Տաշիրի ամենամեծ ընտրատեղամասը՝ փոքր և անհարմար տարածքում
Ընտրողների հերթ, փոքր տարածք, հեղձուցիչ օդ, ընտրական տեղամասի համար անսովոր խառնաշփոթ․ Տաշիր խոշորացված համայնքի Տաշիր բնակավայրի ամենամեծ ընտրական տեղամասն է՝ թիվ 25/24-ը՝ ուսումնարանի շենքում։ Եթե այստեղ գրանցված ընտրողների ցուցակի 1579 թիվը չլիներ, կարելի էր ենթադրել, որ սակավ բնակչությամբ հեռավոր մի գյուղի ընտրական տեղամասում ես։
Ներսում աղմուկ էր, մի տեսակ ընտանեկան մթնոլորտ։ Դրսում էլ՝ քաղաքացիների զրույց, մինչև հերթն իրենց կհասնի։ Միայն տեղամասի մուտքի մոտ կանգնած ոստիկաններն էին անաղմուկ և «Հայաստան» դաշինքի՝ դռան տակ նստած վստահված անձը, որը ոչինչ չէր անում։
25/24 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Գայանե Դիլբարյանը, չնայած սպասող քաղաքացիներին, հաճախակի ընտրախցիկներին էր մոտենում և այնտեղից հանում անպիտան քվեաթերթիկները, ապա լցնում դրանք պատուհանագոգին դրված պարկի մեջ։ Հետո էլ, երբ հանձնաժողովի անդամը ձայն էր տալիս, որ այս կամ այն համարի քվեաթերթիկն է վերջացել, գետնին դրված արկղից կամ չհրկիզվող պահարանից հանում էր դրանք ու տալիս նրան։
Դիլբարյանը համաձայնեց՝ տարածքն իսկապես փոքր է, բայց չգիտի, թե ինչու է ամենամեծ ընտրական տեղամասին նման փոքր և անհարմար տարածք հատկացվել։
Ժամը 16։00-ի դրությամբ 1579 ընտրողից այստեղ քվեարկել էր 700-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել