HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները

Այսօր՝ հունիսի 12-ին, «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։

«Նշված դիմումի շրջանակներում ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը ևս։ Մենք հատկապես շեշտադրել ենք նաև այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել. վարչական ռեսուրսի չարաշահումները, ատելության խոսքը»,- ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա նշել է նաև, որ իրենց կողմից նախկինում էլ մի քանի դիմումներ են ներկայացվել ԿԸՀ՝ ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, որոնց ի պատասխան՝ ԿԸՀ-ից ստացել են մերժում։ «Դրանք բոլորը բողոքարկվել էին վարչական դտարան, և մենք ունենք Վարչական դատարանի վճիռներ, որոնցով այս խնդիրներն արձանագրված են։ Այսինքն՝ սա ոչ միայն մեր կողմից գնահատողական դատողություն է, այլ դատական ակտերով հստակ արձանագրված հանգամանքներ են»,- ասել է Վարդևանյանը։

Նա անդրադարձել է նաև վերաքվեարկության անհրաժեշտությանը՝ նշելով, որ դրա հիմքերը շատ հստակ են։ «Եթե անվավեր ճանաչված ընտրական տեղամասերի արդյունքներն ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այտեղ վերաքվեարկության հանգամանքը»,- ասել է նա։

Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից մոտ 100 հազարի ձայները «ոչ թե անձնագրի՝ պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման, լրացնելու եղանակով»։ Այս հանգամանքը ևս Դաշինքի ներկայացուցիչը խնդիր է համարում։ «Որովհետև կարգն այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումն անցնելու պայմաններում պատշաճ լինի։ Եթե պատշաճ չի լինում, դա խնդիր է»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ այդ 100 հազարից 16-17 հազարը զինծառայողների կողմից քվեարկություններն են։ Այս փաստը Արամ Վարդևանյանը համարում է էական նշանակություն ունեցող և խնդրահարույց։ «Շուրջ 17 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ 2026 թվականի ապրիլ ամսին, երբ 24-ժամյա ռեժիմով ամեն կերպ փորձեցին զրկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին Սամվել Կարապետյանի անունը և ազգանունը օգտագործելու հնարավորությունից, մեկ այլ փոփոխություն ևս արեցին, որը վերաբերում էր հենց անվավեր ճանաչելու կառուցակարգին, ինչի հետևանքը մենք տեսանք»,- ասել է Արամ Վարդևանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter