«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան. Արամ Օրբելյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա անդրադարձել է ԿԸՀ-ի որոշումներին՝ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Արամ Օրբելյանը հայտնել է, որ այդ որոշումները վիճարկելու գործընթաց են սկսել։
«Անկախ այս ամբողջ գործընթացից՝ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված գործընթաց ենք սկսել»,- նշել է փաստաբանը։ Օրբելյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարան դիմելը ունի երկու կարևոր պատճառ. «Մեկը արդյունքի հասնելն է և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և գնալ ավելի արդար ընտրությունների, բայց երկրորդը, որը պակաս կարևոր չէ, այս խնդիրները բարձրաձայնելն է, հստակեցնելն է, որ հետագայում առնվազն հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից և հստակ լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե նման ընթացակարգով ընտրություն կազմակերպելը խնդիր չի առաջացնում, ամբողջությամբ իրավաչափ է, նորմալ է, համապատասխանում է միջազգային և մեր Սահմանադրությամբ սահմանված ստանդարտներին»,- նշել է Արամ Օրբելյանը։
Նրա գնահատմամբ՝ ՍԴ-ն ունի մի քանի տարբերակ որոշումներ ընդունելու։ Դրանցից առաջինը արդյունքներն անվավեր ճանաչելն է, երկրորդը՝ խախտումները հաստատելն է և երրորդը՝ արձանագրելն է, որ խախտումներ չկան։
«Տարբերակը, որ կասի՝ խախտումներ չկան, ես պրակտիկորեն բացառում եմ։ Իսկ թե ինչքանով կգնահատի, որ դրանք ազդել են արդյունքների վրա, թե չի գնահատի, այ սա արդեն վիճելի հարցն է, որի շուրջ մենք աշխատում ենք»,- ասել է Արամ Օրբելյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել