HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ֆրանսիայի հավաքականը Պարագվային նվազագույն հաշվով հաղթելուց հետո շարունակում է ճանապարհը Մունդիալում

Ֆրանսիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 1:0 հաշվով հաղթանակ տարավ Պարագվայի ընտրանու նկատմամբ և քառորդ եզրափակչում կմրցեն Մարոկկոյի հավաքականի հետ:

Նախորդ փուլում Գերմանիային պայքարից դուրս թողած Պարագվայի հավաքականն այս խաղում ընտրել էր պաշտպանողական մարտավարություն՝ փորձելով կանգնեցնել Ֆրանսիայի հարձակման գիծը: Հարավամերիկյան թիմին հաջողվեց բարդություններ ստեղծել աշխարհի կրկնակի չեմպիոնների համար: Մեկնարկային 20 րոպեների ընթացքում Դիդիե Դեշամի գլխավորած թիմն ուներ գնդակի տիրապետման ավելի քան 80% ցուցանիշ, սակայն չէր կարողացել ոչ մի հարված կատարել դարպասին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Ֆրանսիայի հավաքականն ավելացրեց ճնշումը: Մանու Կոնեի հեռահար հարվածից հետո  գնդակը հեռացրեց պարագվայցիների դարպասապահ Օռլանդո Խիլը: Խաղի 65-րդ րոպեին Դեզիրե Դուեն տուգանային հրապարակում շրջանցեց երեք պաշտպանների, որտեղ նրան կանոնների խախտմամբ կանգնեցրեց Դիեգո Գոմեսը: Կիլիան Մբապեն դիպուկ իրացրեց տասնմեկմետրանոցը՝ բացելով հանդիպման հաշիվը և խփելով խաղի միակ գոլը:

Գոլից հետո խաղի պատկերը փոխվեց, և Ֆրանսիայի հավաքականն անցավ պաշտպանողական մարտավարության: Ավելացված ժամանակի վերջին րոպեներին Մբապեն հնարավորություն ունեցավ կրկնապատկելու հաշիվը, սակայն դարպասապահ Խիլը կրկնակի սեյվով փրկեց իր թիմին:

Ֆրանսիայի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը և հուլիսի 10-ին՝ ժամը 00:00-ին, քառորդ եզրափակչում կհանդիպի Մարոկկոյի ընտրանուն: Պարագվայի հավաքականն ավարտեց իր ելույթներն այս առաջնությունում:

Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter