«Եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով». Լիպարիտ Դրմեյան
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը Սահմանադրական դատարանում հանդես եկավ եզրափակիչ խոսքով: Նա անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծախսերին: Նշեց, որ իշխող կուսակցությունն ամբողջությամբ չի հայտարարագրել ծախսերը, հակառակ դեպքում այն գերազանցելու էր օրենքով նախատեսված առավելագույն չափը և ունենալու էր իրավական հետևանքներ:
Ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ եթե ամեն ինչ հայտարարագրվեր, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա պետք է Վարչական դատարանը ՔՊ-ի գրանցումն անվավեր ճանաչեր: Մինչդեռ պատշաճ հսկողություն չի իրականացվել:
Լ. Դրմեյանն անդրադարձավ նաև «սրտիկով» կապույտ ավտոմեքենաներին: Դրանք սահմանված նորմերին հակասող կանոններով են կահավորվել: Պարեկային ծառայությունը կանխելու փոխարեն ուղեկցել է նրանց: Գրությամբ մայիսի 13-ին դիմել են Ներքին գործերի նախարարություն, որպեսզի հասկանան, թե արդյոք այդ ավտոմեքենաների կահավորման համար պատասխանատվության միջոց կիրառվե՞լ է: Բավականին ուշ՝ հունիսի 5-ին, ստացել են գրավոր պատասխան, ըստ որի՝ պահանջվող տեղեկատվությունը անձնական տեղեկատվություն է, հետևաբար չի տրամադրվել:
«Միասնության թևերի» ներկայացուցիչն անդրադարձավ նաև քաղաքական խոսույթին: Առանձնացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չկազմի խորհրդարանում, ապա 2026թ. սեպտեմբերին պատերազմ է լինելու: Լիպարիտ Դրմեյանի փոխանցմամբ՝ սա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրությունների և դրա արդյունքների վրա:
«2026թ. հունիսի 7-ի ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում: Այդ երկու սկզբունքները խախտվել են պարբերաբար և համակարգված ձևով: Մեզ համար պարզ է դարձել մեկ բան. եթե ցանկանում ես հաղթել ընտրություններում, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են Ընտրական օրենսգրքով»,-ասում է Լ. Դրմեյանը:
Դիմելով ՍԴ-ին՝ Լ. Դրմեյանն ասաց, որ դատարանի կայացրած որոշումը կարևոր է երկրում ժողովրդավարության զարգացման համար: Այդ որոշումն է, որ կամ վերջ կդնի չփարատված կասկածներին կամ էլ ավելի կխորացնի հասարակության մեջ արդեն 8 տարի ձևավորվող բևեռացումը:
«Կայացրեք այդ որոշումը, իսկապես հանուն Հայաստանի Հանրապետության»,- խոսքը եզրափակեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում մեկնարկել է յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությունը։ Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը։ Նշված գործերը միավորվել են և քննվում են նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
2026թ. հունիսի 14-ի նիստում ԿԸՀ-ն, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, որոշեց, որ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) և «Հայաստան» (12 մանդատ) կուսակցությունների դաշինքները։
Լուսանկարը՝ hy.armradio.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել