HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասով

2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ խնդրելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 2026թ․ հունիսի 17-ի որոշումը, որով իր  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն է տրվել։

Հայցադիմումը վարչական դատարան ներկայացվել է 2026թ․ հունիսի 19-ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Դատարանը հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջ ծավալով, ինչպես նաև հանձնաժողովի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Վարչական դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավել է դատավարության մեջ որպես երրորդ անձ, իսկ դատաքննության օր է նշանակվել հունիսի 24-ը։

Ավելի վաղ ԿԸՀ-ի դեմ հայց է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից:

Հիշեցնենք՝ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի երեք թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Ղազինյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Բացի Ռոբերտ Քոչարյանից, մյուս երկու թեկնածուների մասով դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է:

Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է 2004թ. կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը: Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռ. Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

Ըստ փաստաբանի՝ հետագայում, երբ Ռ.Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում, որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ընկերությունում բաժնեմաս է գնել՝ վճարելով բավականին մեծ գումար, ու հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ:

«Խոսքը վերաբերում է «Մաստեր Կլաս» թենիսի տարածքին, մենք մանրամասները կներկայացնենք, բայց հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել»,- ասել է Արամ Օրբելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter