Դատարկ հայտարարագրեր, գործազրկություն և քիչ դրամական միջոցներ. «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի թեկնածուների գույքային պատկերը
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակի 98 պատգամավորի թեկնածուներից 15-ի հայտարարագիրը դատարկ է. չեն ներկայացրել ո՛չ գույք, ո՛չ դրամական միջոց, ո՛չ որևէ եկամուտ: Թեկնածուներից 79 հոգի, դրամական միջոց չի հայտարարագրել: 38-ն ընդհանրապես եկամուտ չի ունեցել, իսկ 59-ը գործազուրկ է:
«Հետք»-ն ուսումնասիրել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 98 թեկնածուների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ուսումնասիրության ընթացքում ուշադրություն է դարձվել ցուցակի առաջին հինգ համարներին, ինչպես նաև այն անձանց, որոնք հայտարարագրել են զգալի չափի դրամական միջոցներ կամ գույք, կամ որոնց հայտարարագրերում առկա են եղել ուշագրավ տվյալներ։
Կուսակցության ցուցակում առաջին համարը Գևորգ Կարապետյանն է: Նա նաև կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Թեկնածուն հայտարարագրել է 400 քմ մակերեսով առանձնատուն Մարտունի քաղաքում, 1996թ. արտադրության «Mercedes Е420» մակնիշի ավտոմեքենա:
Միակ եկամուտը աշխատավարձն է, որը ստացել է «Բլեսս» վարկային կազմակերպությունից: Թեկնածուն դրամական միջոց չունի:
Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Գևորգ Սաֆարյանի հայտարարագիրն դատարկ է: Այսինքն՝ չունի գույք, դրամական միջոցներ, եկամուտ:
Արմենուհի Սախոյանը նախընտրական ցուցակի 3-րդ համարն է: Հայտարարագրել է 240 քմ մակերեսով առանձնատուն՝ Երևանի Թբիլիսյան խճուղում, 2007թ. արտադրության ավտոմեքենա:
Թեկնածուն եկամուտ և դրամական միջոց չի հայտարարագրել:
Հաջորդը Հերմինե Մկրտչյանն է: Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ անշարժ ու շարժական գույք չունի: Եկամուտը միայն աշխատավարձն է, որը ստացել է «Հարթակ» ՀԿ-ից՝ 975 հազ. դրամ: Ունի նաև 200 հազ. դրամ դրամական միջոց:
Ցուցակի հինգերորդ համարը զբաղեցնող Հայկուհի Հովհաննիսյանն Արշակունյաց պողոտայում ունի սեփական տուն՝ 120 քմ մակերեսով: Իսկ եկամուտը՝ 3 մլն 818 հազ. դրամը, գոյացել է աշխատավարձից, որի աղբյուրը հայտարարագրում նշված չէ:
Թեկնածուն, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 2345 եվրո:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների հայտարարագրերը նմանատիպ բովանդակություն ունեն՝ չնչին բացառություններով: Օրինակ, ցուցակի 46-րդ համար Թորոս Թորոսյանը գործազուրկ է: Ունի 5 միավոր հողատարածք՝ ընդհանուր 23,4 հա մակերեսով, Արմավիրի մարզի Բաղրամյան և Արգինա գյուղերում:
Հավանաբար այդ հողերը նրան եկամուտ չեն բերում, քանի որ 2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ չի հայտարարագրել: Ունեցել է 1000 դրամ:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակի կազմը՝ ըստ սեռի, տարիքի և ֆինանսական վիճակի
Ինչպես նշեցինք, ցուցակում ընդգրկված 98 թեկնածուներից 79-ը դրամական միջոց չի հայտարարագրել: Մինչև 1 մլն դրամ հայտարարագրել է 12 թեկնածու, 1-5 մլն՝ 5 թեկնածու, իսկ 5 մլն դրամից բարձր դրամական միջոց հայտարարագրել է 2 թեկնածու:

Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ ամենաշատ գումարն ունի ցուցակի 17-րդ համար Գագիկ Կարապետյանը՝ 11 մլն 500 հազ. դրամ, այնուհետև՝ 30-րդ համար Արմենակ Կյուրեղյանը, որի դրամական միջոցները կազմել են 7 մլն դրամ: Դրամական միջոցների չափով երրորդ տեղում 85-րդ տեղը զբաղեցնող Արտուշ Հակոբյանն է՝ 3 մլն դրամ, այնուհետև Հովհաննես Հայրապետյանն (95 համար) ու Կառա Չոբանյանը (24 համար), համապատասխանաբար՝ 2 մլն 745 հազ․ դրամ և 2 մլն 624 հազ. դրամ:
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա ցուցակից ամենաշատ եկամուտ հայտարարագրել է Արմեն Պետրոսյանը՝ 10 մլն 876 հազ. դրամ, այնուհետև Աշոտ Թադևոսյանը՝ մոտ 7 մլն 672 հազ. դրամ, Արմինե Գրիգորյանը՝ 7 մլն 76 հազ. դրամ, և Կառլեն Թադևոսյանն ու Գագիկ Կարապետյանը՝ 6 մլն 600 հազ. դրամ և 6 մլն 500 հազ. դրամ:
Նշենք, որ կուսակցության 98 թեկնածուներից 38-ը որևէ եկամուտ չի հայտարարագրել, իսկ մինչև 1 մլն դրամ հայտարարագրել է 31 մարդ: 1-5 մլն դրամ եկամուտ ունի 21 թեկնածու, 5-10 մլն դրամ՝ 7 թեկնածու, իսկ 10 մլն դրամից ավելի՝ 1 թեկնածու:

Կուսակցության կեսից ավելին՝ 64 հոգին, տղամարդ է, 34-ը՝ կին: Նրանց գերակշիռ մասը՝ 80 հոգին, 45-ից բարձր տարիքի է, 2 հոգի՝ 25-34 տարեկան, 16-ը՝ 35-44 տարեկան:

Ցուցակում ընդգրկված 98 թեկնածուներն էլ կուսակցական են և անդամակցում են «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ին:

98 թեկնածուների մեծ մասը՝ 59 հոգի, գործազուրկ է, նրանցից միայն 39-ն է աշխատում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել