HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց

2026թ. հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:

Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026թ. մայիսի 22-ին դատախազը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջինս բավարարել է դատախազության միջնորդությունը և տվել է համաձայնություն՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։

Այսօր էլ, Քննչական կոմիտեի քննիչի միջնորդության հիման վրա, դատարանը որպես խափանման միջոց  կիրառել է երկամսյա կալանքը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 2026թ. մայիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ, որն առնչվում է ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Անդրանիկ Թեւանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն։ Բացի այդ, ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Անդրանիկ Թևանյանը մեղադրանքը չի ընդունում։ Նշում է, որ սա քաղաքական հետապնդում է։

Նրա փաստաբան Արամ Օրբելյանը ևս նշում է, որ Թևանյանին վերագրվող արարքը հիմնավորող որևէ նյութ չկա, հետևաբար չպիտի կալանավորվեր։ Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի որոշումը կբողոքարկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter