Ինչ են խոստանում քաղաքական ուժերը արցախցիներին
Արցախի հարցն ու արցախահայության ապագան հայկական քաղաքական դիսկուրսի կենտրոնական հարցերից են: Դա են ցույց տալիս 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։ Թեև կուսակցությունների մեծ մասն այս կամ այն կերպ անդրադառնում է այս թեմային, որեւէ մեկը հստակ ճանապարհային քարտեզ չի ներկայացնում, հատկապես, երբ Արցախի հարցը դիտարկվում է ավելի լայն համատեքստում, քան պարզապես ՀՀ-ում արցախցիների սոցիալական խնդիրների լուծում:
Այն քաղաքական ուժերը, որոնք բարձրաձայնում են արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, մեծամասամբ բավարարվում են ընդհանուր ձևակերպումներով՝ առանց հստակեցնելու, թե ինչպես են պատրաստվում իրացնել կամ պաշտպանել այդ իրավունքը:
Ընդհանուր առմամբ, Արցախին առնչվող դրույթները կարելի է պայմանականորեն բաժանել երկու ուղղության՝ ՀՀ-ում արցախահայության ինտեգրում (ներքին քաղաքականության հարց) և վերադարձ հայրենիք (միջազգային բանակցությունների օբյեկտ): Միաժամանակ, նախընտրական պայքարին մասնակցում են ուժեր, որոնք «փակել են Արցախի էջը», հետեւաբար իրենց ծրագրերում չեն անդրադառնում ո՛չ Արցախի խնդրին, ո՛չ էլ արցախցիների սոցիալական հարցերին։
«Ռեֆորմիստների» կուսակցության 6 կետանոց ծրագրում Արցախն ու արցախցիները որեւէ կերպ չեն հիշատակվում:
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է այլ՝ կայուն մեծամասնության չեղարկման, ընտրական շեմի իջեցման օրակարգով։ Սա իրականացնելուց հետո կուսակցությունը կլուծարվի և կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը խոստանում է «ուժեղ ու հարատև խաղաղություն»՝ հիմնված ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա: Արցախից բռնի տեղահանվածներին խոստանում է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել «համապատասխան սոցիալ-տնտեսական, մշակութային միջավայր՝Հայաստանի Հանրապետությունում լիարժեք ինտեգրման համար»: Թե որն է այդ միջավայրը և ինչպես պետք է դրան հասնել, նախընտրական ծրագրում այս ուժը չի բացահայտում: Ծրագրում առանց մանրամասների նշված է, որ արցախահայության բնակարանային ապահովման համապարփակ ծրագրեր են իրականացնելու՝ վերջիններիս «մարդկային ու մասնագիտական ներուժը դիտարկելով որպես ՀՀ սրընթաց զարգացման կապիտալ»:
Դաշինքն առաջնահերթ է համարում արցախցիների միջազգայնորեն սահմանված իրավունքների լիարժեք վերականգնումը՝ «շարունակական և համակարգված քաղաքականություն վարելով»: Միջազգային կառույցների ներգրավմամբ ամբողջ աշխարհում (այդ թվում՝ Արցախում), հայ ազգային ժառանգության պահպանումը ոչնչացումից իր ամենօրյա քաղաքականության մասն է դարձնելու:
«Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախընտրական ծրագիրը ԿԸՀ կայքում առկա չէ: Այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Ղարաբաղը հայկական տարածք է, բայց թե երբ այն Հայաստանի մաս կլինի, «ոչ ոք չի կարող ասել»:
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, խոսելով Արցախի մասին, հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքին ու դա համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը: Ընդգծելով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու «անառարկելի իրավունքը»՝ կուսակցությունը չի մանրամասնում, թե ինչ գործողություններով է հասնելու այդ իրավունքի իրացմանը:
«Միասնության թևեր» կուսակցությունը Հայաստանի ապագան պատկերացնում է առանց թաքնված օրակարգերի և երկակի ստանդարտների: Իշխանության գալու դեպքում կուսակցությունը պատրաստվում է հրապարակել Արցախյան բանակցությունների պատմությունը, 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների վերաբերյալ ԱԺ զեկույցները՝ հնարավորություն տալով Հայաստանի ժողովրդին իմանալու, թե «ինչն է խարխլել հայոց պետականության հիմքերը»։ «Միասնության թևեր» կուսակցությունը խոստանում է պաշտպանել հայերի իրավունքները միջազգային ատյաններում, «այդ թվում՝ հատուցումներ արցախցիների իրավունքների խախտումների համար»։ Առաջնահերթ է լինելու գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը: Այս քաղաքական ուժը խոստանում է առաջ մղել արցախցիների ապահով, արժանապատիվ և կամավոր վերադարձի հիմնարար իրավունքը միջազգային օրակարգում:
Հստակ քայլերի հաջորդականություն վերոնշյալ ծրագրերն ու նպատակները իրականություն դարձնելու համար՝ ծրագրում նշված չէ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց միակողմանի զիջումների: Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում այս քաղաքական ուժը խոստանում է հետևողականորեն առաջ մղել Արցախի «հայության հիմնարար իրավունքների ճանաչումն ու պաշտպանությունը, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում»: Այս ընդհանուր ձևակերպումից զատ, գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի ծրագրում Արցախի հարցին անդրադարձ չկա:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության նախընտրական ծրագրի չորրորդ մասը վերաբերում է Արցախին: 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կուսակցությունը գնահատում է որպես էթնիկ զտում։ Կուսակցությունը խոստանում է ապահովել արցախցիների վերադարձի իրավունքը, բացառել ՀՀ-ում արցախցիների նկատմամբ խտրականությունը և վերականգնել բանակցային գործընթացը՝ միջազգային միջնորդական ձևաչափով:
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խոստանում է վարձկանների բանակի միջոցով վերադարձնել Արցախը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը կողմ է արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պաշտպանելուն, միաժամանակ մեծապես կենտրոնանում է Հայաստանում արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման ու աջակցության ծրագրերի վրա։ ՀԱԿ-ը խոստանում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն արցախցիների արժանապատիվ, անվտանգ ու կայուն ապագան Հայաստանում: Բնակարանային իրականացվող ծրագրին զուգահեռ, արցախահայերը հնարավորություն կունենան վերստեղծել իրենց նախկին համայնքները համատեղ կոմպակտ բնակվելու պայմաններում՝ ըստ շրջանների, քաղաքների ու գյուղերի։ Միաժամանակ բնակարանների ապահովման ծրագրի շրջանակում աջակցության չափը կհամապատասխանեցնի շուկայական գներին: Քաղաքական ուժը արցախցիներին ֆինանսական աջակցություն է խոստանում այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքները չեն ունենա սեփական բնակարան ու կայուն աշխատանք։ Կուսակցությունը խոստանում է իրականացնել աջակցության այլ ծրագրեր (վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, մասնագիտական վերաորակավորման), սակայն չի հստակեցնում դրանց տարբերությունը գործող իշխանությունների իրականացրած ծրագրերից:
Այս բոլոր ծրագրերին զուգահեռ, ՀԱԿ-ը խոստանում է պաշտպանել արցախցիների վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։
«Հանրապետություն» կուսակցությունը որևէ հիշատակում Արցախի կամ արցախցիների մասին չունի, բայց պլանավորում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը նախընտրական ծրագիր չեն ներկայացրել ԿԸՀ կայքում, հանրային խոսույթներում էլ Արցախի հարցին չեն անդրադարձել:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը խոստանում է արցախահայերի վերադարձ միջազգային իրավունքի շրջանակներում։ Նախընտրական ծրագրի տրամաբանությանը հավատարիմ՝ այս ուժը որևէ հստակ քայլ կամ գործողություն այդ նպատակի իրականացման համար չի նշում:
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը նույնպես նախընտրական ծրագիր չի ներկայացրել ԿԸՀ: Պաշտոնական սոցիալական էջերով տարածված հրապարակումներում կուսակցության ներկայացուցիչները արցախցիներին խոստանում են վերադարձ հայրենիք, բայց թե ինչպես՝ չեն նշում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 25 էջանոց նախընտրական ծրագրում մի տող է նվիրել արցախցիներին, այն է՝ «Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում»:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքը խոստանում է պաշտպանել արցախցիների իրավունքները, բայց ինչպե՞ս՝ հայտնի չէ: Այդ պաշտպանությունը չի ենթադրում արցախցիների վերադարձ հայրենիք: Փոխարենը խոստանում է իրականացնել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ու զբաղվածության ապահովման արդյունավետ ծրագրեր:
Դաշինքը «գործուն քայլեր» է խոստանում Ադրբեջանում պահվող բոլոր հայերի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման համար, նաեւ՝ աշխատանք միջազգային հարթակներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հուշարձանների պաշտպանության ուղղությամբ։
«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը ծրագիր չի ներկայացրել, իսկ իր պաշտոնական կայքում ներկայացված նպատակների շարքում Արցախի մասին որեւէ դրույթ չկա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել Արցախին ու արցախցիներին վերաբերող որևէ խնդրի: Սակայն կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, իր յութուբյան ալիքում խոսելով կուսակցության նախընտրական ծրագրի մասին, նշել է, որ իշխանության գալու դեպքում Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան՝ Արցախում էթնիկ զտում անելու համար՝ հիմք ընդունելով ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել