարանում գործում է նաև Արաբական ձեռագրերի վերականգնման լաբորատորիա։ Արաբական ձեռագրերի վերականգնմամբ է զբաղվում է Կարինե Աբելյանը։ Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2021-ին նա ընտանիքի հետ Դամասկոսից Երևան է տեղափոխվել՝ այնտեղ թողնելով ամեն ինչ՝ տուն, խանութ, աշխատանք։ Դամասկոսում նույն գործով էր զբաղվում Դամասկոսի ազգային թանգարանի վերականգնման բաժնում։ Հայաստան տեղափոխվելուց հետո դիմել է Մատենադարան։ Քանի որ տիրապետում է արաբերենին և այդ գործում էլ հմտացած է, նրան են վստահել արաբական ձեռագրերի վերականգնումը։

Տարիներ շարունակ Մատենադարանում ձեռագրերի, տպագիր գրքերի վերականգնման համար օգտագործվել են ճապոնական բարձր որակի, ձեռագործ թղթեր։ Այս թղթերը թանկարժեք են։ Նույնիսկ դրանց փոքր մնացորդները մասնագետները դեն չեն նետել, հավաքել են՝ փորձելով նորից օգտագործել։ 

Արթուր Պետրոսյանի ու Արտավազդ Այվազյանի երազանքն իրականացել է 2025թ.-ի մայիսի 22-ին՝ Մատենադարանում բացվել է հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն արդեն արտադրվում է նաև Մատենադարանում։

Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Այվազյանը տարիներ շարունակ ուսումնասիրել են տարբեր ծառատեսակներ՝ հասկանալու՝ հնարավո՞ր է, արդյոք, հայկական հումքով ստանալ նույն որակի թուղթ։ Ի վերջո, արտասահմանյան գործընկերների հետ կատարված ուսումնասիրությունների արդյունքում գտել են թթազգի ծառատեսակը, որից հնարավոր է ստանալ վերականգնողական թուղթ։ 

Թղթի արտադրությունը սկսվում է ձմռանը, երբ ծառերը «քնած» են։ Հավաքում են ծառերի բարակ ճյուղերը, առանձնացնում կեղևը, ճյուղերն անցնում են եռման և մշակման փուլ, մինչև դրանցից ստացվում է մանրաթելային զանգված։Այդ զանգվածը ջրի մեջ դրվում է հատուկ ցանցերի վրա, որտեղ էլ սկում են ձևավորել նոր թուղթը։

Այսօր Մատենադարանում արդեն օգտագործվում է հայկական վերականգնողական թուղթը, որ ստեղծել են հայ մասնագետները։ Արթուրն ու Արտավազդը մտադիր են ընդլայնել արտադրությունը, որ Մատենադարանը սկսի վերականգնողական թուղթ արտահանել։   

Ժամանակը քայքայում է գրավոր ժառանգությունը։ Մատենադարանում փորձում են դիմակայել ժամանակին ու երկարացնել գրքերի կյանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter