Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Աջապահյանի դատավճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդգար Մանասյանի, բեկանեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Այսպիսով դատարանը Աջապահյանի պաշտպանների բողոքը բավարարեց մասնակի, քանի որ պաշտպանները պահանջել էին նաև արդարացման դատավճիռ։
Աջապահյանի նկատմամբ կիրառված «տնային կալանք» խափանման միջոցը դատարանը վերացրեց, իսկ «բացակայելու արգելք» խափանման միջոցը թողեց անփոփոխ։ Դատարանի կազմում էին նաև դատավորներ Նարինե Հովակիմյանն ու Վաչե Մարգարյանը։ Վերջինս տարբերվող հատուկ կարծիք ունի որոշման վերաբերյալ։
«Որպես պարզաբանում՝ նշեմ, որ Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը սույն դեպքում չի հանդիսացել օրենքի հիման վրա ստեղծված և պատշաճ դատարան, այդ պատճառով դատավճիռը բեկանվել է և վարույթը փոխանցվել է ըստ պատշաճ ընդդատության։ Պարոն Մարգարյանն այդ հարցով ունի այլ դիրքորոշում, որի մասին հատուկ կարծիքով կներկայացնի»,- ասեց նախագահող դատավոր Էդգար Մանասյանը։
Դատական նիստից հետո Միքայել Աջապահյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բավարար արդար չի որակում, քանի որ չարդարացրեց դատարանն իրեն։
Պաշտպան Արա Զոհրաբյանն էլ Վերաքննիչ դատարանի այս որոշումը որակեց «խիզախ որոշում»։ Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանից պահանջել էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և արդարացնել Միքայել Աջապահյանին, սակայն դատարանը մասնակի բավարարեց իրենց բողոքը։ «Չնայած մենք արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր է, որ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց ընդդատության կանոնի խախտումը, որի վերաբերյալ միջնորդություն առաջին ատյանի դատավորին հենց առաջին դատական նիստին ներկայացրինք, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Պաշտպանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժել է նաև դատախազի բերած բողոքը՝ 2․5 տարի ազատազրկման պահանջով։
Հիշեցնենք՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին Միքայել Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր, և դատարանի որոշմամբ՝ Աջապահյանը շարունակում էր մնալ կալանավորված՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Փետրվարի 6-ին Վերաքննիչ դատարանը Միքայել Աջապահյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել