
Արտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել
Վահե Սարուխանյան (hetq.am), Ալեքսանդր Յարոշեւիչ (buromedia.io)
Ադրբեջանին զենքի վաճառքը սրել է Հայաստանի ու Բելառուսի հարաբերությունները, որոնք ՀԱՊԿ-ի շրջանակներում համարվում են գործընկերներ:
Տարիներ շարունակ ՀՀ պաշտոնյաները հրապարակային վրդովմունք են արտահայտել այն փաստի վերաբերյալ, որ Բելառուսը զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, որի հետ երկարատեւ ռազմական հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ:
- «Հետքը» ներկայացնում է Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշ գաղտնի նամակներ
- «Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին
Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020 թ. Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների դեմ:
ՀՀ կառավարության համար Բելառուսի կողմից իր թշնամուն զենքի վաճառքը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս երկու երկրները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Չնայած նույն դաշինքի անդամ լինելուն՝ զենք արտադրող բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունը, վերջինիս արտահոսած էլեկտրոնային նամակների եւ ներքին զեկույցների համաձայն, օգնել է Ադրբեջանին թարմացնել իր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը:
Արտահոսած փաստաթղթերը ձեռք են բերել Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) եւ վերջինիս գործընկերներ «Հետքն» ու «Բյուրո Մեդիան», որը հիմնել են վտարանդի բելառուս լրագրողները:
«Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ Ադրբեջանի թարմացված ՀՕՊ համակարգերը «ակտիվորեն կիրառվել են» 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցում ասվում է, որ «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները (սրանք խորհրդային «Ս-125» համալիրի՝ «Տետրաէդրի» կողմից մոդեռնիզացված տարբերակն են) խոցել են հայկական 11 ԱԹՍ:
Ըստ այդմ՝ խոցումները կատարել են 3 (խոցել է 3 հատ ԱԹՍ), 2 (խոցել է 2 հատ ԱԹՍ), 28 (խոցել է 3 հատ ԱԹՍ) եւ 11 (խոցել է 3 հատ ԱԹՍ) գործարանային համարներով համալիրները:
ՀՀ պաշտպանության նախարարությանը խնդրել էինք հայտնել՝ գերատեսչությունը հաստատու՞մ, թե՞ հերքում է «Պեչորա-2ՏՄ»-ով հայկական 11 ԱԹՍ-ի խոցման մասին ինֆորմացիան: Հետաքրքրվել էինք նաեւ, թե, ըստ ՊՆ-ի, հայկական կողմը վերջին տարիների էսկալացիաների ժամանակ ինչ քանակի «Պեչորա-2ՏՄ» է հանել շարքից: Հղում անելով պետական գաղտնիքին՝ ՊՆ-ն տեղեկություններ չի տրամադրել:
Իսկ ահա «Տետրաէդրի» զեկույցի համաձայն՝ 2020 թ. պատերազմի ժամանակ արկի պայթյունից մեկնարկային դիրքում աննշան վնասվածքներ է ստացել «Պեչորա-2ՏՄ» համալիրներից մեկը (գործարանային համարը՝ 14): X սոցցանցում էլ առկա է մի տեսանյութ, որին կից մեկնաբանության մեջ ասվում է, որ [հայկական] ԱԹՍ-ն հարվածում է «Պեչորա-2ՏՄ»-ի մարտկոցի կառավարման կենտրոնին, բայց, ըստ էության, ոչ թե ոչնչացնում է, այլ միայն վնասում:
Հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որն իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու դեպքի առթիվ 2020 թ. սեպտեմբերի 29-ին նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը: Կոմիտեից, սակայն, հայտնել են, որ բելառուսական «Պեչորա-2ՏՄ» զինատեսակի վերաբերյալ քրեական վարույթով տվյալներ ձեռք չեն բերվել:
Ի տարբերություն ՀՀ ՊՆ-ի եւ ՔԿ-ի՝ Ադրբեջանի ՊՆ-ն ընդհանրապես չի պատասխանել լրագրողների հարցմանը:
2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, որը տեւեց 44 օր, ինչի արդյունքում այն կարողացավ գրավել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: ԼՂ-ի մնացած մասը Ադրբեջանը նվաճեց 2023 թ. սեպտեմբերյան հարձակման միջոցով, ինչը հանգեցրեց ավելի քան 115 հազար հայերի բռնագաղթին: Բելառուսի ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի գործողությունն անվանեց «ազատագրական պատերազմ»:
Սրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն խոստացավ, որ այլեւս չի այցելի ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն այդ երկրի ղեկավարն է: Երկու երկրների հարաբերությունները մնում են լարված, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն այս ամիս ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր են նախաստորագրել:
Բելառուսական ընկերությունից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Տետրաէդրը» ադրբեջանցի գործընկերների հետ 2006-2020 թթ. առնվազն 16 պայմանագիր է ստորագրել: Դրանք վերաբերել են գույքի առքուվաճառքին/մատակարարմանը եւ ծառայությունների մատուցմանը: Պայմանագրերից երկուսը, որոնք ստորագրվել են 2017 թ. դեկտեմբերի 26-ին եւ վերաբերել են «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանն ու ընթացիկ վերանորոգմանը, արժեցել են ընդհանուր 13,3 մլն դոլար: Ընդ որում՝ դրանից առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Բայց հատկանշական է, որ առնվազն 9 պայմանագրերում «Տետրաէդրի» գործընկերը ոչ թե Ադրբեջանի ՊՆ-ն է եղել, այլ մասնավոր մի ընկերություն օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներից՝ N.P.O. Navigation Systems-ը:
Չնայած այսպիսի միջնորդների կիրառումը զենքի միջազգային առեւտրում սովորական երեւույթ է, եւ պարտադիր չէ, որ վկայի անօրինակության մասին, փորձագետները զգուշացնում են, որ նման գործարքներում օֆշորային ընկերությունները մեծացնում են կաշառակերության ռիսկը:
«Որքան շատ են գաղտնիության շերտերն ու թափանցիկության բացակայությունը զենքի առեւտրում, այնքան մեծ են անձնական շահույթ ստանալու կոռումպացված պաշտոնյաների հնարավորությունները»,- ասում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զենքի առեւտրի ավագ փորձագետ Պիտեր Վեզեմանը (Pieter Wezeman):
N.P.O Navigation Systems ընկերության մասին որոշ մանրամասներ ենք գտել տասնյակ հազարավոր օֆշորային ընկերությունների վերաբերյալ արտահոսած տվյալների թղթապանակում, որը կոչվում է «Պանդորայի փաստաթղթեր»:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2020 թ. ապրիլի դրությամբ՝ 44-օրյա պատերազմից շուրջ 6 ամիս առաջ, օֆշորային այս ընկերության շահառու սեփականատերերը եղել են 2 ադրբեջանցիներ՝ ռազմական ոլորտի հետ առնչություն ունեցող Ֆուադ Սեյիդալիեւը (Fuad Seyidaliyev) եւ Արիֆ Ռահիմովը (Arif Rahimov): Սակայն հենց ապրիլին էլ նրանք իրենց բաժնեմասերը փոխանցել են իսրայելցի Դավիդ Սուտովսկուն, որը մինչ այդ ընկերության տնօրենն էր:
Սեյիդալիեւի ու Ռահիմովի անունները (որպես ղեկավարներ եւ օրինական ներկայացուցիչներ) առնչվում են նաեւ ադրբեջանական Azairtechservice ընկերությանը: Վերջինս ադրբեջանական բանակի հետ համագործակցության մեծ փորձ ունի, 2011-ին էլ Tetraedr Techservice անունով hամատեղ ձեռնարկություն է հիմնել «Տետրաէդրի» հետ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում: Հետագայում Azairtechservice-ը անվանափոխվել է՝ դառնալով Esis Technologies:
N.P.O Navigation System-ը չի պատասխանել լրագրողական հարցմանը, չեն արձագանքել նաեւ Ռահիմովն ու Սուտովսկին: Եվ չնայած փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ Ֆ. Սեյիդալիեւը եղել է օֆշորային այս միջնորդի շահառու տերերից մեկը, հեռախոսազրույցի ընթացքում նա հերքել է իր կապը դրա հետ եւ անջատել հեռախոսը: Սեյիդալիեւը հետագայում չի արձագանքել իրեն ուղարկված գրավոր հարցերին:
Առաջին նկարի ձեւավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել