Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ ու մաղթել Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի ապահովման հարցում հետագա հաջող աշխատանք։ Այդ մասին նշվում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Ղազախստանի առաջնորդը նշել է, որ Աստանան պատրաստ է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ։
Իր ուղերձում Տոկաևը նշել է, որ, ըստ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների, Հայաստանում ընտրական գործընթացն անցել է բաց, ՀՀ գործող օրենսդրությանը լիովին համապատասխան և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ:
Տոկաևը հայ ժողովրդին նաև մաղթել է հաջողություններ՝ «իր պետականության, խաղաղության և բարգավաճման զարգացման հարցերում»։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 49.81%-ը կամ 727 160 ձայն։ Երկրորդ տեղում գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքն է, որը ստացել է ձայների 23.29%-ը կամ 340 062 ձայն, իսկ երրորդ հորիզոնականում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն է՝ 9.94% կամ 145 097 ձայն։ Ըստ նախնական տվյալների՝ խորհրդարանում մանդատներ կստանա նաև գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Վերջինս ստացել է ձայների 4%-ը կամ 58 368 ձայն։
Եթե այս տվյալները չփոփոխվեն, ապա «Քաղաքացիական պայմանագիր»-ը կկարողանա միայնակ ձևավորել գործադիր իշխանություն։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել