HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արտահոսած պայմանագրեր. «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն անմիջապես ֆինանսավորվում է Ալիեւի աշխատակազմից

«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի հանդեպ ծավալապաշտական նպատակներ հետապնդող «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է, իսկ նույնանուն կազմակերպությունն ընդամենը ծրագրի խամաճիկ կատարողն է, իրավական տեսանկյունից՝ Ալիեւի աշխատակազմին ծառայություններ մատուցողը:

Այս թեմային վերջերս անդրադարձել է նաեւ OC Media-ն:   

«Արեւմտյան Ադրբեջան» անունով թեզի տիրաժավորումը

«Արեւմտյան Ադրբեջան» ասելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան նկատի ունի Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքը: Քարոզչական նպատակներով ստեղծված «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքում նշվում է, թե «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը 1989-ից գործունեություն ծավալող «Ադրբեջանի փախստականների միություն» հասարակական միավորման իրավահաջորդն է, որն անվանափոխվել է 2022-ի օգոստոսին, ինչպես նաեւ ընդունվել է կազմակերպության նոր կանոնադրությունը:

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքը զբաղվում է ժամանակակից Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ: Ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի կերպով վտարված ադրբեջանցիներին վերադարձնելու ջանքերի շրջանակներում Արեւմտյան Ադրբեջանի համայնքն ընդունել է «Ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն ապահովելու հայեցակարգը՝ վերադարձի հայեցակարգը»»,- ասվում է կայքում:

Սա ընդամենը «ցուցափեղկն» է, իսկ իրականությունն այն է, որ անվանափոխված ու նոր շունչ ստացած այս կազմակերպությունն Ալիեւի վարչակարգի համար միջոց է՝ Հայաստանի հանդեպ պաշտոնական Բաքվի էքսպանսիոնիզմն (ծավալապաշտություն) ու իրեդենտիզմը առաջ մղելու համար: Ուշադրության է արժանի նաեւ այն ժամանակահատվածը (2022-ի օգոստոս՝ 44-օրյա պատերազմում հաջողության հասնելուց հետո եւ Հայաստանի ու Արցախի հանդեպ 2021-2022 թթ. շարունակական ագրեսիաների ֆոնին), երբ փախստականների միությունը անվանափոխվել է «Արեւմտյան Ադրբեջան»՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետությունը:

Նկատենք, որ կազմակերպության ղեկավար կազմը բաղկացած է ադրբեջանցիներից, որոնք ծնվել են խորհրդային տարիներին հիմնականում Հայաստանի տարածքում (Վայք, Եղեգնաձոր, Վեդի, Ալավերդի, Վարդենիս, Ճամբարակ):

Կազմակերպության անվանափոխությունից 6 ամիս անց՝ 2023-ի փետրվարի 21-ին, գրանցվել է «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» կայքը, որն ունի ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն տարբերակներ: 

Մեկ այլ կայք՝ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անունով (ներկա պահին հասանելի չէ), ստեղծվել է դրանից օրեր առաջ՝ 2023-ի փետրվարի 6-ին, ունի ադրբեջաներեն, թուրքերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակներ: Երկու կայքերն էլ լի են հակահայկական, շինծու բովանդակությամբ:

Այսպիսով՝ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն Ալիեւն իր ենթակաների հետ սկսել է ակտիվորեն կիրառել այնպիսի ժամանակահատվածում, երբ շրջադարձային զարգացումներ էին տեղի ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում, եւ պաշտոնական Բաքուն ամբողջ ծավալով ի ցույց էր դնում խնդիրները զենքի ուժով եւ ագրեսիայով լուծելու իր ռազմավարությունը (Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ շարունակական ագրեսիաներ ու սադրանքներ, 2022-ի սեպտեմբերյան ագրեսիա Հայաստանի հանդեպ, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի օկուպացիա, վարչապետ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Պրահայում 2022 թ. հոկտեմբերին, Լաչինի միջանցքի եւ Արցախի ամբողջական բլոկադա 2022-ի դեկտեմբերից):

Արտահոսած փաստաթղթեր՝ Ալիեւի աշխատակազմից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած մի քանի պայմանագրեր, որոնք հայտնվել են «Հետքի» տրամադրության տակ, ցույց են տալիս, որ «Արեւմտյան Ադրբեջան» անունով ծրագիրն առաջ մղողը հենց Ալիեւի աշխատակազմն է, իսկ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անունով կազմակերպությունը դրա իրականացման պտուտակներից մեկն է ընդամենը:

2023-ի դեկտեմբերի 5-ին՝ Արցախի բռնի հայաթափումից 2 ամիս անց, Բաքվում միջազգային կոնֆերանս էր կազմակերպվել, որը կրում էր «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ եւ արդար լուծում» անունը: Ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության՝ դրան մասնակցել է ավելի քան 100 պատգամավոր ու փորձագետ Ադրբեջանից եւ շուրջ 30 այլ երկրներից:

Կոնֆերանսի նախապատրաստության շրջանակներում նույն տարվա դեկտեմբերի 1-ին Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամին Գուլուզադեն պայմանագիր է ստորագրել «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության աշխատակազմի ղեկավար Գալիբ Գասիմովի հետ՝ կոնֆերանսի կազմակերպման հետ կապված ծառայություններ մատուցելու համար: Պայմանագրի արժեքը կազմել է 39.770 մանաթ, որը հավասար է 23.500 դոլարի:

Ալիեւի աշխատակազմի ղեկավարը նույն օրը պայմանագիր է ստորագրել «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» ադրբեջանական ՀԿ-ի հետ, որպեսզի վերջինս համապատասխան ինֆորմացիա տեղադրի «Վիրտուալ Արեւմտյան Ադրբեջան» հարթակում: Ծառայության արժեքը եղել է 20.000 մանաթ կամ 11.800 դոլար:

Եվս մի պայմանագիր Ռ. Գուլուզադեն ստորագրել է տեղական ՍՊԸ-ներից մեկի հետ: Գործարքի առարկան եղել է LED էկրանի վարձակալությունը, արժեքը՝ 2.265 մանաթ կամ 1.350 դոլար:

Մեկ այլ պայմանագիր Ալիեւի աշխատակազմի ղեկավարը կնքել է Baku Marriott Hotel Boulevard-ի հետ, որտեղ տեղի է ունեցել կոնֆերանսը, ինչպես նաեւ հանգրվանել են հյուրերը: Վերջիններիս սենյակների ամրագրման ծախսը կազմել է 16.000 մանաթ, 16.400 մանաթ էլ արժեցել են միջոցառման ծախսերը, ընդհանուր՝ 32.400 մանաթ կամ 19.100 դոլար:

Այսպիսով՝ մեր ձեռքի տակ եղած 4 պայմանագրերի ընդհանուր արժեքը եղել է շուրջ 95.000 մանաթ, որը հավասար է 56.000 դոլարի: Բնականաբար, չի բացառվում, որ քարոզչական այս կոնֆերանսը կազմակերպելու համար Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կնքել է այլ պայմանագրեր եւս ու արել համապատասխան ծախսեր:

Փաստն այն է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է տասնյակ հազարավոր դոլարներ հատկացնել Հայաստանի դեմ տարվող իր ծավալապաշտական ծրագրերի քարոզչական նախապատրաստության եւ կյանքի կոչման համար:

Ովքե՞ր են եղել կոնֆերանսի օտարերկրացի հյուրերը

Baku Marriott Hotel Boulevard-ի հետ կնքված պայմանագրում երեւում է կոնֆերանսին հրավիրված 34 հյուրի անուն, որոնց համար սենյակներ են ամրագրվել հյուրանոցում: Նրանք ներկայացնում են տարբեր երկրներ (հրավիրյալների մասին ինֆորմացիան կարող եք տեսնել հղումներում)՝ Թուրքիա (1, 2, 3, 4), Ռուսաստան (1, 2, 3), Իտալիա (1, 2), Ալբանիա, Հունաստան, Հունգարիա, Լյուքսեմբուրգ, Լիտվա, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա, Ինդոնեզիա, Ալժիր (1, 2), Եթովպիա (1, 2), Պակիստան (1, 2), Իսրայել, Հորդանան:

Այս անձանց գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի մասն ունեն հստակ ադրբեջանամետ դիրքորոշում, եւ նոր չէ, որ զբաղվում են պաշտոնական Բաքվի քարոզչությամբ եւ շինծու, հակահայկական նարատիվների տարածմամբ:

Ադրբեջանի նկրտումները ՀՀ-ի հանդեպ չեն դադարել

2024-ի դեկտեմբերին Բաքվում կազմակերպվել է նույնատիպ երկրորդ միջազգային կոնֆերանսը, իսկ այս տարվա դեկտեմբերին՝ երրորդը: Բոլոր միջոցառումների ժամանակ հնչել են Հայաստանի հասցեին շինծու մեղադրանքներ, «պատմական արդարությունը» վերականգնելու կեղծ կոչեր, Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությունը նենգափոխող հայտարարություններ:

2023-2025 թթ. կազմակերպված կոնֆերանսների արտասահմանցի մասնակիցների աշխարհագրությունը հուշում է, որ Բաքուն փորձում է տարեցտարի մեծացնել իր համախոհների շրջանակն ու ապահովել միջազգային կոնսոլիդացիա ՀՀ-ի հանդեպ նկրտումներն իրագործելու ճանապարհին (կոնֆերանսներին մասնակցում են քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, ինչպես նաեւ քաղաքագետներ, փորձագետներ, լրագրողներ, գրողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց երկրներում հանրային կարծիք ձեւավորող են եւ ունեն լսարան):

Այս ամենը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների ֆոնին, ինչից հետո հատկապես ՀՀ իշխանությունները ոգեւորված խոսում են այլեւս հաստատված խաղաղության մասին:

Ընդգծենք՝ երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում կան հստակ ձեւակերպումներ, որոնք ամբողջովին հակասում են պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող եւ նախագահականից ֆինանսավորվող «Արեւմտյան Ադրբեջան» ծավալապաշտական ծրագրին ու դրա քարոզչական նախապատրաստությանը:

Ահա մի քանի պարբերություն, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը «թղթի վրա» հասել են համաձայնության. «Կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը» (հոդված 1), «Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի: Կողմերը չեն ձեռնարկի որեւէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը» (հոդված 2), «Կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության եւ խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ» (հոդված 8)։ Իսկ ահա նախագահ Թրամփի ներկայությամբ Փաշինյանի ու Ալիեւի ստորագրած հռչակագրում, մասնավորապես, ասվում է. «Մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ եւ երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջեւ թշնամանքի էջը փակելու համար»:    

ՀՀ-ի տարածքը որպես «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնելու եւ ադրբեջանցիների՝ իրենց «պատմական հողեր» վերադառնալու տարատեսակ միջոցառումներն ու ամենաբարձր մակարդակով արվող հայտարարությունները ի ցույց են դնում մի պարզ իրողություն՝ Ալիեւի ղեկավարած Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքի էջը ոչ միայն չի փակվում/փակվելու, այլեւ այդ էջի վրա նոր պատմություն է գրվում՝ կեղծ, շինծու, հակապատմական, հակագիտական ու հակահայկական:

Տես նաեւ՝

Առաջին լուսանկարում՝ Իլհամ Ալիեւն այցելել է Բաքվում գտնվող «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպություն, 24.12.2022 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter