7 քաղաքական ուժ վիճարկում է ԿԸՀ որոշումը․ ՍԴ-ն քննում է ԱԺ ընտրությունների արդյունքներին վերաբերող գործը
Սահմանադրական դատարանում այսօր՝ 2026թ. հունիսի 26-ին, ժամը 11-ին նշանակվել է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը։ Նշված գործերը միավորվել են և քննվում են դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշեց, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել երեք՝ թիվ 12/13, 20/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդպիսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փաստացի զրկվել է մանդատներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը անհրաժեշտ էր կողմ քվեարկած ձայների 4%-ը, սակայն վերջնարդյունքում ստացավ 3.9893%։ Կուսակցությունը կհաղթահարեր անցողիկ շեմը, եթե ԿԸՀ-ն անվավեր չճանաչեր 3 ընտրատեղամասերի արդյունքները։
Քաղաքական ուժերը պահանջել են անվավեր ճանաչված ընտրատեղամասերում կազմակերպել վերաքվեարկություն, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման որոշում չկայացրեց։
Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորﬕստական կուսակցությունները։
Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։ Ի սկզբանե ընտրություններին մասնակցության հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ, սակայն «Ալյանս» կուսակցությունը մայիսի 25-ին դուրս եկավ ընտրապայքարից։
ՍԴ-ի 9 դատավորներից գործի քննությանը մասնակցում է 7-ը։ ՍԴ-ն որոշել է, որ դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը գործի քննությանն անհնար է, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանը մինչև ՍԴ դատավոր ընտրվելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և համանուն խմբակցության պատգամավոր։ Իսկ Արտակ Զեյնալյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Այս կուսակցությունը ևս մասնակցել է հունիսի 7-ի ընտրություններին։
Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներգրավված է որպես պատասխանող: ԿԸՀ-ի անունից ՍԴ-ում հանդես են գալու հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Իսկ Դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն ներգրավված են որպես հարակից պատասխանողներ:
Միավորված գործով դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Գործը քննվում է բանավոր ընթացակարգով։
Սահմանադրական դատարանը սահմանել է, որ դատավարության կողմերը կարող են իրենց բացատրությունները ներկայացնել հետևյալ ժամանակային սահմաններում․ դիմող կողմերը՝ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները և երրորդ անձը՝ մինչև 40 րոպե, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ մինչև 1 ժամ 30 րոպե, իսկ հարակից պատասխանողները՝ մինչև 40 րոպե։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել