Վարորդները կարող են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ավագանու բողոքը
Վարորդները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով հետ վերադարձնել վճարովի ավտոկայանատեղիների համար 2025թ-ին գանձված գումարները։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը: Ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման թանկացմանը վերաբերող դրույթները։
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել է ավագանու այն որոշումները, որոնցով 2024 և 2025 թվականներին թանկացել են վճարովի կայանատեղիների գները։ Դատարանը երկու դեպքում էլ անվավեր է ճանաչել գների բարձրացումը՝ պատճառաբանելով, որ կայանման վճարն օրենքով չի կարող գերազանցել ծառայության կազմակերպման փաստացի ծախսերը: Բացի այդ՝ արձանագրվել է, որ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն ընդհանրապես չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով, կամ որ նույնն է՝ դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:
Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով:
Երևանի ավագանին բողոքարկել է Վարչական դատարանի որոշումները: 2024թ. կայանման վճարներին վերաբերող դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը Վերաքննիչ վարչական դատարանը 2025թ. սեպտեմբերի 1-ին ընդունել է վարույթ, սակայն մոտ 9 ամիս անց դեռ որոշում չի հրապարակել։
2025թ. կայանման վճարներին վերաբերող Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ վարչական դատարանն անփոփոխ է թողել: Ավագանին 2026թ. հունվարի 13-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն վերադաս դատարանը 2026թ.ապրիլի 3-ին Երևան քաղաքի ավագանու ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, որով էլ Վարչական դատարանի որոշումը մտավ օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:
Իրավաբան Վահե Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նորմատիվ իրավական ակտի անվավեր ճանաչելուց հետո, բոլոր այն ակտերը, որոնք կայացվել են դրանց կիրառման հիման վրա, ենթակա են վերացման միայն անձի դիմումի դեպքում։ Այսինքն՝ քաղաքացիները կարող են դիմել Երևանի քաղաքապետարան՝ պահանջելով վերադարձնել 2025թ. համար գանձված գումարները։ Անձինք կարող են դիմել քաղաքապետարան պահանջելով վերացնել նաև կարմիր գծերին առնչվող տուգանքները, որոնք վերաբերում են 2025թ-ին։
Ըստ Վահե Գրիգորյանի, երկու դեպքում էլ համարվում է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով առաջացած վնասի հատուցում։ Եթե քաղաքապետարանը չփոխհատուցի՝ քաղաքացիները կարող են դիմել դատարան։
Տե՛ս նաև․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել