HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«ԿԸՀ ինստիտուտի վարկաբեկումն անթույլատրելի է». Արմեն Սմբատյան

Ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժերի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում վեցերորդ օրը շարունակվող գործի քննությանն այսօր իր դիրքորոշումը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հանձնաժողովի անունից ելույթ ունեցող ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ելույթի հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների՝ ԿԸՀ արձանագրած թվերը կոնստանտ են, ոչ թե լատենտ եւ գոյացել են պարկ առ պարկ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում, ինչպես ինքը երեկ ցույց տվեց։ 

«1 476 000 ծրար 14 ժամվա ընթացքում ամփոփել են, արձանագրել են, արտագրել են առնվազն չորս արձանագրության մեջ, եղել են տեղամասեր, որ քառասունից ավելի քաղվածքներ են տրամադրել ցանկացողներին, դրանցից մեկն էլ գուցե այն է, որ բերվել է ԿԸՀ։ Այդ ցուցանիշները ԿԸՀ-ում մուտք են եղել համակարգիչ մի քանի ժամվա ընթացքում։ ԿԸՀ-ն ունի ավտոմատացված համակարգ, որը հիմնադրվելուց հետո ստացել է ISO ստանդարտ, որը ոչ մի կողմնակի ազդեցություն չի կրել։ Կարծում եմ՝ պատկերացնում եք, թե ինչ կիբերհարձակումների տակ է եղել եւ ոչ մի վնաս չի կրել»,- ասաց Արմեն Սմբատյանը։

Նա ընդունեց, որ եղել են մուտքագրման սխալներ, մարդիկ հոգնած են եղել։ «Շատ չարչրկվեցին ԲՀԿ-ի սխալները։ Բոլոր ուժերի տվյալներն են այդ տեղամասերում սխալ մուտքագրվել մի տող շփոթելու պատճառով։ ԿԸՀ-ն ընդունել է այդ սխալը։ ԲՀԿ-ի ձայների նկատմամբ եղել է ուշադիր վերաբերմունք, գիտակցել ենք՝ ինչ հանրային ուշադրության տակ պիտի պատասխանենք այդ սխալի համար։ Երեկ ես հարցրեցի՝ արդյոք մեր վերջնական արձանագրության մեջ կան էնպիսի թվեր, որոնք անհրաժեշտ է փոխել։ Ես կասկած չունեի, որ մենք սխալ թիվ չունենք մուտք արված, հակառակ դեպքում այդ թվերը կբերվեին։ Ցանկացած տեղամասի ցանկացած թիվ կարող ենք ստուգել»,- ասաց ԿԸՀ քարտուղարը։

Նա տարակուսանք հայտնեց, որ փորձ է արվում նախնական եւ վերջնական արձանագրության տարբերությունը վատ լույսի ներքո ներկայացնել։ «Իմաստը չեմ հասկանում։ Օրենքով մեզ տրված է մեկ շաբաթ ժամանակ այդ ճշտումները անելու համար, որպեսզի ըստ անհրաժեշտության վերահաշվարկ արվի։ ՍԴ-ն այն մարմինն է, որտեղ կարող է փոխվել մանդատների բաշխումը։ Ինչո՞ւ են ձայների փոփոխությունները վատ լույսի ներքո ներկայացվում։ Վերահաշվարկին բոլոր սուբյեկտները հնարավորություն են ունեցել մասնակցելու եւ մասնակցել են»,- ասաց Սմբատյանը։

Ապա դիմեց ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքական ուժերին. «Հարգելի դիմումատուներ, ձեր խոսքը շատ բարձր է, բայց ո՞ւմ օգտին է ԿԸՀ-ն որպես ինստիտուտ այսքան վարկաբեկելու, ոչ մեկի։ Ինչքան մեծ հնարավորություն ունեք դուք այսօր վերլուծելու թվերը, դա բոլորիս ձեռքբերումն է։ Անթույլատրելի է ԿԸՀ ինստիտուտի վարկաբեկումը։ Հարց հնչեց՝ ինչպիսի ազդեցություն է ունեցել քարոզարշավը ընտրողի վարքագծի վրա, դրա համար անտրոպոլոգիական հետազոտություն պետք չի։ Ընդդիմադիր ընտրողը ընդդիմության խոսքին է անվերապահ հավատում, իշխանական ընտրողը՝ իշխանության խոսքին»,- կարծիք հայտնեց նա։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի այն պնդմանը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունեցել է անկախության դեֆիցիտ, հակադարձեց, որ «հանձնաժողովն ավելի քան անկախ է, ավելի, քան երբևէ»։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ այս կազմով ձևավորված հանձնաժողովը գործում էր 3.5 տարի։ Անցկացրել է ավելի քան 10 ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդյունքները չեն բողոքարկվել։ Իսկ ՍԴ դիմելը, Հովակիմյանի դիտարկմամբ, «քաղաքական դիվիդենտ» ստանալու միջոց է, բայց պետք չէ ինստիտուտին հարվածել։

«Այդ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցկացրած ընտրություններով ընդդիմությունն ասում է Գյումրիում հաղթեց, մյուս տեղում հաղթել է»,-ասաց Վ. Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը ևս նշեց, որ ՍԴ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը ապացույցներ չեն ներկայացրել մասսայական ընտրախախտումների վերաբերյալ։ Հետևաբար, ԿԸՀ որոշումը հիմնված է ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա, և անվավեր ճանաչելու հիմքեր չկան։

Լուսանկարը՝ էկրանակադր ՍԴ նիստի ուղիղ հեռարձակումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter