Երեւանյան մանկապարտեզների շինարարների նկատմամբ կիրառվել է ընդհանուր 47,3 մլն դրամ տույժ
2020-2026 թթ. (մինչեւ այս տարվա մայիսի 15-ը) հիմնանորոգման կամ վերակառուցման աշխատանքներ են մեկնարկել Երեւանի համայնքապատկան 51 մանկապարտեզներում: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում հիմնանորոգվել/վերակառուցվել է (աշխատանքներն ավարտվել են) 43 մանկապարտեզ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանից «Հետքը» հետաքրքրվել էր, թե արդյոք եղել են դեպքեր, երբ շինաշխատանքներն իրականացնող կազմակերպությունը տուգանվել է աշխատանքները ժամանակին համայնքին չհանձնելու կամ դրանք ոչ պատճաշ կատարելու պատճառով։
Քաղաքապետարանից նախ հայտնել են, որ աշխատանքների ժամկետները խախտելու դեպքում, ըստ պայմանագրի կետի, յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար տվյալ շինկազմակերպությունից գանձվում է տույժ՝ չկատարված աշխատանքի գնի 0,05 տոկոսի չափով, իսկ աշխատանքների չընդունման պարագայում գանձվում է տուգանք՝ պայմանագրով նախատեսված գումարի 0,5 տոկոսի չափով:
Քաղաքապետարանն առանձին աղյուսակով ներկայացրել է 41 դեպք, երբ տույժ է սահմանվել շինարարարական ընկերությունների նկատմամբ։ Եթե խոսքը տույժի մասին է, նշանակում է՝ խախտվել են աշխատանքների ժամկետները:
41 դեպքերը միասին վերցրած՝ շինարարական ընկերությունների նկատմամբ կիրառել է 47,3 մլն դրամ տույժ: Սրանից մոտ 35 մլն դրամ տույժը բաժին է հասել 10 ընկերությունների, որոնցից յուրաքանչյուրն առնվազն 2 մլն դրամ տույժ է ստացել:
Առանձին-առանձին անդրադառնանք այդ ընկերություններին:
Ամենամեծ տույժը՝ 5.871.610 դրամ, ըստ քաղաքապետարանի, կիրառվել է «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ: Վերջինս ստանձնել էր Շենգավիթ վարչական շրջանի թիվ 137 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, բայց, ինչպես արդեն գրել ենք, այդ աշխատանքները կասեցվել են:
4.066.798 դրամ տույժի է ենթարկվել 2022-2024 թթ. Աջափնյակ վարչական շրջանի թիվ 44 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարած «Ագարակ» ԲԲԸ-ն: Այս ընկերության նկատմամբ տույժ է կիրառվել նաեւ Նոր Նորքի թիվ 98 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մասով՝ 239.424 դրամ (կրթօջախը վերանորոգվել է 2020-ին), եւ Մալաթիա-Սեբաստիայի թիվ 77 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մասով՝ 17.124 դրամ (վերանորոգվել է 2022-2024 թթ.): Ստացվում է, որ «Ագարակ» ԲԲԸ-ն 3 մանկապարտեզներում կատարած աշխատանքների մասով ենթարկվել է մոտ 4,3 մլն դրամ տույժի:
«Արտ պլաս» ՍՊԸ-ն, որը 2020-2021 թթ. իրականացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ենթարկվել է 3.993.164 դրամ տույժի: Նույն ընկերությունը 2022-2024 թթ. հիմնանորոգման եւ բակի բարեկարգման աշխատանքներ է կատարել նաեւ Դավթաշենի թիվ 61 մանկապարտեզում, սակայն ենթարկվել է 92.845 դրամ տույժի: Այսինքն՝ «Արտ պլաս» ընկերության տույժերի հանրագումարը գերազանցել է 4 մլն դրամը:
3.939.053 դրամով տույժի է ենթարկվել «Ժիլիո» ԱԿ-ն, որը կատարել է Շենգավիթի թիվ 140 մանկապարտեզի հիմնանորոգման եւ բակի բարեկարգման աշխատանքները։
«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի նկատմամբ էլ կիրառվել է 2.984.901 դրամ տույժ: Այս ընկերությունը 2020-2021 թթ. հիմնանորոգման աշխատանքներ է կատարել Դավթաշենի թիվ 58 մանկապարտեզում: Բայց սա ընկերության միակ տույժը չէ: Այս շինարարը 2021-ին հիմնանորոգել է Նոր Նորքի թիվ 104 մանկապարտեզը (տույժը՝ 155.165 դրամ), իսկ 2021-2022 թթ. նմանատիպ աշխատանքներ է իրականացրել Շենգավիթի թիվ 127 մանկապարտեզում (տույժը՝ 441.245 դրամ): Ստացվում է, որ 3 մանկապարտեզ հիմնանորոգած «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր մոտ 3,6 մլն դրամ տույժ:
«Կարապետյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն էլ 2.054.591 դրամ տույժ է ստացել Աջափնյակի թիվ 47 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների մասով, որոնք իրականացվել են 2022-2024 թթ.: Այսպիսի աշխատանքներ 2021-2023 թթ. ընկերությունը կատարել է նաեւ Նոր Նորքի թիվ 109 մանկապարտեզում, սակայն ստացել է տույժ՝ 564.943 դրամի չափով: ՍՊԸ-ն 2022-2025 թթ. հիմնանորոգել ու բակի բարեկարգում է իրականացրել նաեւ Շենգավիթի թիվ 138 մանկապարտեզում (տույժը՝ 660.981 դրամ): Այսպիսով՝ «Կարապետյան Քոնսթրաքշնը» 3 մանկապարտեզ վերանորոգելիս ստացել է ընդհանուր մոտ 3,3 մլն դրամ տույժ:
2021-2022 թթ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 82 մանկապարտեզի բակը բարեկարգած «Աջափնյակ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է տույժ՝ 2.697.316 դրամի չափով։
Նույն վարչական շրջանի թիվ 95 մանկապարտեզը հիմնանորոգած «Էնջինիրինգ» ՓԲԸ-ի տույժը կազմել է 2.646.598 դրամ:
3 մանկապարտեզ հիմնանորոգելիս տույժեր է ստացել «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ն: 988.907 դրամ՝ Աջափնյակի թիվ 35 մանկապարտեզի (2020-2021 թթ.), 746.482 դրամ՝ Մալաթիա-Սեբաստիայի թիվ 97 մանկապարտեզի (2021 թ.), 503.424 դրամ էլ՝ Նոր Նորքի թիվ 112 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մասով: Ընդհանուր տույժը՝ շուրջ 2,2 մլն դրամ:
«Էլդոգար» ՍՊԸ-ն էլ տույժի է ենթարկվել 2 մանկապարտեզ հիմնանորոգելիս: 2023-2026 թթ. Աջափնյակի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի հիմնանորոգման ու բակի բարեկարգման աշխատանքների մասով տույժը եղել է 1.990.348 դրամ, իսկ 2022-2023 թթ. Շենգավիթի թիվ 143 մանկապարտեզի հիմնանորոգման մասով՝ 207.570 դրամ, այսինքն՝ ընդհանուր տույժը կազմել է մոտ 2,2 մլն դրամ:
Առաջին լուսանկարում՝ Աջափնյակի թիվ 44 մանկապարտեզը
Լուսանկարները՝ «Ֆեյսբուքից»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել