HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները․ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան

Այսօր՝ հուլիսի 14-ին, ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ «Ուժեղ Հայաստան»-ը ստանում է 340 006 քվե կամ 23.2710 %, «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է 726 819 քվե կամ 49.7456 %, «Հայաստան» դաշինքը՝ 144 983 քվե կամ 9.9231 %։ Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանում է  58 287 քվե կամ 3.9893 % և չի հաղթահարում անցողիկ շեմը։ ԿԸՀ-ն ընդունել է նաև մանդատների բաշխման մասին որոշումը։ Ըստ այդմ՝ մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր»- 64 մանդատ

«Ուժեղ Հայաստան»- 29 մանդատ

«Հայաստան» դաշինք- 12 մանդատ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ երեք տեղամասերում քվեարկությունների արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ստանալով 58 287 քվե (3.9893 %), չի հաղթահարում անցողիկ շեմը և չի անցնում խորհրդարան։ Ընդդիմադիր ուժերը պահանջում էին, որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչի, պահանջներից էր նաև այն, որ տվյալ տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու որոշում ընդունի ԿԸՀ-ն։ Սակայն, երկու դիմումներն էլ մերժվեցին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ տվյալ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր, «որպեսզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում»։

Նա նշեց, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին և Հանձնաժողովի մյուս անդամներին ուղղել են հարց, թե արդյոք իրապես այդպե՞ս են կարծում։ «Եվ եթե կարծում են, որ 3000-ից ավելի մեր հայրենակիցների քվեարկությունը, որի արդյունքում 58 հազարից ավելի վստահության քվե ստացած ուժը չի հայտնվում խորհրդարանում, ուրիշ էլ ի՞նչը կարող է ունենալ էական ազդեցություն ընտրությունների արդյունքի և ելքի վրա»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ սա մեկ կուսակցության շահի համար մղվող պայքար չէ, սա արդարության համար մղվող պայքար է։ «Ես ցավ եմ ապրում, որ ԿԸՀ անդամներից յուրաքանչյուրը ապրելու է այդ խարանով»,- նշեց Իվետա Տոնոյանը։ Նա նաև հայտնեց, որ գնալու են իրավական ճանապարհով և «մանդատ գողանալ չի ստացվելու»։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերաքվեարկություն նշանակելը և ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը ԿԸՀ-ի համար ոչ թե հայեցողություն էր, այլ պարտականություն։ «Այս «ԿԸՀ», այս որոշումը ժողովրդավարության սկզբունքի ծաղրն էր, ժողովրդի իշխանության նսեմացումն էր: Սա խայտառակություն էր: Այս ընտրությունները, այս ամեն ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ»,- գրել է նա։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter