Հետընտրական զարգացումներ. ինչ է տեղի ունեցել տեղամասերի փակվելուց հետո
Երեկ երեկոյան ժամը 20:00-ին փակվեցին Հայաստանի տարածքում գործող բոլոր 2005 ընտրական տեղամասերը։ Դրանից անմիջապես հետո սկսվեց ձայների հաշվարկը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասցրել էր ամփոփել ձայների մոտ 10%-ը, երբ Նիկոլ Փաշինյանը ասուլիս հրավիրեց ու հայտարարեց հաղթանակի մասին։
Ուշ երեկոյան՝ ժամը 02:00-ին հրավիրած ասուլիսում Փաշինյանը խոսեց նաև ընդդիմադիր առաջնորդների մասին՝ նշելով, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Իմ ասելիքը և պլանը չի փոխվել․ այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության ձեզ հայտնի գործերով, և քրեաօլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով և արագ տեղի ունենա՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, պետական և համայնքային շահերի պաշտպանության համակարգով: Ի վերջո, այս ուժերը քաղաքական ուժեր չեն, նրանք քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են և պիտի գործունեության դաշտ չունենան Հայաստանում»,- ասաց Փաշինյանը:
Ընդդիմության պատասխանը չուշացավ։ Հաղթելու մասին Փաշինյանի հայտարարությանն առաջինն արձագանքեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Երևանի թվերը չկան... ասում ա՝ հաղթել ենք, ֆսյո, ցրվեք տներով...»,- գրել էր Մարուքյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս հրատապ ասուլիս հրավիրեց։ Նա խոսեց իրենց նկատմամբ տեղի ունեցած ճնշումների մասին, նաև քննադատեց Փաշինյանին ընտրությունների արդյունքները դեռ չամփոփած հաղթանակի մասին հայտարարելու համար։
«Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ՝ վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք։ Իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում ։ Իրենք ընդամենը 30% տվյալներ ունենալով՝ հայտարարում են, որ արդեն հաղթել են, բայց դուք գիտեք, որ 30%-ը դա ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են»,- ասաց Կարապետյանը։
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի դարձան քվեարկության ավարտից ավելի քան 12 ժամ անց։ Ըստ այդ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 49.82%։ Սա բավական է խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու և վարչապետ ընտրելու համար։ Երկրորդ տեղում 23.28%-ով «Ուժեղ Հայաստանն» է, երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 9.93%-ով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չորրորդն է։ ԿԸՀ-ի կայքում՝ արդյունքների ամփոփումից հետո երևում էր, որ ԲՀԿ-ն հավաքել է 4% ձայն։ Բայց ԿԸՀ նախագահը ընտրությունների նախնական արդյուքներն ամփոփող նիստի ժամանակ հայտարարեց, որ այդ թիվը կլորացված է երևում համակարգում։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ԲՀԿ-ն ստացել է 3.996% ձայն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ վերահաշվարկ են պահանջելու։
«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։
Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև՝ քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը»,- գրել է Տոնոյանը։
Ավելի ուշ Տոնոյանը հրապարակեց մի քանի տեղամասերի տվյալներ, որտեղ «Բարգավաճ Հայաստանը» էականորեն ավելի շատ քվեներ է ստացել, քան արձանագրված էր ԿԸՀ կայքում։
«Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝
27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,- գրել է ԲԿՀ խոսնակը:
Ու մինչ տեղամասերում հաշվարկվում էին քվեները, Փաշինյանը շնորհավորանքներ էր ստանում տարբեր երկրների ղեկավարներից։ Առաջին շնորհավորողը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էր։
Այսօր կեսօրին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը դիմեց կուսակիցներին ու համակիրներին շնորհակալություն հայտնելով պայքարի համար՝ նշեց, որ ավելի ուշ հանդես կգան խորքային հայտարարությամբ։ Դրանից հետո էլ դաշինքի շտաբը հայտարարություն արեց, որ իրենց նկատմամբ իշխանությունը կիրառել է ռեպրեսիաներ, իսկ ընտրությունների օրը կիրառվել է վարչական ռեսուրս։
«Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։ Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը»,- ասված է հաղորդագրությունում։
«Հայաստան» դաշինքի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանն էլ շնորհակալություն է հայտնել ընտրողներին քվեների համար ու հայտարարել, որ պայքարը շարունակվում է։
«Սիրելի´ հայրենակիցներ,
շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմի նկատմամբ ունեցած վստահության համար: Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ: Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»,- գրել է Սաղաթելյանը:
Արդյոք կվերցնեն ընդդիմադիր ուժերը մանդատները, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել