HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ընտրողների 21%-ը, լսելով տարածված ձայնագրությունները, իրենց ձայնը չեն տվել ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին». Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանում ավարտին է մոտենում 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումի հիման վրա գործի քննությունը: Այն վերաբերում է 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշմանը: Այսօր՝ 2026թ. հուլիսի 1-ին, դատաքննության վերջին փուլն է: 6 օր տևած քննությունից հետո կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: ՍԴ-ն այսօր կավարտի գործի քննությունը և կհեռանա խորհրդակցական սենյակ՝ հուլիսի 4-ին որոշումը հրապարակելու նպատակով:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ելույթում նշեց, որ ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել համակարգային, զանգվածային, պարբերական բնույթ կրող ընտրախախտումներ:

Նշեց, որ դիմումում առանձնացրել են խախտումներն ըստ փուլերի՝ մինչև քվեարկության օրը, նախընտրական շրջանը, քվեարկության օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները:

Վարդևանյանը նշեց, որ դատաքննության ընթացքում մի քանի կարևոր հանգամանք են պարզել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի: Տեսել են, թե ինչպես է հնարավոր դատաքննության ընթացքում չպատասխանել հարցերին:

«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատես եղանք, որ Սահմանադրական դատարանում պատասխանողը փաստացի օգտվեց լռելու իրավունքից, երբ Բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը՝ պատասխան ընդհանրապես չտրվեց»,- ասում է Արամ Վարդևանյանը:

Նրա դիտարկմամբ՝ հունիսի 7-ի ընտրությունները չեն եղել ազատ և հավասար: Այդ պնդումները  հիմնավորելու համար ներկայացրել են ատելության խոսքի  մասշտաբային դրսևորումները, որոնք  դրսևորվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից: Ա. Վարդևանյանի դիտարկմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի: Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունեցել է անկախության դեֆիցիտ:

Դատաքննության ընթացքում տեսել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունեցել է պահեստային պատասխանող՝ ի դեմս գործում երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության: 

Վարդևանյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ընտրապայքարի հավասար հնարավորություն չի ունեցել:  Ապրիլի 7-ին ընտրական օրենսգիրք է փոխվել, որ անձնանուն չօգտագործվի, այլ կերպ ասած՝ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անունը չհիշատակվի: Իսկ վերջինս ամբողջ  ընտրական գործընթացում եղել է տնային կալանքի տակ:

Նա հռետորական հարց բարձրացրեց՝ արդյոք օրենքով կարող էին ընտրությունների նախաշեմին նպաստները բարձրացնել, թե այդ մենաշնորհը տրված է մեկ կուսակցությանը: Ըստ Վարդևանյանի՝ պատասխանն ակնհայտ է, այդ մենաշնորհը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քանի որ այդ ընթացքում  կենսաթոշակը բարձրացվել է 10,000 դրամով և ներկայացվել այնպես, որ քաղաքական գործընթացների հետ կապ չի ունեցել:

«Եթե կապ չուներ, ինչու 2025թ. դեկտեմբերին այդ նույն  կուսակցության առաջնորդն Ազգային ժողովի ամբիոնից հենց որպես վարչապետ, հայտարարում էր, որ դրա կարիքը չկա»,- ասում է Արամ Վարդևանյանը:

Քաղաքական ուժի ներկայացուցչի փոխանցմամբ՝ դա եղել է փաստացի ընտրակաշառք: Իսկ երկրում տիրող աղքատության, ծայրահեղ աղքատության պայմաններում, թոշակի բարձրացումը չէր կարող էական ազդեցություն չունենալ ընտրությունների ժամանակ:

Արամ Վարդևանյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձ կատարեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններին՝ նշելով, որ ընտրախախտումների վերաբերյալ տարածված հաղորդագրություններում, հիշատակելով քաղաքական ուժի անվանումը, ևս էական ազդեցություն են ունեցել արդյունքների վրա: Փաստաբանի փոխանցմամբ՝ կատարվածը եղել է սև հակաքարոզչության գործիք:

Արամ Վարդևանյանն ասաց, որ ընտրողների 21%-ը, լսելով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունները, իրենց ձայնը չեն տվել ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին:

«Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի՞ համար պիտի ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ: Ո՞րն էր դրա հավելյալ արժեքը, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը: Խնդիրը կանխարգելո՞ւմ է՝ միանշանակ ողջունելի է, բայց Բարձր դատարան, եթե մեկ րոպե ժամանակ տրամադրեք այդ ձայնագրությունները լսելուն, դուք կտեսնեք, որ այդտեղ կանխարգելման մասին չէ խոսքը: Այդտեղ կա թիրախավորում, այդտեղ կա անհարկի ընդգծում, այնտեղ կա շեշտադրում, այնտեղ կա միջամտություն քաղաքական գործունեությանը: Դա ի՞նչ կապ ունի Հակակոռուպցիոն կոմիտեի հետ»,- ասում է Ա. Վարդևանյանը:

Քաղաքական ուժի ներկայացուցչի փոխանցմամբ՝ տեսել են նաև, թե ինչ է կատարվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում: ԿԸՀ-ն իմացել է, որ պետք է իրականացներ վերաքվեարկություն, ինչպես վճռում նշել էր վարչական դատարանը, բայց չի արել: 

Արամ Վարդևանյանը նշեց, որ եղած խախտումները բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter