HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանաստեղծն ու իր քոյրը. Գեղամ (Սեմա) և Մարի Աթմաճեաններ (մաս 2)

սկիզբը

Առաջին կանգառը Ֆրանսիայում

Բանտարկությունից խուսափելով, Գեղամ Աթմաճեանը հասնում է Ֆրանսիա՝ սահմանապահներին անվրդով ցույց տալով Թելեմաք Պասմաճեան անունով իր նոր անցագիրը: Առաջին կանգառը Լիոնից մոտ 100 կմ հեռու, չնաշխարհիկ բնության մեջ թաքնված Վոգլանն էր: Շուտով աշխատանք է գտնում  հռչակավոր Անդրե Նավարի թղթագործարանում: Նավարի հայտնի թղթի տեսակների վրա գրքեր տպագրելը մեծ պատիվ էր հեղինակների կամ հրատարակչությունների համար: Անգամ 1929 թ. Շահան Շահնուրը «Նահանջը առանց երգի» հավաքորդական հատուկ օրինակները տպագրելու համար թուղթ ընտրել էր Նավարի տեսականուց: Նույնը  արել են նաև Վազգեն Շուշանեանը, Զարեհ Որբունին... Ֆրանսիայի ժողովրդին Հայոց ցեղասպանության մասին պատմող և վերապրածների հուշագրությունները ներկայացնող գիրք-ալբոմները  ևս տպագրվել են այս բարձրորակ թղթի վրա: Ահա Գեղամն աշխատում էր այստեղ՝ չմոռանալով իր և գործավորների իրավունքներին պաշտպան լինելու և նրանց «արթնացնելու» մասին:

 

Սեման Միսաք Մանուշեանի հետ.jpg (902 KB)

Սեման Միսաք Մանուշեանի հետ

Սեմա

Հալեպ-Ֆրանսիա, Ադիս Աբեբա-Ֆրանսիա ուղղությամբ առաքվող նամակները կարոտը փարատելու միակ տարբերակն էին Աթմաճեանների համար, քանի դեռ Մարին և մայրը չէին տեղափոխվել՝ վերամիավորվելու արդեն գրականությամբ հափշտակված Գեղամի հետ: Մինչ «Արևակեզ մարդկանց» երկիրը՝ Եթովպիան  լքելը, Մարին հասցրեց ճշտել եղբորից, թե ինչ սանրվածք են նախընտրում ֆրանսուհիները՝ արդյոք՝ կարճ ու նաև դժգոհեց ընտրած Սեմա գրական կեղծանունից: «Անունիս համար կըսես թէ Գեղամ անունը Սեմա-ի հետ չես փոխեր: Մառի, անունը տիտղոս չէ, այլ զգանչելի միջոց մը շատ մը իրարու նմանող «բաներ  որոշելու, զատելու:...Գեղամ շատ կայ իսկ Սեմա ես միայն»: Ցավոք ո՛չ Սեմայի , ո՛չ Մարիի թղթերի մեջ, որ պահվում են Գրականության և արվեստի թանգարանում, կարծես թե չկա այս անվան բացատրությունը և ընտրության պատճառը: Արդյո՞ք դա հունարեն «նշան»  բառն է: Գուցե Կորֆուի որբանոցի  հունական հիշողությունն է դեր խաղացել ընտրության հարցում, եւ այն, որ հենց այստեղ էր ուսուցիչ Գևորգ Կառվարենցը նկատել նրա գրական տաղանդը: Եվ այսպես՝ այլևս Ա. Սեմա անունով մեր հերոսը մտնում է գրական և հրապարակագրական  հորձանքի մեջ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, թատերգություններ՝ քնարերգականից մինչև կատակերգական ընդգրկումով և հոդվածներ՝ ազգային և ընկերային հարցերի շուրջ: Լիոնում սովորած հրաշալի ֆրանսերենով տեղափոխվում է Փարիզ: Սորբոնի համալսարանը նրան, հետո էլ քրոջը տալիս է լուրջ գիտելիք: Վոլտերը և Ռուսոն դառնում են Սեմայի հիացմունքի առարկան, իսկ Միսաք Մանուշեանը և նկարիչ Գրիգոր Պետիկեանը, որին գիտեր դեռ որբանոցից՝ իր լավագույն ընկերները: Գրիգորը իր նկարչական կտրոցով դեռ չէր սպանել իր արժանապատվությունը ոտնակոխ արած Սարգիս Նալբանդեանին՝ սիրած աղջկա՝ Վերժինի եղբորը: Ինչևէ՝ մի օր 3-ով գնում են Պանթեոն՝ Վոլտերի շիրիմին երդվելու՝ «Կա՛մ Մա՛րդ պիտի ըլլան և կամ...պիտի մեռնին... Տէ՜ր իմ, ի՛նչ բան հոգեվառած էր այս երեք նախկին որբերը, այդ աստիճան գաղափարական խռովքներու առաջնորդելու, «Մա՛րդ ըլլալ, Հա՛յ Մարդ և ողջակիզուիլ այդ գաղափարականին համար»,- գրում է Մարին:

Մ. Աթմաճեան.jpg (4.26 MB)

Մ. Աթմաճեան

«Պիծակ»ից մինչև «Ջանք» և «Մշակոյթ»

Փարիզը Մարիին և Սեմային սեր էր տալու և ասպարեզ՝ իրենց արվեստային էությունը  բացելու, դրսևորելու: Դեռ որբանոցային շրջանից հատուկ ջիղ ուներ  թերթ պատրաստելու: 1-ին փորձը արեց 13 տարեկանում՝ Կորֆուում՝ աշակերտական ձեռագիր «Պիծակ»ն էր: Թերթի վրա գրել է՝ «Զաւզակաբանութիւն», որ «նպատակ պիտի ունենայ ծիծաղ առաջ բերել տղոց շրթներուն վրայ»: Ո՛րքան կարիք ունեին արհավիրք տեսած երեխաները այդ ծիծաղի: Հիմա արդեն Փարիզում,  իր փոքրիկ կացարան-տպարանում Սեման Միսաք Մանուշեանի հետ սկսում է լույս ընծայել «Ջանք»-ը՝ նորագոյն գրողներու ամսաթերթը՝ կապարից չթունավորվելու համար անընդհատ կաթ խմելով: Եվ հենց թիվ 1-ում էլ լույս է ընծայում իր պատանեկան հրապույր Մինային նվիրված բանաստեղծությունը: Ո՞վ էր Մինան իրականում: Մարին հպանցիկ ակնարում է, թե սոսկ մուսա էր: Մինչդեռ Մինան այնքան կենդանի է Սեմայի տողերի և կարոտների մեջ: Այս հոգևոր-մշակութային գործը գլուխ բերելու և ապրել կարողանալու համար, աշխատաքի էր անցել ջեռուցման համակարգերով զբաղվող մի ընկերությունում: Այնպես որ՝ հակառակ, «աւանդական ծուլութեանը», նա գործի մեջ էր և այդ գործի ամենից հաճելի մասը իր ստեղծագործական ընթացքն էր: Տպագրական մամլիչի տակից դուրս էին գալիս «Ջանք»ի, «Մշակոյթ»ի  համարները՝ Սեման և Մարին ստեղծագործում էին, անուն վաստակում. Մարին՝ Սիպիլով տարված, Վարուժանով զորացած, Սեմայով ոգեշնչված: «Եթէ Վարուժանը չըլլար, ես չէի կրնար ըլլալ ինչ որ եմ, հետեւաբար Վարուժանը ինծի համար իմ incarnation-ըս է, ինչպէս նաև բոլոր անոնք՝ որոնց կը պարտիմ անձնաւորութեանս, մտքիս, սրտիս, խոհերուս կազմաւորումը...»՝ գրում է Մարին իր զարմիկ Եդուարդ Կիլպենկեանին: Նաև ասում, որ «Սիմպօլիզմը» իր համար կյանքը և տիեզերքը հասկնալու միջոց է: Եվ որ իր մշակութային գործունեությունը «ի յուշ» նահատակված իր հոր և հորեղբոր է, որոնք «երկուքն ալ մինչև կեանքին վերջը մեր ցեղին և մեր մշակոյթին ծառայեցին «բոլորվին անշահախնդիր և բոլորվին կամովին»:

Գեղամ Աթմաճեանը  Բաֆրայում.jpg (777 KB)

Գեղամ Աթմաճեանը Բաֆրայում
Փարիզյան Սիլվա Կ.-ն

 Երաժշտագետ Մարգարիտ Բաբաեանը, որ 1911-ին այս քաղաքում հիմնել էր  մեներգեցողության վարժարանը, բացահայտում է Մարիի երաժշտական տաղանդը, ծանոթացնում Կոմիտասի մեծ աշխարհին: Վարդապետի երաժշտական աշխատանքները շատ բարձր գնահատած, ընդհանրապես հայկական երաժշտության սիրահար Կլոդ Դեբյուսիի մտերիմ ընկեր Լուի Լալուան, ֆրանսացի հայտնի երաժիշտ Ֆլորան Շմիթը և էլի ուրիշներ Մարիին երգչուհու մեծ ապագա էին կանխորոշում: Նույնպես և՝ Արշակ Չոպանեանը, բայց Մարին գնաց գրականության գծով: Ի դեպ, Չոպանեանը Մարի Աթմաճեանին իբրև գրական և ազգային գործիչ շատ բարձր է գնահատել, նրա կշիռը բաղդատել Հայրենիքում՝ Սիլվա Կապուտիկեանի կշռի հետ: Իզուր չէ, որ Ա. Չոպանեանի մահից հետո՝ 1954-ից հե՛նց Մարի Աթմաճեանը ստանձնեց Ֆրանսահայ գրողների միության նախագահի պաշտոնը և իր գործին ծառայեց մինչև  կյանքի վերջին օրը:

Տարօրինակ խնամիական կապեր

 

Մարի և Շառլ, 1934թ..jpg (2.27 MB)

Մարի և Շառլ, 1934թ.

Փառանձեմը Օլնե սու Բուայում մի փոքրիկ պարտեզով տուն է գնում և Մարիի հետ Փարիզից  փոխադրվում այստեղ: Շուտով հայտնվում է ճարտարագետ Էթիէն Շառլ Լը Շըւալիեն՝ մի հրաշալի անձնավորություն: Հետո Աթմաճեանների տանը հայտնվում է ևս մեկ  Լը Շըվալիե՝ Շառլի քույրը՝ գեղեցկուհի Շարլօթը: Եվ, ինչպես ասել ենք արդեն վերևում, 1934 թ. Հուլիս 21-ին, ժամը 11-ին ֆրանս-հայկական  2  զույգ գրանցում են իրենց միությունը: Այնպես որ՝ հարս-տալ, փեսա-աներորդի հարաբերությունները ստանում են հետաքրքիր երանգ և ջնջվում են զոքանչ-մայրիկ, սկեսուր-մայրիկ հասկացությունների սահմանները: Գոյաբանական, դժվար և վտանգավոր ճանապարհ անցած Տիկին Փառանձեմը, որ իր զավակների և ցեղասպանությունը վերապրած ուրիշ երեխաների գիտակցության մեջ դրել էր ազգային պատկանելիության պահպանման հունդը, անշուշտ Գեղամի և Մարիի համար կերազեր հայկական ընտանիք: Չստացվեց: Սակայն, ի պատիվ Շառլի, Փառանձեմը վայելեց ֆրանսացի փեսայի հայացած ոգին և շատ երախտապարտ էր նրան, այդքան բարի և ազնիվ լինելու համար: Շառլը հայերեն սովորեց Գեղամի շնորհիվ: Երևան հասած Սեմայի թղթերի արանքում հայոց լեզվի առաջին դասերն են՝ այբբենգիմը՝ ֆրանսերեն տառադարձությամբ: Նա ծանոթացավ մեր ժողովրդի պատմությանը, ավելի գուրգուրաց իր կնոջ վրա՝ այդքան ծանր մանկություն ունեցած լինելու համար: Անգամ գրեց և հրատարակեց “Exodes et  midrations” (Արտագաղթ և միգրացիա) գիրքը հայերի մասին: Շառլը սիրում էր երկար զրուցել իր լավ հարևան, կոմպոզիտոր Ավետիս Մեսումենցի հետ, ինչպես գրում է Մարին: Ավետիսը Փարիզում, 1946-ին  հիմնել է «Սայաթ-Նովա» ազգագրական անսամբլը։ Շառլը օգնել է նաև Արմենուհի Գևոնեանին՝ ֆրանսացիներին ներկայացնելու իր հավաքած Տարոնի երգերը: Ինչ ասես չի արել ի նպաստ հայերի: Էլ չասած, Ֆրանկֆուրտի աշխատանքային ճամբարում եղած ժամանակ, որքան է օգնել հայ ռազմագերիներին և նրանցից շատերի հետ շարունակել կապ պահպանել պատերազմից հետո: Շառլը առանձնակի հարգանք և ակնածանք ուներ  տիկին Փառանձեմի հանդեպ:    

Հրեշտակ մը, որի վերջին վանկը աւելորդ է  

1980–ին մեր ֆրանսացի փեսան մահացավ՝ խոր ցավ պատճառելով կնոջը և զոքանչին, թողնելով նրանց միայնակ, ինչպես գրում է Մարին, իրենց «ապերախտ» որդու՝ Ժան- Գեղամի, նրա «կծծի, անգութ» կնոջ հետ, որ կարծես հրեայի և գնչուհու խառնուրդ էր և մի իսկական «հրեշտակ մը, որի վերջին վանկը աւելորդ է»: 1964թ.–ին Ամերիկայում բնակվող իր ազգականուհուն՝ Հրանոյշ Ճելաճեանին գրում է .«Ինծի համար զաւակիս ամուսնութիւնը և նոյնիսկ ամենասիրելի թոռնիկիս գոյութիւնը կատարեալ երջանկութիւն չըլլալէ  զատ, միշտ խղճիս վրայ բեռ ու տանջանք դարձաւ սա պատճառաւ որ հայ ըլլալէ պիտի դադրինք օր մը և միայն անուններ ու թւականներ պիտի մնան միշտ...նոյնիսկ հպարտ անգամ պիտի չըլլան անոնք  իրենց ծագումով...»: Հայաստանից դուրս հայության ձուլման, ինքնության կորստի վտանգը, արդեն իսկ փաստը ցավեցրել է շատերին: Գուցե այդ ցավն ավելի զորավոր է եղել  հայկականության մարումը ամեն կերպ կասեցնել փորձող մտավորականների համար, որոնց ընտանիքներից ներս էր արդեն նահանջը: 2 տիկիններ՝ մեկը Ֆրանսիայից, մյուսն Ամերիկայից միևնույն դառնության մասին են պատմում իրարու՝ անհետացումը իբրև հայ. «Այո, սիրելի Հրանոյշ, 1915թ. իսկապէս ողբերգական թուական եղաւ վերապրողներուս համար»: Ամերիկայում, Եվրոպայում նյութապես շատ լավ է, պատասխան նամակում գրում է Հրանոյշ, բայց «...մտածող , զգացող հայուն համար դժոխք է»: Չիկագոյից էլ Մարիի զարմուհի Արշալույսն է գրում, թե հայերը մոռանում են լեզուն, իսկ հայկականությունից միայն կերակուրներն են մնացել: Մարին Արշալույսի հետ գոնե թղթի վրա փորձում էր կազմել Աթմաճեան ցեղի տոհմածառը: Արշալույսը,դասավանդում էր Չիկագոյում և միջնադարյան բյուզանդական եկեղեցու մասնագետ էր, նաև ուսումնասիրում էր «հայկական միւռոնէն սկսեալ» մինչև հռչակավոր Ժան Պատու օծանելիքների պատրաստման գաղտնիքները: Նրա որդին էլ 2-րդ պատերազմի ժամանակ  ծառայել էր ամերիկյան զորքերում ՝«Ճաբոնի ճակատի վրայ ծովային սպայ էր...» վիրավորվել էր, բայց, փառք Աստծո, ողջ մնացել: 

 Տօլմա կը փաթթէ կաթսայիս մէջ մէկիկ մէկիկ կը շարէ...

Արշալույսի նամակներից մեկը տարօրինակ բովանդակությամբ էր, բայցև լավ առիթ էր հայկական մտածումներից մի փոքր շեղվելու. «Ռուսիոյ Ձարին մէկ աղջիկը որ ազատուած էր պահակազօրքին միջոցավ հիւանդ եւ վիրաւորուած, հոս ինծի մօտ դրացի է...»: Նամակում չի նշում որևէ անուն, հավանաբար Անաստասիայի մասին էր խոսքը, որն իբր ողջ էր մնացել հագուստի տակ՝ սեղմիրանի վրա կարված թանկարժեք քարերի շնորհիվ, որոնք զրահաբաճկոնի դեր էին կատարել: Կանխելով Մարիի թերահավատությունը, անմիջապես շարունակում է, որ Նիկոլայ 2-րդի գահակալության տարիներին Ամերիկայում Ռուսատանի դեսպանն է իրեն ծանոթացրել նրա հետ և որ շատ հաճախ արքայադստերը այցելում են «Րումանիոյ Քարօլ թագաւորին քոյրը Արքայադուստր Իլեանա», Գերմանիայի Վիլհելմ կայսրի 2-րդ կնոջ աղջիկը, «որ շատ անգամ մանչուկիս հետ թավլի կը խաղար...եւրոպա եղած ատեն սորվել է...»: Եվ շարունակում է պատմել Նիկոլայ 2-րդի, իբրև թե փրկված աղջկա մասին. «...Երեւակայէ պալատի մէջ ծնած մեծցած մէկը, շատ անգամ կը նստինք միասին խոհանոցս տօլմա կը փաթթէ կաթսայիս մէջ մէկիկ մէկիկ կը շարէ հինը նորը պատմելով... Աշխարհին ունայնութիւնը կը փաստուի աչքերուս առջեւ երբոր այս պալատականները հաւաքուին իմին համեստ տանը մէջ»: Արշալույսը գրում է, որ շուտով լույս է տեսնելու «աշխարհէն գաղտուկ» ապրող, բայց ազնվականության դրոշմը կրող արքայադստեր կյանքի պատմությունը և որ մեկ օրինակ նա անապայման կուղարկի Փարիզ՝ Մարիին: Կարծես թե  1990-ականներից սկսած, այս պատմությունը համապարփակ ուսումնասիրություններով հերքվեց , հատկապես, երբ կատարվեց ԴՆԹ քննություն, որով և Արշալույսի հարևանուհին  ինքնակոչի մեկը դուրս եկավ: Իմացավ այս մասին Մարին, չգիտենք: Իր հոգսերը իրեն լիովին բավական էին:

գլխավոր լուսանկարում՝ Մարի Աթմաճեանը

լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter