HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Ճուղուրյան

Անհասկանալի ծեծկռտուք Մեծավանի 25/38 ընտրատեղամասի մոտ

Լոռու մարզի Մեծավան բնակավայրի մշակույթի կենտրոնում տեղակայված թիվ 25/38 ընտրական տեղամասից մոտ 25-30 մետր հեռավորության վրա՝ դարպասների մոտ, ժամը 16։30-ին ծեծկռտուք սկսվեց։ Մինչ այդ դարպասի մոտ կանգնած կնոջը մոտեցավ մի երիտասարդ և սկսեց բարձր ձայնով խոսել նրա հետ։ Տղամարդը ենթադրաբար ոչ սթափ վիճակում էր, թեև տարածքում գտնվող մի քանի մեծավանցի երիտասարդներ փաստեցին հակառակը։ 

Նա մի քանի անգամ բարձր ձայնով ասաց, որ կինն իր ուսուցչուհին է, իրավունք չունի՞, արդյոք, խոսել նրա հետ։ Րոպեներ անց հեռվից նրանց մոտեցավ մի տղամարդ, և անհասկանալի հրմշտոց սկսվեց։ Ընտրական տեղամասի տարածքում գտնվող մոտ մեկ տասնյակ ոստիկաններ չէին կարողանում բաժանել վիճողներին։ 

Ժամը 17։00-ին մոտ ոստիկաններն ու կռվի մեջ ներքաշված տղամարդը տարածքից հեռացրին  երիտասարդին։ Ինչպես հետո պարզվեց, դարպասների մոտ գտնվող տղամարդուն մոտեցողն ու նրա հետ վեճի բռնվողը հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան Գոռ Խառատյանն էր։ 

Ըստ նրա՝ ուսուցչուհու հետ կանգնած տղամարդը հայհոյանքներ էր հնչեցրել, ինչի հետևանքով էլ սկսվել էր ծեծկռտուքը։ Մինչդեռ երիտասարդ տղամարդու կողմից հայհոյանք հնչեց միայն կռվի ընթացքում։ 

Հավաքված մեծավանցիներից մի քանիսը խուսափեցին երիտասարդի և ուսուցչուհու մասին որևէ տեղեկատվություն տալուց։ Ասացին՝ չգիտեն, չեն ճանաչում։ Երիտասարդին նշված տարածքից հեռացնելուց հետո կռվի մեջ ներգրավված ոստիկանին մոտեցան երկու երիտասարդ՝ պարզելու, թե ինչից առաջացավ վիճաբանությունն իրենց համագյուղացու և նրա միջև։ 

«Խուլիգանական դրդումներով տեղամասի դեմը կնոջ հետ խոսում ա, հայհոյանքներով»,- նշեց ոստիկանը։

Երիտասարդները, սակայն, շեշտեցին, որ հայհոյանք չեն լսել։ 

Հետո մշակույթի կենտրոնի դարպասների մոտ՝ փողոց եկավ թիվ 25/38 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Մարիցա Դումիկյանը։ 

«Ոնց հասկացանք, նույն  քաղաքացին մի որոշ ժամանակ առաջ ընտրատեղամասում էլ էր, չէ՞, իրան ոչ ադեկվատ պահել, ճիշտ եմ, չէ՞, հասկացել։ Հետագայում դա դուք կասեք, մենք տեղեկացված ենք, դուք գնացեք, ձեր ֆունկցիաները կատարեք, մենք մեր ծառայությունը կանենք»,- հանձնաժողովի նախագահին ասաց ոստիկան Գոռ Խառատյանը։   

Դումիկյանը վերադարձավ տեղամաս։ «Հետքի» հարցին՝ ո՞վ էր կռվի մեջ ներքաշված մեծավանցի երիտասարդը, և ինչ գիտի ինքն ընդհանրապես դեպքի մասին, նա պատասխանեց․ «Պատուհանից տեսա, ասի նայեմ՝ ինչ ա կատարվում, բայց դա մեր տեղամասից 50 մետր դուրս ա, ճանապարհի վրա ա։ Մոտեցա, բայց չհասկացա, քանի որ արդեն ոստիկաններ էին էնտեղ, չեմ ճանաչում, քանի որ կոնկրետ չեմ տեսել, մինչև գնացել եմ, արդեն ոստիկանության անդամներն էին»,- ասաց Դումիկյանը, ապա հավելեց, որ երիտասարդին ընտրատեղամասում չի տեսել․ հարյուրավոր ընտրողներ են գալիս, բոլորին հո չի՞ հիշում։  

Մինչդեռ դեպքից երկու ժամ անց ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշված է, որ ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։ 

Ըստ հայտարարության՝ հանձնաժողովի նախագահն ինքն է դիմել ոստիկաններին, ինչից հետո անձն ընտրատեղամասից դուրս է հրավիրվել։ Ու երբ փորձել է ժամը 16։45-ին կրկին տեղամաս վերադառնալ, իսկ ոստիկանները նրան թույլ չեն տվել, 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին։  

Նշված ժամին, սակայն, ոստիկանները բաժանում էին ծեծկռտուքի մասնակիցներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter