Վերաքննիչ դատարանը հեռացավ առանձին սենյակ՝ Միքայել Աջապահյանի գործով որոշում կայացնելու
Վերաքննիչ դատարանը այսօր՝ հունիսի 25-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնեց, որ հեռանում է առանձին սենյակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի պատրաստ լինելուն պես։
Միքայել Աջապահյանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պրակտիկայում լինում է, երբ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ չնշելով, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում որոշում կկայացնի։ «Դա իրավաչափ գործընթաց է, և հիմա մենք պիտի սպասենք, որ դատարանը որոշման ժամը պաշտպանական թիմին նախապես տեղեկացնի»,- նշեց նա։
Պաշտպանի խոսքով՝ այս գործը դատարանում չպետք է լիներ, քանի որ քաղաքական հետապնում է Միքայել Աջապահյանի նկատմամբ։ «Դատարանի լիազորությունների շրջանակը հետևյալն է՝ կամ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը և արդարացման դատական ակտ կայացնի, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներն արձանագրի և բեկանի՝ գործն ուղարկելով ըստ ընդդատության քննելու, կամ փոխի դատական ակտը։ Բազմաթիվ իրավիճակներ կան։ Միայն պետք է հստակորեն արձանագրել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում պարունակող գործ է»,- ասաց Մարինե Ֆարմանյանը։
Նա հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը կամք կդրսևորի և արդարացման դատական ակտ կկայացնի։ Մարինե Ֆարմանյանը նշեց՝ իրենց համար շատ կարևոր է, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվի՝ անկախ այն հանգամանքից, թե Վերաքննիչ դատարանը գործի վերաբերյալ ինչ վերջնական որոշում կկայացնի։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր և դատարանի որոշմամբ շարունակում էր մնալ կալանքի մեջ՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ 2026թ. փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա՝ 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։
Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել