Բանաստեղծն ու իր քոյրը. Գեղամ (Սեմա) և Մարի Աթմաճեաններ (մաս 1)
Պարեր, գինի և կենացներ
1934թ. Հուլիս 21-ին, ժամը 11-ին Փարիզի Սեն Սեն Դընի դեպարտամենտում գտնվող Օլնե-սու-Բուայի քաղաքապետարանում, միաժամանակ 2 հարսանիք կար: Ազգությամբ հայ քույր և եղբայր Աթմաճեանները ամուսնանում էին ֆրանսացի քույր-եղբայր Շըվալիեների հետ: Պսակի արարողությունից հետո հարսանիքի մասնակիցները ինքնաշարժերով մեկնեցին Շըվալիեների տուն, որտեղ նրանց սպասում էին բացված սեղաններ և գինի, ապա՝ պարեր ու զվարճություն: Մի քիչ գինովցած հրավիրյալները և նորապսակները մինչև ուշ, ինքնաշարժերով մի լավ պտտվեցին Օլնե-սու-Բուայի շրջակայքում՝ հայկական և ֆրանսական երգեր երգելով և իրենց ուրախությանը բաժնեկից դարձնելով անցող-դարձողին: Այնպես որ, հարսանիքի ներկաները շատ գոհ էին, որ ստացել էին այս լավ առիթին մասնակից լինելու հետևյալ հրավերը՝ «Այրի տիկին Փ.Մ. Աթմաճեան պատիւ ունի Ձեզ հրաւիրելու հարսանեկան հանդէսին՝ իր որդւոյ Պ. Գեղամ Աթմաճեանի (Ա. Սեմա) ընդ Օր. Ժաննա Շարլօթ Լը Շըւալիէի եւ իր դստեր՝ Օր. Մարի Աթմաճեանի ընդ Պ. Էթիէն Շարլ Լը Շըւալիէի, որ տեղի կունենա...»: Մարին և Գեղամը գրողներ էին, տպագրվում էին ֆրանսահայ մամուլում: Ինչպես և այս երկրում հայտնված մտավորական գրեթե բոլոր հայերի նման, նրանք հույս ունեին, թե ցեղասպանության ծանրագույն հետևանքները քիչ թե շատ թոթափելով՝ ազգապահպանման առաքելությամբ և գրականությամբ զբաղվելով, մի նոր բարվոք շրջան կստեղծեին հայության համար: Բայց ուծացման վտանգը կախվելու էր նաև իրենց ընտանիքների գլխին, աշխարհն էլ նորից տակնուվրա էր լինելու՝ հանգիստ շունչ քաշելու հնարավորություն չտալով գաղթական հայերին: Աթմանճաեանները նույնպես գաղթականներ էին:

Հարսանյաց հանդես, 1934թ.
Մահմուդ 2-րդ սուլթանից մնացած տիտղոսը
Տիկին Փառանձեմը, Մարին և Գեղամը հրաշքով էին փրկվել կոտորածներից, անցել էին աքսորի և վերապրումի մի երկար ճանապարհ մինչև որ կհասնեին Ֆրանսիա: Հին ցեղ էին՝ 17-րդ դարից Անիից Կեսարիա տեղափոխված: Գերդաստանի մեծը հայտնի Ավետիք դեդեն էր, որ ենիչերիներից Մահմուտ 2-րդի կյանքը փրկած լինելու համար «աթմաճա» մականունն էր ստացել: Այն նույն Մահմուդ 2-րդի, որի մայրը՝ Նախշիդիլ Սուլթանը, ըստ որոշ տվյալների, մի ազնվական ֆրանսուհի էր՝ ծնված Նանտում Էյմի դյու Բյուկ դը Ռիվերի անունով և, ոչ ավել ոչ պակաս, Նապոլեոն Բոնապարտի կնոջ՝ Ժոզեֆինայի զարմուհին էր: Պատմում են, որ երեխա ժամանակ ծնողների հետ դեպի Ամերիկա նավարկելիս, նավն ընկել էր ծովահենների ձեռքը: Եվ երեխան հայտնվել էր Ալժիրի ստրուկների շուկայում: Ահա այստեղ էլ նրան գնել են և, իբրև ընծա, ուղարկել օսմանյան հարեմ: Հետաքրքիր պատմություն է, որին ոչ բոլոր պատմաբաններն են հավատում, ավելի հակված լինելով Մահմուդ 2-րդի մորը՝ այսինքն Աբդուլ Համիդ 1-ինի կնոջը վրացական արմատներ վերագրելու: Փաստ է, որ օսմանյան կայսրության 36 փադիշահերից 35-ի մայրերը թուրք չէին, այլ՝ հույն, հայ, ֆրանսացի, հրեա, ռուս, սերբ, լեհ, անգլիացի...:

Մարի, 2 տարեկան
Համենայնդեպս՝ ֆրանսուհի թե վրացուհի, այս կինը սուլթանի պալատ իբրև ստրկուհի է ոտք դրել,և այն աշխարհ հեռացել իբրև սուլթանուհի՝ հորդորելով գահին բազմած իր զավակին երկիրը քաղաքակրթել à la Եվրոպա: Ահա այս զավակից էլ մեր հերոսների ապուպապը ստացել էր «աթմաճա» տիտղոսը, որ նշանակում է շահեն՝ բազե: Պակաս հայտնի չէր նաև Փառանձեմի մորական կողմը՝ շնորհիվ «Բաֆրայի նահապետ» կոչմանը արժանացած «խղճի պէս բարի, աղբիւր օրհնութեան» ավագերեց քահանա Տէր Հովհաննես Տապանեանի, որ, ասում են, ապրել է 120 տարի: Ինչևէ՝ 1907-ին, երբ Փառանձեմ Էթմէքճեանը 17 տարեկանում ամուսնացավ Միհրան Աթմաճեանի հետ, բնակվում էին արդեն Բաֆրայում՝ Սև ծովի ափին, բավական բարեկեցիկ կյանքով: Միհրանը և իր Կարապետ եղբայրը «Աթմաճեան եղբարք» ընկերությունն էին հիմնել և ապրում էին ապագայի մասին մեծ վստահությամբ: Բայց Միհրանի հմայքը ոչ այնքան փող աշխատելու տաղանդն էր, որքան Ինտրային աշակերտած և Պոլսի Պերպերեան վարժարանից ավանդված լինելն էր, նաև՝ իր բանաստեղծական ոգին:
Հովվերգական մանկության և Գողգոթայի միջև
1910–ին ծնվում է նրանց որդին՝ Գեղամը, վտվտիկ մի տղա, որին հանդարտեցնելու միակ միջոցը գիրկն առնելն ու հեքիաթ պատմելն էր: Արքայազների, իշխանների, չար, տգեղ աղջիկների, պարիկների՝ հավերժահարսերի մասին պատմությունները ոգևորում էին նրան՝ արտացոլվում իր խոշոր սեւ կրակուբոց աչքերի մեջ զարմանքի, ահի, ուրախության ձևով: Քույրը՝ Մարին, այս անմեղ նայվածքով, ժպտերես, սիրուն տղային նկարագրելիս, միայն մեկ թերություն է նշում. «ակռաները սեփսև էին ու փտած իր կերած շաքարներուն պատճառով»: Մարին իրենց Բաֆրայի կյանքից, բան չէր կարող հիշել, քանի որ 1913-ի կամ 1914-ի ծնունդ էր (իր ձեռագիր ինքնակենսագրականի տարբեր արտագրություններում, որ պահվում են Գրականության և արվեստի թանգարանում, խառնաշփոթ է այս առումով), իսկ 1915 թվականն արդեն վերջակետ դրեց ծննդավայրի հովվերգությանը, որի մասին շատ բաներ իմացավ հետո: Փոխարենը, եղբոր՝ Գեղամի մտապատկերում հստակ վերակենդանանում էին Ծաղկազարդին մեծ մոր հետ «աղւոր լաթեր հագած» եկեղեցի գնալու տեսարանը, կամ ճերմակ սավանը, որ փռվում էր Նոր տարվա գիշերը սենյակի հատակին՝ ապահովելու առաստաղից իջնող ծերուկ Կաղանդ պապուկի նվերների փափուկ վայրէջքը: Իսկ սեղանները ո՛րքան լի էին անուշեղենով և մրգերով և ի՛նչ ուրախ էր այդ տոնը և ընդհանրապես մանկությունը Բաֆրայի իրենց մեծ տանը, երբ բոլորը միասին էին՝ մեծ հայրը, մեծ մայրը, հորեղբայրները, որոնցից միայն Կարապետը 7 դուստր ուներ: Գեղամի բախտը ինչ-որ առումով բերել էր, նա գերդաստանի միակ տղա երեխան էր, ուստիև ինքն էր արժանանում մեծ հայրիկի ծնկերին նստելու պատվին: Անձրևոտ օրերին Գեղամին և գերդաստանի՝ մանկապարտեզի տարիքի մյուս երեխաներին սպասավորները ուսամբարձ էին տանում պարտեզ: Հետո Գեղամը կտեսնի, թե ինչպես է մայրը իր փոքրիկ քույրիկներին մե՛կ ուսամբարձ, մե՛կ հազիվ գրկած, իր էլ ձեռքից բռնած անցնում փախուստի աներևակայելի ճանապարհով, ինչպես են իրենք կռիվ տալիս Ալիս գետի հորձանքի հետ՝ հանդիպակած ափ՝ Թոքատ հասնելու համար: Ինչպես է այդ ճանապարհին քույրերից Շաքեն մահանում: Հայրը՝ Միհրանը և հորեղբայր Կարապետը արդեն սպանվել էին, խոշտանգվել և սպանվել էին նաև հորեղբոր կինը՝ Հայկանուշը և 3 աղջիկները՝ Հերմինեն, Վեհանուշը և Մարիցան Նուրիցա նենեի՝ Հայկանուշի մոր աչքի առաջ: Ընտանիքի հետ կատարվելիք աղետի մասին մեծ մաման նախազգացում ունեցավ այն օրը, երբ ծխնելույզից մի բու ընկավ և սատկեց բուխարու մոխիրների մեջ: 1915-ի ապրիլ 11-ին հորը տարան: Միհրանը ամեն օր աշխատանքից վերադառնում էր գրպաններում շաքար, շօքօլա կամ մի խաղալիք: Այդ օրը Գեղամը սպասեց, սպասեց... Դրանից մեկ ամիս առաջ՝ 1915-ի Մարտ 22-ին իր գեղեցիկ ձեռագրով նա մի վերջին նամակ էր ուղարկել կարիքի մեջ եղող իր ազգականուհուն՝ Սուրբ Զատիկը շնորհավորելով և 2 օսմանյան ոսկի ուղարկելով. «Գիտենք որ նեղութեան մէջ եք: Բայց կա՞յ արդեօք ապրող մէկը, որ անմասն ըլլայ սոյն աղետին...»:

Գեղամ Աթմաճեան, Կորֆու
Հակոբոս հորեղբայրը, թույնը և...
Միհրանի սպանվելուց հետո Փառանձեմին բարի մարդիկ հայտնում են սոսկալի մի գաղտնիք, այն մասին, որ, համաձայն վերևների հրամանի, «Աթմաճեան գերդաստանը մէծէն մինչև փոքրը անյապաղ պէտք է բնաջնջել ու այդ անունին յաշիւը փակել մեկ անգամ ընդմիշտ»: Եվ դա Բաֆրայի թուրք կառավարության շնորհակալությունն էր այս գերդաստանի անթիվ օգնությունների և նվիրատվությունների դիմաց: Հույն երեսփոխան՝ Էֆթիքիոս էֆենդին օգնում է Փառանձեմին իր 3 զավակների հետ փախչելու նախ Աղաջաքըշլա, որտեղից էլ ճանապարհվում են դեպի Թոքաթ: Հենց այդ փախուստի ժամանակ էլ իրենց տեղափոխող սայլը քիչ էր մնում շրջվեր, և ջրամուն լինեին Ալիս գետում: Ինչևէ ՝ հասնում են տեղ և այստեղից էլ շարունակում են ճանապարհը դեպի Ամասիա, որտեղ մի մեծ հիասթափություն էր սպսվում Փառանձեմին: Ամասիայում էր ապրում իր ամուսնու մյուս եղբայրը՝ Հակոբոսը, որ խիստ դժգոհ էր եղբոր զավակներին և կնոջը ողջ տեսնելու համար: Նրանք խափանում էին իր՝ Միհրանի հարստության միահեծան ժառանգորդը լինելու հավակնությունը: Օրական 10 ղրուշով շերամաբուծարանում աշխատելուց, անոթի օրեր անցկացնելուց և Հակոբոս Աթմաճեանի կողմից շատ գեշ վերաբերմունքի արժանանալուց հետո, Փառանձեմը ստիպված իր ողջ մնացած 2 երեխաների հետ հեռանում է Սամսոն և վերադառնում նորից Բաֆրա: Իրենց պատմությունը թղթին հանձնած ձեռագրերում, Մարին դավադրական մի թեզ է մեջտեղ բերում, թե իբր Հակոբոսենց տանը եղած ժամանակ իրենց «թեթեւ թոյն մը խառնուած կերակուր» են հրամցրել՝ ավրելով իրենց ստամոքսն ու աղիները: Խեղճ ձագուկները մահից են փրկվել մի հայ բժշկի շնորհիվ: Մինչ Աթմաճեանների տանջված ընտանիքը կվերադառնար Բաֆրա, Հակոբոսը արդեն այստեղ էր թուրք կուսակալին հայտնելու, թե իբր իր Միհրան եղբոր զավակները մեռած են աքսորի ժամանակ և ահա կան, անշուշտ նախապես կաշառված 3 հայեր, որոնք կարող են վկայություն տալ այդ մասին: Ի վերջո, Հակոբոսը հասնում է իր նպատակին՝ տիրանում եղբոր ունեցվածքին, մի փոքրիկ ագարակ թողնելով Փառանձեմի անունով: Այս տգեղ պատմությունից հետո Փառանձեմն առնում է իր զավակներին և մեկնում Պոլիս: «Մի գեղեցիկ առաւօտ մը մնաս բարով հայրենի օճախ ըսինք, տայ Աստուած որ կրկին դառնանք քու ծոցդ ու ապրինք մեր նահապետական բույնին մէջ ազատ ու երջանիկ»: Նրանց մի նոր երկար և անվերադարձ ճանապարհ էր սպասում...
Մայիսմեկյան գործադուլ. Կազմակերպիչ՝ Գեղամ Աթմաճեան
Այնպես ստացվեց, որ վերջին երկիրը, որտեղ, ի վերջո պիտի տուն դնեին, Ֆրանսիան էր: Դա չնախատեսված և անսպասելի ընտրություն էր: Բանն այն է, որ Գեղամը հայտնվեց այստեղ՝ խուսափելու համար ձերբակալությունից: Թվում էր, թե դուրս գալով Պոլսի Մխիթարեան վարժարանից, անգլիական որբանոցից, ապա՝ իտալացիների կողմից Կորֆու կղզու Ամերիկյան որբանոցի գնդակոծումից հետո հասնելով Հալեպ, այլևս կտնավորվեն այստեղ: Մանավանդ, որ մայրը՝ ուսոցչուհի Փառանձեմը, որ Բաֆրայում՝ Թարգանչաց վարժարանում ուսուցչության հոյակապ փորձառություն ուներ, արդեն անցել էր նորաբաց Կիլիկիա վարժարանում դասավանդության, իսկ ինքն էլ աշխատանք էր գտել «Պաղտատ» շոգեկառքի աշխատանոցում: Բայց Գեղամը սուսուփուս աշխատող չէր, ըմբոստ տղա էր, անարդարությունների նկատմամբ անհաշտ: Բանվորների հետ զրույց էր անում և համոզում իրենց մարդկային իրավունքներին տեր կանգնելու: Եվ 1926 մայիս 1-ին կազմակերպում է գործադուլ, բացատրում աշխատողներին, որ նրանք կարող են և պե՛տք է բողոքեն աշխատանքային և վարձատրման անարդարությունների դեմ: Բանվորները համաձայնում են աշխատանքի դուրս չգալ այդ օրը: Եվ «Բաղդատ»-ում չլսված մի բան է կատարվում՝ գործադուլ: Ոստիկանները փնտրում են կազմակերպչին, և մի արաբի մատնությամբ իմանում անունը՝ Գեղամ Աթմաճեան: «Պատանիներ էինք, մեր տարիքէն շա՛տ առաջ հասունցած, մեր մանկութեան շրջանը չապրած, արդէն ինկած՝ ապրելու կամ չապրելու, ըլլալու կամ չըլլալու ահաւո՛ր մղձաւանջին մէջ» :
.jpg)
Տիկին Փառանձեմը զավակների՝ Մարիի և Գեղամի հետ, Հալեպ
Երկու օսմանյան ոսկի և ճանապարհ դեպի Ֆրանսիա
Բախտի բերմամբ, «Մինչ այդ...Թելեմաք Պասմաճեան անուն տղայ մը, կ’որոշէ ծախել իր անցագիրը...», որով կարող էր Ամերիկա մեկնել: Մայրը՝ Փառանձեմը 2 օսմանյան ոսկիով գնում է Թելեմաքի վիզան, որով Գեղամը՝ Բեյրութով պետք է անցներ Ֆրանսիա: Հազիվ 2 տարի է, ինչ որբանոցներից դուրս գալով, ամենը միասին էին, իրար գլխի հավաքված, հիմա նորից եկավ զատվելու պահը: «Ահավասիկ վաղը կրկին կը թողում զիրենք և կը հեռանամ անծանօթ ժամանակի մը մէջ միանալու համար կրկին, եթէ մահը սակայն մեզ յաւիտեան չըբաժանէ իրարմէ...»: Դեռ որ այս անգամ մահը նրանց հավիտենապես չէր պատրաստվում բաժանել: Նա անծանոթ Ֆրանսիա տարավ 2 բան՝ իր ըմբոստ ոգին և մոր պատգամը. «Զաւակս..., մի՛ մոռնար որ մայր մը, քոյր մը կը թողուս ետեւդ: Ամչկոտ մի՛ ըլլար, ո՛չ ալ չափազանց համարձակ...մտի՛ր ամէն բանի մէջ, բայց պատւաւոր դուրս ելիր»: Եղբորը Ֆրանսիա ճանապարհելուց շատ չանցած, Մարին էլ չմնաց Հալեպում: Մոր հետ ճանապարհվեց Եթովպիա: Տիկին Փառանձեմը հրավեր էր ստացել՝ Ադիս Աբեբայի Արարատեան վարժարանի սաներին հայոց լեզու ուսուցանելու:
գլխավոր լուսանկարում՝ Աթմաճեանների և Շըվալիեների հարսանյաց հանդեսը, Օլնե սու Բուա, 1934թ.
լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից
շարունակելի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել