Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն ՍԴ-ում
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու 2026թ. Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարություն է հրապարակվել կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Ըստ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի՝ ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների ծավալը ենթադրության առիթ է տալիս, որ այն ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցություն է։
«Ընտրակաշառքը ոտնձգություն է Սահմանադրական կարգի նկատմամբ: Ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանը և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը»,- նշված է հայտարարության մեջ։ Այս հարցը, Բաբաջանյանի պնդմամբ, պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում։
Նույն հրապարակման մեջ կա նաև կուսակցության հայտարարությունը։ Ըստ դրա՝ եթե ընտրական գործընթացի վրա ազդում են անհավասար պայմանները, կազմակերպված ճնշումները, խեղված մրցակցային միջավայրը, ֆինանսական ու վարչական անհամաչափ ազդեցությունները, տեղեկատվական հարձակումները և օտար ազդեցության գործոնները, հարցականի տակ է դրվում ոչ միայն որևէ քաղաքական ուժի օգտին արձանագրված արդյունքը, այլև ամբողջ ընտրական գործընթացի սահմանադրական լեգիտիմությունը։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունից բացի, Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին հայտնել են «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Լուսանկարը՝ https://www.facebook.com/share/p/1EdSEep7mT/
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել