Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը
Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, եւ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։
Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը
2024 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ռուսական պետական «Ռոսիա» պետական հեռուստաընկերությանը եւ «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությանը։ Լրագրողի՝ Արցախում մնացած հայերի վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, որ այնտեղ, վերջին տվյալներով, ապրում է շուրջ 20 հայ, որոնք, ըստ նրա, շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարարությունից։
Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։
«Պատմական հողեր» ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքը, որն իր իսկ քարոզչամեքենան անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»։
Թեեւ պաշտոնական Բաքուն խոսում է խաղաղության գործընթացից, զուգահեռ իրականությունում շարունակում է զարգացնել «Արեւմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ ու քննարկումներ։
Քարոզչական այս միջոցառումների հետեւում կանգնած է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989-ին եւ նախապես կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միություն», սակայն 2022-ի օգոստոսին անվանափոխել է:
«Հետքը» գրել է, որ այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական, հակահայկական ծրագրի կատարողն է, բայց «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է: Մասնավորապես՝ 2023-ի դեկտեմբերից ամեն տարի Ադրբեջանում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի» թեմայով:
Փաստն այն է, որ երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դրանից 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ»:
Այսինքն՝ կեղծ են Փաշինյանի եւ նրա թիմի բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները «վերադարձի» թեման առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների: Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022-ից՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր եւ, թեկուզ մասամբ, հայկական վերահսկողության տակ էր:
Վերջերս՝ 2026 թվականի հունիսի 22-ին, «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես «Արեւմտյան Ադրբեջան», ելույթներում էլ հնչում էին Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի եւ հետագայում նման միջոցառումները Հայաստանի տարածքում անցկացնելու մասին հայտարարություններ։
«Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» անվամբ մի միջոցառում-ցուցահանդես էլ տեղի է ունեցել 2026 թ. հունիսի 18-19-ին Նախիջեւանի Օրդուբադ քաղաքում։
Նման մի միջոցառում էլ հունիսի 24-ին կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսում, խորագիրը՝ «Վերադարձի իրավունք եւ ինքնորոշում. կրկնակի չափանիշներ եւ ընտրողական մոտեցումներ»:
Այսպիսով՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեզը առաջին անգամ շրջանառել է Իլհամ Ալիեւը։ Որքան էլ Փաշինյանն ու նրա թիմը հայտարարեն, որ դա «ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա եւ չի լինելու», ինչպես նաեւ «խաղաղությունը բոլոր այդ թեմաները փակում է եւ փակել է», Ադրբեջանը պետական մակարդակով հսկայական ռեսուրսներ է հատկացնում զավթողական այդ օրակարգի առաջմղմանը, այդ թվում՝ արտերկրում՝ այն համարելով իր առաջնահերթություններից մեկը։
Որքա՞ն ադրբեջանցի է ապրել Խորհրդային Հայաստանում
Մինչեւ Ղարաբաղյան առաջին պատերազմը, ինչպես որ հայեր են ապրել Ադրբեջանի տարածքում, այնպես էլ ադրբեջանցիներ են բնակվել Հայաստանի տարածքում:
Բնակչության վերաբերյալ պաշտոնական տվյալները ստացվում են մարդահամարներից։ Խորհրդային Հայաստանում մարդահամար անցկացվել է 1926, 1939, 1959, 1970, 1979 եւ 1989 թթ.։ Ալիեւը հարցազրույցի ընթացքում նշել է հստակ ժամանակահատված (1980-ականների վերջ եւ 1990-ականների սկիզբ)։
Ըստ 1979 թ. մարդահամարի տվյալների՝ Խորհրդային Հայաստանում ապրել է 3.037.259 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են հայեր՝ 2.724.975 մարդ կամ 89,7 տոկոսը։ Երկրորդը եղել են ադրբեջանցիները՝ 160.841 մարդ կամ 5,3 տոկոսը, իսկ երրորդ տեղում՝ ռուսները՝ 70.336 մարդ կամ 2,3 տոկոսը։
1989 թ. մարդահամարի համաձայն՝ ՀԽՍՀ բնակչությունը կազմել է 3.304.776 մարդ, որոնցից հայերը՝ 3.083.616 մարդ կամ 93,3 տոկոսը, ադրբեջանցիները՝ 84.860 մարդ կամ 2,6 տոկոսը, իսկ երրորդը եղել են քրդերը (ներառված են եզդիները)՝ 56.127 մարդ կամ 1,7 տոկոսը:
Սրանք խորհրդային մարդահամարի պաշտոնական տվյալներ են, ինչը նշանակում է, որ 1980-ականների վերջում Հայաստանում ապրող ադրբեջանցիների թիվը նույնիսկ 100 հազարի չի հասել: Ընդ որում՝ 1979-ին արձանագրված թիվը (160.841 մարդ) խորհրդային շրջանում անցկացված բոլոր մարդահամարների մեջ եղել է հայաստանաբնակ ադրբեջանցիների ամենամեծ ցուցանիշը, բայց, ինչպես տեսնում ենք, մոտ 2 անգամ փոքր է Ալիեւի հայտարարած թվից:
1979-ի համեմատ 1989-ին Հայաստանում ադրբեջանցի բնակչության թվի կտրուկ անկումը պայմանավորված է 1980-ականների վերջին հայ-ադրբեջանական հարաբերությունների կտրուկ սրացմամբ, 1988-ի փետրվարին սկսված Արցախյան շարժմամբ ու դրան հաջորդած հայ-ադրբեջանական հակամարտությամբ։
Ահա ադրբեջանցիների թվաքանակը Հայաստանում 1926-1989 թթ.:
.jpg)
1926 թ.-ի մարդահամարի տվյալներով՝ ադրբեջանցիները հիշատակվում են որպես «թյուրքեր»
Այսպիսով՝ Ալիեւի կողմից շրջանառված «300.000 հազար ադրբեջանցիների» թեզը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը։
Իսկ որքա՞ն հայ է բնակվել Խորհրդային Ադրբեջանում
Խորհրդային տարիներին անցկացված մարդահամարները արձանագրել են նաեւ Խորհրդային Ադրբեջանում ապրած հայերի թիվը։
Պաշտոնական տվյալները փաստում են՝ խորհրդային տարիներին Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրել է բավականին մեծաթիվ հայկական համայնք։ Հարկ է նշել, որ անցկացված մարդահամարների ժամանակ Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության տակ էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), հետեւաբար վիճակագրական տվյալներում ներառված են նաեւ այնտեղ ապրող հայերը եւս։
Այսպես, ըստ 1959 թ. մարդահամարի պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում ընդհանուր 3.697.717 բնակիչ կար, որոնցից հայերի թիվը կազմել է 442.089 մարդ կամ 12 տոկոսը։
Արդեն 1970 թվականին անցկացված հաջորդ մարդահամարի ժամանակ Ադրբեջանի բնակչությունը հասել էր 5.117.081-ի։ Այդ տարի հայերի բացարձակ թիվը նույնպես աճել էր՝ հասնելով խորհրդային շրջանի իր առավելագույն ցուցանիշին՝ 483.520 մարդ կամ 9,4 տոկոսը։
Հաջորդ՝ 1979 թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրում էր 6.026.515 մարդ։ Հայերի թվաքանակը եղել է 475.486 մարդ, ինչը երկրի բնակչության 7,9 տոկոսն էր։ Ընդ որում՝ 1979-ին հայերը դարձել են Խորհրդային Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը՝ առաջ անցնելով ռուսներից (նման պատկեր եղել է նաեւ 1926-ին):
Իրավիճակը փոխվել է 1980-ականների վերջին։ 1989 թ. անցկացված խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանի բնակչությունը կազմել է 7.021.178 մարդ, որոնցից հայ էին 390.505-ը կամ 5,6 տոկոսը։ Այս ցուցանիշը նախորդ մարդահամարի համեմատ արձանագրում էր հայ բնակչության զգալի անկում, ինչն անմիջականորեն պայմանավորված էր Արցախյան շարժման մեկնարկով ու դրան հաջորդված միջէթնիկական բախումներով, Ադրբեջանի տարածքում, մասնավորապես՝ Սումգայիթում ու Կիրովաբադում, հայերի հանդեպ իրականացված ջարդերով, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացմամբ:
Ահա հայերի թվաքանակը Խորհրդային Ադրբեջանում (ներառյալ՝ Արցախում) 1926-1989 թթ.:

Մարդահամարի տվյալներն արձանագրում են, որ կես դար շարունակ՝ 1939-1989 թթ., Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի թիվը կայուն է եղել՝ տատանվելով 390-490 հազարի շրջանակներում:
Չի բացառվում, որ ադրբեջանական քարոզչամեքենան ուռճացնում է Հայաստանի տարածքում ապրած ադրբեջանցիների թիվը՝ փորձելով այն համեմատության մեջ դնել Խորհրդային Ադրբեջանի հայ բնակչության թվաքանակի հետ:
Ինչ վերաբերում է «վերադարձի իրավունքին», ապա սա այլ թեմա է՝ հաշվի առնելով, թե ինչպես են ադրբեջանցիները կամ նրանց զգալի մասը հեռացել Հայաստանից՝ իրենց տները փոխանակելով Ադրբեջանից գաղթող հայերի մի մասի տների հետ՝ ի տարբերություն Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերից հետո մազապուրծ եղած հայերի կամ 2020-2023 թթ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքով իրենց գույքը կորցրած ու փախստական դարձած հայերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել