Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը
2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97%-ը։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 50-65 տարեկանները՝ 62% մասնակցությամբ։ Բայց երիտասարդների մասնակցության ցուցանիշները ևս հերքում են նրանց «անտարբեր» լինելու մասին պատկերացումը։ Համեմատաբար պասիվ են եղել 35-50 տարեկանները՝ 56% մասնակցությամբ: Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այդ ժամանակ նույնպես ընտրությանն ամենաակտիվը մասնակցել են 50-65 տարեկան ընտրողները՝ 55%, իսկ պասիվ են եղել 30-50 տարեկանները՝ 45%:
«Հետքն» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը, որը վերաբերում է 2021 և 2026 թվականների Ազգային ժողովի ընտրողների մասնակցության ցուցանիշներին՝ ըստ սեռի, տարիքի, մարզի:
Սոցիալական հարթակներում քննարկվում է, որ ընտրությունների նկատմամբ երիտասարդները հետաքրքրություն չեն ցուցաբերում: Սակայն, վիճակագրական տվյալները հակառակն են ցույց տալիս:

Բոլոր մարզերում 18-35 տարեկանների 50%-ից ավելին մասնակցել է 2026թ. հունիսի 7-ի ընտրություններին: Միայն Գեղարքունիքի մարզում է, որ այդ տարիքային խմբի ընտրողների 50%-ը մասնակցել է ընտրությանը, 50%-ը՝ ոչ: Պասիվությամբ երկրորդ տեղում Արմավիրի մարզն է՝ 54%-ն է մասնակցել: Ամենաակտիվը եղել են Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 18-35 տարեկան ընտրողները՝ գրանցելով համապատասխանաբար 61% և 62% մասնակցություն:


Համեմատության համար նշենք, որ եթե 2021թ-ի ընտրություններին 4 մարզում (Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, Շիրակ) մասնակցության ցուցանիշը չէր հատել 50%-ը, ապա 2026թ. ընտրություններին՝ այդ շեմը չհաղթահարած մարզ չի եղել:

ԿԸՀ–ի տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ 35-50 և 50-65 տարիքային խմբերում մասնակցության ցուցանիշով առաջատար են կանայք, իսկ 18-35 և 65 տարեկանից բարձր խմբերում՝ տղամարդիկ: Օրինակ, եթե 18-35 տարեկան կանանց 56%-ն են մասնակցել ընտրությանը, ապա տղամարդկանց՝ 59%, իսկ 35-50 տարեկանների խմբում քվեարկությանը մասնակցել են կանանց 58, իսկ տղամարդկանց 54%-ը:

2026թ. ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք է ունեցել 1 մլն 147 հազ. 732 տղամարդ և 1 մլն 337 հազ. 492 կին: Ընտրելու իրենց իրավունքն իրացրել են տղամարդկանց 59%-ը, կանանց՝ 58%-ը:

Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել