HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Քարոզչություն՝ «լրատվության» անվան տակ․ իշխանամետ էջերը «Ֆեյսբուքում»

Ընտրություններին ընդառաջ ֆեյսբուքյան տասնյակ էջեր սկսել են ակտիվորեն հրապարակել իշխանությանն աջակցող նյութեր։ Այս էջերից շատերը նախկինում ունեցել են ամբողջությամբ այլ բովանդակություն՝ ժամանցային, մշակութային կամ տեխնոլոգիական, սակայն ինչ-որ փուլի վերածվել են քաղաքական քարոզչություն տարածող հարթակների։ Դրանցում հրապարակվում են իշխանության ներկայացուցիչների թեզերը, նախընտրական տեսանյութերը, ինչպես նաեւ ընդդիմության դեմ ուղղված ծաղրական ու արհեստական բանականությամբ գեներացված նյութեր։ Մենք առանձնացրել ենք մի քանի օրինա՝ ընդհանուր պատկերն ու գործելաոճը ցույց տալու համար։

Ապակողմնորոշող տեսանյութեր, գրառումներ է հրապարակում O՜news ֆեյսբուքյան էջը։ Էջը բացվել է 2019 թ.-ի դեկտեմբերի 9-ին, ունի 21 հազար բաժանորդ։

Էջի անվանումը փոխվել է երեք անգամ։ Բացվել է NewsFeed անունով, սակայն չի արվել որեւէ հրապարակում։ Առաջին հրապարակումը եղել է 2021-ի ապրիլի 22-ին։ Էջը սկզբում տարածում էր միայն ՀԱՅ LIFE անունը կրող ֆեյսբուքյան էջի հրապարակումները, որոնք հիմնականում մշակութային հոդվածներ էին։ 2024-ի փետրվարին երկրորդ անգամ վերանվանվել է Mamul News եւ սկսել տարածել նույնանուն կայքի հոդվածները, որը հիմա չի գործում, սակայն ինտերնետ արխիվի՝ Wayback Machine-ի միջոցով կայքը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քաղաքական հոդվածները հակաիշխանական էին։ Ֆեյսբուքյան այս էջը 2025-ի հունվարին վերանվանվել է TechTouch - Business and Tech Media, եւ էջում սկսվել են հրապարակումներ արվել ՏՏ ոլորտի նորությունների մասին՝ հիմնականում techtouch.am կայքից, որը եւս չի գործում («Ֆեյսբուքում» այս կայքն ունեցել է եւս մեկ էջ, որի լոգոն դիզայնով շատ նման է O՜news-ի ներկայիս լոգոյին, եւ նյութերը տարածում էր կրկին techtouch.am կայքից)։ O՜news վերանվանվել է 2026-ի մարտի 31-ին եւ ապրիլի 1-ից արդեն, երբ վերածվել է քաղաքական բովանդակություն տարածող էջի, սկսվել են պրոիշխանական եւ հակառուսական հրապարակումները։

Հաճախ այս էջում հրապարակվում են տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես՝ իշխանական «Հայկական ժամանակի» ու civic.am-ի տեսանյութերը, որոնք երբեմն ավելի մեծ արձագանք են ստանում, քան սկզբնաղբյուրներում տարածվածները:

Իշխանության թեզերը պաշտպանող հրապարակումներ է անում Medianews ֆեյսբուքյան էջը, որը ստեղծվել է 2021 թ. հունվարի 23-ին, այժմ ունի 263 հազար հետեւորդ։ Մինչեւ 2023-ի սեպտեմբերի 29-ը էջի անունը եղել է «Մայր Հայաստան», հետո վերանվանվել է Medianews։ Մինչ անվանափոխվելը, էջում հրապարակվում էին գրական տարբեր ստեղծագործություններից հատվածներ, աղոթքներ, իսկ 2023-ի սեպտեմբերի 29-ից հետո՝ միայն քաղաքական՝ իշխանությանը սատարող բովանդակություն։

Հիմա էջում ակտիվ հրապարակվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի տեսանյութերը։ Այս էջն ունի իր համանուն կայքը` medianews.site։ Դեռ 2021-ին Infocom-ը բացահայտել էր medianews.site-ի կապը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Ու չնայած Չախոյանը հերքել էր իր կապը Medianews-ի հետ, «Սիվիլնեթը» վերջերս նոր ապացույցներով վերահաստատել է այդ փաստը:

Պրոիշխանական հոդվածներ, տեսանյութեր է հրապարակում նաեւ ArmNews անունը կրող ֆեյսբուքյան էջը, որը ստեղծվել է 2018 -ի սեպտեմբերի 27-ին, հիմա ունի 56 հազար հետեւորդ։ Էջը անվանափոխվել է վեց անգամ, սակայն բովանդակային փոփոխություն չի եղել։ Առաջին հրապարակումը նվիրված է «Թավշյա հեղափոխությանը»։ Մյուս հրապարակումները եւս ամբողջությամբ պաշտպանում են իշխող ուժին։ Հրապարակվում են հակառուսական, ՔՊ կուսակցության անդամների կամ իշխանամերձ այլ կայքերից տեսանյութեր եւ հոդվածներ։ Էջը նաեւ անթաքույց աջակցություն է հայտնում իշխանությանը՝ հրապարակելով ՔՊ-ի նախընտրական քարոզարշավից կադրեր՝ ուղղորդիչ մեկնաբանմամբ։ Այս էջում ընդդիմության վերաբերյալ հրապարակումներն արհեստական բանականությամբ գեներացված, կեղծ եւ ծաղրական նկարներ են, որտեղ նախընտրական խոստումները փոփոխված են եւ իրականությանը չեն համապատասխանում։

Արհեստական բանականությամբ գեներացված նկարներով ընդդիմությանը թիրախավորող հրապարակումներ է անում նաեւ 56 հազար հետեւորդ ունեցող HAY News էջը, որը ստեղծվել է 2018  թ. փետրվարի 13-ին։ Մինչեւ 2020-ի հուլիսի 28-ը էջի անունը եղել է «Անեկդօտներ եւ Աֆորիզմներ»։ Անվանափոխումից առաջ արված հրապարակումները ջնջված են։ Էջը դարձել է քաղաքական բովանդակություն տարածող 2020-ի հուլիսի 28-ից հետո, առանցքում իշխանամետ եւ հակաընդդիմադիր գրառումներն են։

Հիմա էջում հրապարակվում են ԱԲ-ով գեներացված նկարներ, որտեղ ծաղրում են ընդդիմության ներկայացուցիչներին։ 

HAY News-ն ընդդիմությանը թիրախավորող հրապարակումները նաեւ ակտիվորեն գովազդել է, ինչը կարող ենք տեսնել էջի «գովազդների գրադարան» բաժնում (Ad Library): Եթե 2023-ին այս էջը գովազդում էր ընդդիմադիր պատգամավորներ Թագուհի Թովմասյանին ու Ագնեսա Խամոյանին վերաբերող հրապարակումները, ապա 2024-ի մայիսին գովազդել է Բագրատ արք. Գալստանյանի գլխավորած շարժումը թիրախավորող հրապարակումը, իսկ 2025-ի փետրվարից գովազդվել են խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությանը քննադատող, պիտակավորող, ծաղրող գրառումները: 

Շեշտենք՝ էջի «գովազդների գրադարանում» առկա բոլոր 20 գովազդները վերաբերել են սոցիալական խնդիրներին, ընտրություններին կամ քաղաքականությանը, իսկ նման գովազդ միացնելու դեպքում «Ֆեյսբուքի» սեփականատար Meta ընկերությունը պահանջում է նշել, թե ով է գովազդի համար վճարողը:  

Այլ կերպ ասած՝ HAY News-ը միացրել է քաղաքական բնույթի գովազդներ, սակայն չի նշել, որ դրանք հենց այդպիսի գովազդներ են, հետեւաբար եւ չի նշել գովազդի համար վճարողներին, ինչը Meta-ի կանոնների խախտում է: Այս խախտումների հետեւանքով էլ 2025-ի փետրվարից հետո միացված գովազդները ինչ-որ պահի անջատվել են «Ֆեյսբուքի» կողմից: 

2018-ի դեկտեմբերի 24-ին բացված Gonews.am-ը եւս ֆեյսբուքյան այն էջերից է, որտեղ ակտիվորեն տարածվում են իշխանությանն աջակցող քարոզչական հրապարակումներ։ Համանուն կայք այս էջն էլ է ունեցել, որը հիմա չի գործում։ Էջը բացահայտ աջակցում է իշխող ուժին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, նրանց սատարող մարդկանց տեսաուղերձները, քարոզարշավի հոլովակները հրապարակվում են էջում։ Այն ունի մոտ 59 հազար հետևորդ։ 

Իշխանական քարոզչությամբ զբաղվող էջերից է Armenia / Հայաստան-ը, որը ստեղծվել է 2020-ի մայիսի 31-ին։ Այն ունի 139 հազար հետեւորդ։ Սկզբում էջում հրապարակվում էին տրամաբանական թեստեր, հանելուկներ եւ բլոգային պատմություններ մեծ մասամբ goodblog.am կայքից, որը հիմա չի գործում։ 

Էջի բովանդակությունը փոխվել է 2025-ի նոյեմբերի 28-ից։ Հաջորդ հրապարակումներում արդեն իշխանությանը սատարող, իշխանության ներկայացուցիչների կողմից նկարահանված եւ իրենց սոցիալական էջերում տեղադրված ուղերձներն ու թեզերն են։ 

Իշխանությանը սատարող հակաընդդիմադիր հրապարակումներ է անում նաեւ ArmToday-ը։ Բացվել է 2020-ի սեպտեմբերի  28-ին, ունի 39 հազար հետեւորդ։ Չնայած էջը 2020-ին է բացվել, ներկա պահին առաջին հրապարակումը թվագրված է 2026-ի փետրվարի 26-ով, ինչը կարող է նշանակել, որ նախորդ հրապարակումները ջնջվել են (էջում մնացել է միայն 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում հրապարակված մի քանի լուսանկար)։ Փաստորեն, էջի ակտիվացումը համընկել է նախընտրական շրջանի հետ, իսկ հետագա հրապարակումներում տարածվում են իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններն ու քարոզչական բովանդակությունը։

Ներկա պահին այս էջը 2 քաղաքական գովազդ է միացրել, որոնք ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության եւ դրա ղեկավար Սամվել Կարապետյանի դեմ են: Չնայած գովազդներն ակնհայտ քաղաքական/ընտրական թեմայով են՝ այդ կատեգորիան եւ, բնականաբար, գովազդի համար վճարողը նշված չեն, ինչը կրկին հակասում է Meta-ի կանոններին, այլ կերպ ասած՝ գովազդները ենթակա են հեռացման/անջատման:

Վերը նշվածների նման էջեր են ArmDaily.news Info-ն, Armenian News-ը, Հետախույզ Լրատվական-ը, Իրական Հայաստան-ը, Arm Enia-ն, Հայաստանի Հանրապետություն-ը, Հզոր Հայաստան-ը։ Սրանք այդ բազմաթիվ ֆեյսբուքյան էջերի ընդամենը մի մասն են, որոնք ակտիվացել են հատկապես նախընտրական շրջանում։

Վերոնշյալ էջերի կողմից տարածվող նույն կամ նման հրապարակումները (մասնավորապես՝ իշխանամետ եւ հակաընդդիմադիր տեսանյութեր ու նկարներ) ցույց են տալիս, որ դրանք կառավարվում են մեկ կամ միմյանց փոխկապակցված մի քանի կետից:

Ուսումնասիրված էջերի մեծ մասի անվան մեջ առկա են լրատվություն ենթադրող news կամ media բառերը, ինչի արդյունքում օրենսդրությանն ու ներկա հայկական մեդիադաշտին անծանոթ օգտատերերի շրջանում դրանք կարող են ընկալվել որպես լրատվամիջոցներ։

Այնինչ դրանք ընդամենը քարոզչության գործիքներ են, որոնք հատկապես ընտրությունների շրջանում մոբիլիզացվում են՝ գեներացնելու սեփական քաղաքական թիմին գովաբանող եւ մրցակիցներին քննադատող, շատ դեպքերում էլ՝ վատաբանող ու պիտակավորող բովանդակություն, թեզեր, որոնք գերազանցապես պարունակում են «ֆեյք նյուզ»՝ ապակողմնորոշող, մանիպուլացնող, կեղծ, անհիմն, համատեքստից կտրված, քարոզչական հրապարակումներ:

Իսկ թե որոնք են լրատվամիջոցները, սահմանում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը: Ի թիվս ԶԼՄ մյուս տեսակների՝ զանգվածային լրատվամիջոց է համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող այն կայքը (եւ ոչ թե «Ֆեյսբուքում» կամ այլ սոցցանցում բացված ինչ-որ էջ), որը պարունակում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական հաշվառման համարը: 

«Հետքը» նաև ուսումնասիրել է սոցիալական ցանցերում տարածվող իշխանամետ քաղաքական գովազդները։ Արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ գովազդներ չեն մակնշվում որպես քաղաքական, ինչի պատճառով անհնար է պարզել, թե ով է վճարել դրանց համար, և որքան գումար է ծախսվել։ Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter