Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են
Այսօր՝ հունիսի 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են։ Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 2005 ընտրական տեղամասերը։ Ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն։
Ազգային ժողովում հայտնվելու և գալիք հինգ տարիներին Հայաստանի կառավարումը ստանձնելու համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և երկու դաշինք։ Ի սկզբանե ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն «Ալյանս» կուսակցությունը մայիսի 25-ին դուրս եկավ ընտրապայքարից։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Նրանցից ավելի քան 840 հազարը կամ 34%-ը գրանցված է Երևանում։
Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց և 13 դիտորդական կազմակերպություն։
Չորս շաբաթ տևած բուռն քարոզարշավից հետո երեկ՝ հունիսի 6-ին, լռության օր էր։ Համաձայն «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է:
Նախընտրական քարոզարշավն անցավ բևեռացվածության մթնոլորտում՝ ատելության խոսքով ու վիրավորանքներով համեմված։
«Հետքն» ամբողջ օրվա ընթացքում հետևելու է ընտրություններին՝ ներկայացնելով դրանց ընթացքը։
Ընտրություններին հետեւելու է 13 տեղական դիտորդական կազմակերպություն, ընդհանուր՝ 2672 դիտորդ։ Ամենամեծ դիտորդական կազմն ունի «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը, որը միավորում է երկու կազմակերպություն՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ եւ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»՝ 785 մարդ։

ՀՀ իշխանությունների հրավերով ԱԺ ընտրություններին հետեւելու են նաեւ միջազգային դիտորդներ։ Ըստ ԿԸՀ-ի՝ գրանցվել է 647 միջազգային դիտորդ 8 կազմակերպություններից։

Քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ դատապարտյալները և կալանավորված անձինք։ 2026թ. հունիսի 1-ի դրությամբ 9 քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 1465 անձ իրավունք ունի մասնակցելու հունիսի 7-ի համապետական ընտրություններին: Նրանց մեծ մասը «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում է, իսկ ամենաքիչը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։
Լուսանկարը՝ արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել